Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ լարված իրավիճակ էր Խորենացի փողոցում: Ներկաները պնդում էին, որ կրակոցի ձայներ են լսել, սակայն պարզվեց, որ զինված հարձակում իրականացրած անձինք օդ են կրակել՝ ի պաշտպանություն ցուցարարների:
Այդ իրավիճակից հետո Խորենացի փողոց եկավ նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ զրուցել է Վարուժան Ավետիսյանի հետ: Վերջինս ասել է, որ կրակոցները բախման արդյունքում չեն եղել. կրակել են՝ բողոքելով այն հանգամանքի դեմ, որ ոստիկանները փորձում են ցուցարարների նկատմամբ ուժ կիրառել:
Պատգամավորը կոչ արեց չճշտված լուրեր չտարածել, քանի որ, երբ ինքը եկել է Խորենացի փողոց, արդեն վիրավորների մասին էին խոսում. «Ասում են՝ շտապօգնության մեքենայով մարդ են տարել: Հնարավոր է, որ շրջակայքից մարդ է վատացել, տարել են:
Վարուժան Ավետիսյանն ինձ ասաց, որ իրենք օդ են կրակել, ուրիշի վրա չեն կրակել, ոստիկաններն էլ իրենց վրա չեն կրակել: Եթե իրար վրա չեն կրակել, վիրավոր որտեղի՞ց պետք է լինի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյոք պատգամավորը տեղյա՞կ է բանակցությունների ընթացքից, նա պատասխանեց, որ տեղյակ չէ ու ընդհանրապես տեղյակ չէ՝ բանակցություններ տեղի ունենո՞ւմ են, թե՞ ոչ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ