Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտից ոստիկանները քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի տանը քննչական գործողություններ են կատարում:
Շուտով Տերյան 23 եկավ Լիանա Գյոզալյանը, որը ներկայացավ որպես Վարդան Գերավետյանի ընկեր: Նա նշեց, որ մամուլից է ներկայացել, որ ոստիկանները կոտրել են Գերավետյանի բնակարանի դուռը եւ շտապել էր դեպքի վայր: Լիանա Գյոզալյանը լրագրողներին հայտնեց, որ 3 օր է չի կարողանում կապվել Վարդան Գերավետյանի հետ:
«Ոչ մեկ ցույց չի տալիս, թե ինչի համար է արվել, ի դեպ Վարդանն էլ Հայաստանի քաղաքացի չէ, Ռուսաստանի քաղաքացի է, այլ պետության քաղաքացու բնակարան են մտել»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Լիանա Գյոզալյանը տեսնելով, որ ոստիկանները չեն պատասխանում իր հարցերին զանգահարեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Մոտ մեկ ժամից ՄԻՊ արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանը եկավ դեպքի վայր: Նա ոստիկանների հետ զրուցելուց հետո ասաց, որ, քանի որ բնակարանի սեփականատերը տանը չի եղել, ոստիկանությունը վարչական շրջանի ներկայացուցիչ է եղել բնակարան մուտք գործելու ժամանակ: ՄԻՊ ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ խուզարկություն կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են:
Շուտով Գերավետյանի բնակարանից դուրս եկան ոստիկանները: Նրանք բնակարանից տարան մի տոպրակ եւ չմանրամասնեցին, թե ինչ են փնտրել, ինչ են գտել եւ ընդհանրապես որտեղ է Վարդան Գերավետյանը: Գերավետյանի բնակարանի դուռը զոդեցին եւ կնքեցին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ