Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գրիգորյանի «օպերային» երազանքն իրականացվում է

Հուլիս 20,2016 14:30

Շուրջ մեկ տարի առաջ՝ պաշտոնավարման առաջին օրերին, «Առավոտի» հետ զրույցում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ներկայացնելով իր ծրագրերը, առաջինը նշեց Պուչինիի «Տոսկա» օպերան, որն իրականացնելու էր ինքը, մյուսը Չայկովսկու «Եվգենի Օնեգինն» էր: Հետո վրա հասած անբուժելի հիվանդությունը խաթարեց արվեստագետի ծրագրերը:

Մեզ հասած տեղեկություններով, «Տոսկան» բեմադրելու է Նաիրե Ստեփանյանը: Այս օպերային ռեժիսորի անունը առայժմ հայտնի է միայն մասնագիտական շրջանակներում: Նշենք, որ նա 2006 թվականից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում եւ, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հայ այն փոքրաթիվ ռեժիսորներից է, որոնք ունեն նեղ մասնագիտական կրթություն, այսինքն՝ երաժշտական թատրոնի ռեժիսորի որակավորում:

Այս առիթով մեզ հետ զրույցում արվեստագետն ասաց, որ ավարտել է Թատերական արվեստի ռուսաստանյան ինստիտուտը (ԳԻՏԻՍ), անվանի մանկավարժ Ռոզետա Նեմչինսկայայի արվեստանոցը: Երեւանի ռուսական թատրոնում Նաիրեի երաժշտությամբ եւ Դմիտրի Իսաիչեւի լիբրետոյով 2005թ. բեմադրել է «Կարմիր գլխարկը» մյուզիքլը, ինչն էլ հանդիսացել է իր դիպլոմային աշխատանքը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ուսանել եւ ավարտել է նաեւ Գնեսինների ակադեմիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը, ինչը իրեն իրավունք է տալիս երբեմն հանդես գալ իբրեւ կոմպոզիտոր:

opera2

Տեսարան օպերային պատրաստվածության ամբիոնի Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից:

«ԳԻՏԻՍ-ում ուսանելու տարիներին գործնական պարապմունքներ եմ անցկացրել Մեծ թատրոնում, Բեռլինի Komische Oper-ում, ԳԻՏԻՍ-ի ուսումնական թատրոնում Ռոսինիի երաժշտությամբ բեմադրել եմ հանրահայտ «Երեք խոզուկները» ներկայացումը»,- հայտնեց ռեժիսորը:

Նաիրե Ստեփանյանին հայաստանցի հանդիսատեսը կարող է մտաբերել միայն 2013թ. տիկնիկային թատրոնում բեմադրած Շնիտկեի, Վագների, Բրուքների, Պյարտի երաժշտությամբ՝ Սելմա Լագերլեֆի «Լույսը սուրբ տիրոջ գերեզմանից» եւ Գեղագիտական դաստիարակության կենտրոնում Ստրավինսկու, Կոնչելիի երաժշտությամբ «Մի մկան պատմությունը» ներկայացումներից:

opera3

Դրվագ «Լույսը սուրբ տիրոջ գերեզմանից» բեմադրությունից:

Հետաքրքրությանը, թե շուրջ 10 տարի հանդիսանալով մեր կոնսերվատորիայի դասախոս, ինչո՞ւ որեւէ բեմադրություն չի իրականացրել Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, Նաիրե Ստեփանյանը ժպտալով ասաց. «Այդ ընթացքում կյանքիս ամենամեծ ստեղծագործություններն եմ արարել, խոսքը իմ երեք որդիների մասին է»: Տեղեկացրեց նաեւ, որ կոնսերվատորիայում աշխատելու տարիներին ուսանողների մասնակցությամբ բազմաթիվ տեսարաններ է բեմադրել համաշխարհային եւ հայ օպերային գրականության նմուշներից: Իսկ թե ինչպես եղավ, որ հենց իրեն վստահվեց «Տոսկայի» բեմադրությունը օպերային թատրոնում, արվեստագետը պատասխանեց. «Անցյալ ուսումնական տարվա ավարտին կոնսերվատորիայի ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահն էր Գեղամ Գրիգորյանը: Զրույցներից մեկի ժամանակ անվանի տենորն ու ռեժիսորն առանց մանրամասնելու ասաց, որ մտադրություն ունի թատրոնում բեմադրելու «Տոսկան», իսկ ինձ էլ առաջարկեց մտածել «Եվգենի Օնեգինի» շուրջ: Բայց Գեղամ Միհրանիչի առողջական վիճակի անսպասելի վատթարացումից հետո այլեւս չհանդիպեցի նրան: Ինչ վերաբերում է «Տոսկային», հրավերը ստացել եմ թատրոնի տնօրինության կողմից»:

Խնդրեցինք ներկայացնել՝ ո՞ր փուլում են «Տոսկայի» աշխատանքները եւ ե՞րբ է այն նախատեսվում ներկայացնել հանդիսատեսին: «Իհարկե, սկսված են նախապատրաստական աշխատանքները: Այս պահին դրանք ընթանում են թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի եւ բեմադրող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հետ, իհարկե, որոշված են նաեւ մեներգիչները, բա
յց զերծ կմնամ անուններ բարձրաձայնելուց: Բեմադրական աշխատանքներին կմասնակցի նաեւ Մոսկվայից հրավիրված լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաեւը, որն այս տարի «Ոսկե դիմակի» է արժանացել Վախթանգովի թատրոնում՝ «Վազք» ներկայացման համար»,- հայտնեց Նաիրե Ստեփանյանը: Նա հավելեց, որ ծրագրված է «Տոսկան» հանդիսատեսին ներկայացնել աշնանը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»
19.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031