Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում լույս տեսավ գրող Հենզել Եղիազարյանի «Մռայլ երկինք – Շանթահարված Երկիր» գիրքը, որը 2015թ. լույս տեսած «Վերածնության հրաշքը Ներքին Բազմաբերդում» գրքի տրամաբանական շարունակությունն է: Հեղինակի կատարած հսկայածավալ աշխատանքը լուրջ ուսումնասիրություն է բնաջնջումից մազապուրծ մի ժողովրդի, որը հետագայում ուժ ունեցավ կրկին վառել օջախի կրակը:
Հավաքագրելով բոլոր հայտնի եւ մոռացության մատնված պատմությունները՝ հեղինակը գրի է առնում գյուղը հիմնադրած՝ էրգրից գաղթած ավագների մահվան ճանապարհի դառը պատմությունները, նրանց կարոտն ու կորցրած տան մորմոքը, ամփոփում է դրանք, ներկայացնում որպես ավարտուն ստեղծագործություն: Չնայած փաստավավերագրական ժանրի ուղղվածությանը՝ ստեղծում է պոետիկ նրբերանգներով, գեղեցիկ ստեղծագործություն.
«Գոգնոց կապած մեծ կանանց շորոր պարին նմանվող ցորենի արտերի ծփանքը, հնձվորների գերանդիների սվսվոցները, սպիտակ գլխաշորերով փոցխվորների փսփսոցը, կապվորների մանգաղների ու կեմ կցող փոքրիկների ձայները, խառնվելով սլացիկ ու հպարտ կանգնած ցողունների արանքներից թռչող թռչունների արձակած ուրախ կանչերին, սփռվում են արեւաշող արտերով մեկ եւ տարածվում շուրջբոլոր: Այս զմրուխտափայլ սիմֆոնիան կարծես կյանքի ծիլերն էին, որ երկնքից ցած էին թափվել, ինչպես էրգրի մանանան»:
Գրքի սկզբում տեղի է ունենում յուրօրինակ երկխոսություն երկրի եւ երկնքի միջեւ, աշխարհի արարման երկու մասնակիցներն ու վկաները մտահոգ են իրենց արարածի ճակատագրի համար: Նոյի որդի՝ Սեմի սերնդին բախտը ծանր փորձություններ է նախատեսել, նրանք փորձում են իրենց գերբնական ուժով կանգնեցնել սպասվող արհավիրքը, բայց ավա˜ղ…
Կարդացեք նաև
Նյութի դիպաշարը կառուցվածքային առումով բավականին ամբողջական է, յուրաքանչյուր պատմություն ավարտուն է, ամփոփ ու հստակ, նկարագրությունները՝ պատկերավոր, հարուստ տիպիկ համեմատականներով, ներշնչված ազգային, զուտ հայկական կոլորիտով: Գրքի ծնունդը հեղինակի խոնարհման ու երախտագիտության խոսքն է իր նախնիներին, բոլոր նրանց, ովքեր անցնելով դժոխքի ճանապարհը՝ եկան ու վերածնվեցին «այս փոքր, կրծած հողի վրա», ու կատարվեց վերածնության հրաշքը:
Տուն առ տուն, ծուխ առ ծուխ հեղինակը հիշում է գյուղի հիմնադիրներին, գեղեցիկ ու տիպիկ համեմատականներով նկարագրում նրանցից յուրաքանչյուրի կենցաղն ու սովորույթները, ակնածանքով նշում նրանց դերակատարությունը գյուղի թե հիմնադրման, թե զարգացման ու կազմավորման գործում: Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի կորչում անհետ. սա է նյութի ենթատեքստը:
Երախտիքի եւ հպարտության զգացումը համակում է ընթերցողին, երբ ծանոթանում է այդ ազնիվ ու շիտակ մարդկանց սրտառուչ պատմություններին, նրանց բաղձալի Էրգրի նկարագրությանը. «Հայկական Տավրոսն է բաժանագիծը Մշո էրգրի ու Սասնա աշխարհի եւ այդ բաժանագծից է սկսվում Սիմսարը, որի ստորոտում է ծվարած Խութ- Բռնաշենի շրջանը՝ իր 42 գյուղով: Սրբավայրերն են Սբ. Աղբերիկ վանքը (Վանանդիր), Սբ. Կարապետ, Սբ. Մինաս եկեղեցիները»: Բոլորն էլ տեղահան եղան, մեծ մասը կոտորվեց, վիրավոր, թեւաթափ, լլկված ու արցունքոտ եկան այս փոքրիկ գյուղը՝ Ներքին Բազմաբերդ ու երդիկ սարքեցին, ծուխը նորից ծխաց դեպի երկինք, ելավ հասավ Աստծուն, իր լացն ու կսկիծը հաղորդեց նրան:
Նյութը, որին վարպետորեն տիրապետում է հեղինակը, ունի պատմական նշանակություն, արագընթաց եւ մշտափոփոխ մեր ժամանակներում դեպի մոռացություն են տարվում շատ ու շատ արժեքներ, իսկ այս պատմությունները, լինելով մեր ցավը, նույնպես արժեք են, արյամբ ու տառապանքով ստեղծված արժեք, որը պահպանել է պետք, սրբորեն: Այսօր Էրգրից գաղթած իրենց պապերի արդեն 5-րդ սերունդն է ապրում գյուղում, այս սերնդի եւ նրանց հետնորդների առաքելությունն է հավերժացնել նրանց խրատներն ու ամենակարեւորը՝ լեզուն, ազգի կենսական ամենակարեւոր օրգանը՝ խոսքը: Դրա մասին եւս հոգ է տարել հեղինակը՝ գրքի վերջում գրի առնելով բառեր ու արտահայտություններ, որոնցով մինչ օրս հաղորդակցվում են նրանց ժառանգները: Բարբառային բառարանում հավաքագրված եւ բացատրված բառերն արդեն իսկ բնորոշում են այդ մարդկանց նիստն ու կացը, բարքերն ու բարոյական արժեքները, ազգային նկարագիրը: Ժառանգականությունը հզոր ուժ է, արյան կանչը՝ անդիմադրելի, ոչ մի սուր, ոչ մի ուժ ի զորու չէ արմատախիլ անել այն ազգին, ով ունի նման գենոֆոնդ…
ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ
թատերագետ20
«Առավոտ»
19.07.2016