Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղթավայրերի հայ արվեստը լավագույնս ներկայացվեց Գդանսկում

Հուլիս 20,2016 13:00

Վերջերս Լեհաստանի Գդանսկ քաղաքի Ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայ արվեստը գաղթավայրերում» 2-րդ միջազգային գիտաժողովը: Արդեն երկրորդ անգամ, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտը եւ Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանը ձեռնամուխ են լինում հայկական գաղթավայրերի արվեստին նվիրված գիտաժողովի կազմակերպմանը:

ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, ինչպես նաեւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորության շնորհիվ ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի հինգ անդամներ կարողացան մեկնել Գդանսկ եւ մասնակցել այս կարեւոր ձեռնարկին:

Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Գդանսկի հայ համայնքի ղեկավար, նկարիչ Գագիկ Պարսամյանը, Գդանսկի Ազգային թանգարանի տնօրեն Վոյչեխ Բոնիսլավսկին, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Յեժի Մալինովսկին, ինչպես նաեւ գիտաժողովի գլխավոր կազմակերպիչ եւ համակարգող, Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վալդեմար Դելուգան:

Բացման խոսքերում բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին հայ-լեհական մշակութային հարաբերությունների զարգացման եւ գիտաժողովի կազմակերպման կարեւորությունը:
Գիտաժողովին հանդես եկան թվով 17 գիտնականներ՝ ԱՄՆ-ից, Սերբիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Հունաստանից, Հունգարիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, որոնք արծարծեցին հայ արվեստին նվիրված ամենատարբեր հարցեր:
Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լ. Չուգասզյանի զեկուցումը վերաբերում էր 1197թ. Կիլիկիայում ստեղծված եւ այժմ Լեհաստանի ազգային գրադարանում պահվող «Լվովի ավետարանի» գեղարվեստական ձեւավորման առանձնահատկություններին եւ, մասնավորապես, լուսանցազարդերին: Պարոն Չուգասզյանը համեմատական հարուստ նյութի հիման վրա ներկայացնում էր լուսանցազարդերի գեղարվեստական առնչությունները եւ զուգահեռները միջերկրածովյան երկրների գեղարվեստական հուշարձանների հետ:

ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի հայցորդ Ի. Դանիելյանը գիտաժողովին ներկայացրեց Նոր Ջուղայի նկարազարդ ձեռագրերի հավաքածուն եւ Կիրակոս Թավրիզեցու 1330թ. Ավետարանը՝ վեր հանելով հայ եւ իսլամական արվեստների փոխազդեցությունները: Այս զեկուցումը Ի. Դանիելյանի՝ վերջերս Նոր Ջուղա կատարած գիտական այցի ընթացքում ձեռք բերված նյութերի ուսումնասիրության արդյունքն էր:
Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի եւ Մոնպելյեի Պոլ Վալերի համալսարանի ասպիրանտ Էմմա Չուգասզյանի զեկուցումը նվիրված էր Հեթում 2-րդի Ճաշոցի լուսանցազարդում պատկերված «Դանիելի տեսիլքը» տեսարանի, հայկական մանրանկարչության ու պարսկական սեֆեւյան շրջանի արվեստի աղերսներին:
Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանի զեկուցումը 18-րդ դարի վերջին եւ 19-րդ դարում Ռումինիայի Գեռլա (Հայաքաղաք-Արմենոպոլիս) քաղաքում ապրած եւ ստեղծագործած խոշոր ռումինահայ մտավորական Զաքարիա Գաբրուշյանի ձեռագիր ժառանգության մասին էր: Իր ելույթի հիմք հանդիսացող նյութերը Լ. Սարգսյանը հավաքել էր Ռումինիայում հայկական մանրանկարչության եւ տպագիր գրքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու ընթացքում:
Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանի զեկուցումը վերաբերում էր Բուխարեստի (Ռումինիա) հայկական թանգարանի արծաթե կազմերի հավաքածուին, որոնք ներկայացվեցին առաջին անգամ: Մ. Վարդանյանը մի քանի տարի շարունակ ուսումնասիրել է Բուխարեստի հայկական թանգարանի եւ եկեղեցու, ինչպես նաեւ Ռումինիայի մյուս երբեմնի հայաշատ քաղաքներում պահվող արծաթե նմուշների հավաքածուները:

Գիտաժողովի ներկայացված բոլոր զեկուցումները կհրատարկվեն Series Byzantina հոդվածների ժողովածուի հերթական հատորում:
Գիտաժողովը տեւեց երեք օր, որի ընթացքում կազմակերպվեց այցելություն Գդանսկի հայկական կաթողիկե Սբ. Պողոս եւ Պետրոս եկեղեցին: Այն կառուցվել է 1393-1516 թթ. եւ հանդիսանում է քաղաքի ամենամեծ գոթական եկեղեցիներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եկեղեցին ռմբակոծվել, ապա հրդեհվել է: Վերականգնման աշխատանքները սկսվել են միայն 1976թ. եւ ավարտվել 2000թ.: Բոլորովին վերջերս եկեղեցու բակում տեղադրվել է Հայաստանից բերված մի խաչքար, որը ներկայիս փոքրաթիվ հայկական համայնքի համախմբման եւ հանդիպման սիրելի վայրն է դարձել:

«Հայկական գաղթօջախների արվեստը» գիտաժողովը շարունակական բնույթ է կրում, եւ հետագայում էլ Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտը եւ Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանը մտադիր են պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:

 
ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ Հայ արվեստի
պատմության եւ տեսության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դասախոս

 

«Առավոտ»
19.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031