Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանությունը խուզարկություն է կատարել Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանի տանը:
Տերյան 23 շենքի բնակիչներին քննչական գործողությունների ընթացքում երկու հարց էր անհանգստացնում՝ թե ինչ է կատարվում Գերավետյանի տանը եւ ինչպես է Ջիվան պապը:
Ջիվան պապը՝ Ջիվան Միքայելյանն է Վարդան Գերավետյանի 75-ամյա հարեւանը, որը չնայած առողջական խնդիրներին պատրաստականություն էր հայտնել որպես ընթերակա մասնակցել գործողություններին: Քննչական գործողությունների ընթացքում նրա աղջիկը մի քանի անգամ զանգահարեց Ռուսաստանի Դաշնությունից, խնդրեցին հեռախոսը փոխանցել ոստիկաններին, սակայն վերջիններս դուռը չէին բացում: Դուռը բացվեց միայն այն ժամանակ, երբ Ջիվան Միքայելյանի աղջկա ընկերուհին խնդրեց ոստիկաններին նրան փոխանցել իր դեղերը:
Կարդացեք նաև
Քննչական գործողությունների ավարտից հետո Ջիվան Միքայելյանը լրագրողներին ներկայացրեց կատարվածը:
«Շները հաչացին՝ ասացի՝ ի՞նչ է պատահել: Նայեմ տեսնեմ՝ 4-5 հոգի հավաքվել են, բա Վարդանի տունն ենք ուզում բացել: Ասացի՝ Վարդանը տանը չի, շուտվանից չեմ տեսել, մի շաբաթ կլինի, որ չեմ տեսել Վարդանին»,- պատմեց նա:
Ջիվան Միքայելյանը նշեց, որ չի ցանկացել, որ ոստիկանները դուռը բացեն, սակայն, նրան ասել են, որ իր թույլ տալով չէ: Հարցին, թե ի՞նչ էին փնտրում ներսում, նա պատասխանեց. «Ավտոմատ, պիստոլետ, փամփուշտ»: Ճշտող հարցին, թե իրենք են այդպես ասել, Ջիվան Միքայելյանը պատասխանեց, որ ոչ, ինքն է այդպես կարծում. «Ամբողջ տունը քանդեցին: Ավիրել են տունը, գողն այդպես չի ավիրի»:
«Քաղցած էի, ասացին չես կարող դուրս գալ, չի՛ կարելի: Ասացի, դուռը բաց, մտնեմ հաց վերցնեմ գամ, չէ՛ ասաց»,- պատմեց նա:
Հարցին, թե ոստիկանները ի՞նչ տարան տնից, Ջիվան Միքայելյանը պատասխանեց. «7 հատ հեռախոս, 1 wi fi սարք, թղթեր էին: Իրանց ուզած բանը չկար»:
Հարցազրույցի ավարտին պարոն Միքայելյանը հուզվեց. նա արցունքներով հիշեց, որ Վարդան Գերավետյանը իրենց եւ մի շարք այլ շենքերի քանդման դեմ էր պայքարում. «Մեր շենքի բոլոր բնակիչները հարգում են նրան»:
Ամի ՉԻՉԱԿԱՅԱՆ