«Արվեստագետների փոխանակման այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները հնարավորություն են ստանում իրենց երկրից դուրս գտնվել վեց ամիս շարունակ և այդ ամիսների ընթացքում ստեղծագործել, նախապատրաստել անհատական ցուցահանդես՝ այլ երկրում»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստագետների փոխանակման ծրագրի մասին ասաց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:
«Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Բազել, Շվեյցարիա) և Ֆրայբուրգի քաղաքապետարանի (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս, Գերմանիա) հետ համագործակցությամբ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն այս տարվա հունվարի 15-ից իրականացնում է արվեստագետների փոխանակման «Արվեստագետների կացարան» միջազգային ծրագիրը։ Նպատակն է զարգացնել միջմշակութային կապեր Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջև, ապահովել նպաստավոր պայմաններ երեք երկրների արվեստագետների փոխադարձ շփումների համար, ստեղծել նոր հարթակներ ցուցադրությունների համար։
Հայաստանից արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի առաջին փուլին մասնակցել է նկարիչ Արման Վահանյանը: Հունվար-հուլիս ամիսներին արվեստագետը Ֆրայբուրգ քաղաքի հյուրն է եղել, ապրել և ստեղծագործել “L6” արվեստանոց-կացարանում։
Հարավային Բադեն երկրամասի Նկարիչների միությունում կայացել է Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը Գերմանիա կատարած այցն արդյունավետ է համարում:
Կարդացեք նաև
«Ինձ համար այնտեղ ամեն ինչ նոր էր թե նյութի, թե մոտեցման առումով։ Կատարել եմ վեց մեծակտավ աշխատանք յուղաներկով՝ հիմնականում վերացական ոճի մեջ:
Առաջին երկու աշխատանքները հայաստանյան իրականության իներցիա էին, հետո հասկացա, որ այն նշանային համակարգը, որն ստեղծել էի ինձ համար Հայաստանում, արդեն չի գործում: Փորձեցի գտնել նոր սիմվոլներ, նշաններ, ինչն ի զարմանս ինձ շատ հետաքրքրեց գերմանացի հանդիսատեսին»,- նշեց Արման Վահանյանը։
Առաջին ցուցահանդեսից հետո նկարչին առաջարկել են ևս մեկ ցուցահանդեսով հանդես գալ։ Շվեյցարական Արլեսհայմ քաղաքում բացվել է «Մեկնարկ / Արվեստի երկխոսություն. ցուցահանդեսային շարք N 1» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են եղել Վահանյանի և շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի աշխատանքները։
«Արվեստագետների կացարան» միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը, ով 6 ամիս ապրելու և ստեղծագործելու է մեր երկրում: Հայցմանը նոյեմբերին Երևանում կներկայացնի իր անհատական ցուցահանդեսը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ