Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիճակը լարված է». Փաշինյանը վերադարձավ Սարի Թաղից եւ մանրամասներ պատմեց

Հուլիս 20,2016 01:01

Կես ժամ առաջ Խորենացի փողոցում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շրջանցիկ ճանապարհով բարձրացել է Սարի Թաղ` տեսնելու իրավիճակը. «Իսկապես բախում է տեղի ունեցել, ճանապարհին քարի ու բետոնի կտորներ էին թափված, բարիկադի նման բան էր սարքված: Բարիկադից այն կողմ մոտեցա ոստիկաներին` հեռախոսս եւ լիցքավորման սարքը ձեռքիս: Գոռում էի` «ես եմ` Աժ պատգամավոր»… բայց չէին լսում: Ասացին` «ցած դիր եւ վեր բարձրացրած ձեռքերով մոտեցիր»: Ցած դրեցի եւ վեր բարձրացրած ձեռքերով մոտեցա: Նկարագրում եմ, որ հասկանաք լարված վիճակը»:

Այնուհետեւ Փաշինյանը խոսել է ոստիկանների հետ: Ասել են` ցանկանում են հրշեջ մեքենա մոտեցնել, որպեսզի մարեն այրվող անվադողերի կրակը (դրանցով բարիկադ էին սարքել), սակայն ավելորդ լարվածություն չստեղծելու համար չեն դիմել այդ քայլին, քանի որ կրակը վտանգավոր չէ:

Ըստ Փաշինյանի` բնակիչները դժգոհել են` իրենց թաղն առել են շրջափակման մեջ. «Սարի Թաղ մուտք են գործում ոստիկաններին անձնագիրը ցույց տալուց հետո: Դժգոհ են ոստիկանների վերաբերմունքից»:

Թաղի բնակիչները պատգամավորի միջոցով Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստներին ուղերձ են փոխանցել. աջակցություն են հայտնում «Սասնա Ծռեր»-ի տղաներին: «Թաղի տղաները վանկարկում էին` «Պավլիկ-Պավլիկ»: Բնակիչները միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին»,-հայտնեց Փաշինյանը:

Անդրադառնալով բնակիչների եւ իրավապահների միջեւ տեղի ունեցած  բախմանը` նա նշեց, որ մեկ ոստիկան գլխի վնասվածք ունի:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ քիչ առաջ զրուցել է Վարուժան Ավետիսյանի հետ, վերջինս ասել է, որ ցերեկը նրանց համար բերել են ջուր եւ ինչ-որ սնունդ. «Սննդի խնդիր իսկապես կա: Հիմա կփորձեմ ոստիկանության ներկայացուցիչների հետ հարցը քննարկել: Եթե համաձայնվեն, ես պատահական տեղից սնունդ կգնեմ…»:

Պատգամավորը միացավ ակտիվիստների` իշխանություններին ուղղված պահանջին՝ հերքել կամ հաստատել` արդյոք պատրաստվո՞ւմ են ռուսական ուժերի ներգրավվածությամբ «գազային հարձակում» իրականացնել ՊՊԾ գնդի տարածքի վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031