Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյանը մի խումբ մտավորականների եւ ազատամարտիկների հետ կարող է հանդիսանալ միջնորդ կողմ

Հուլիս 19,2016 17:45

«Ձեր կարծիքով` Պավլիկ Մանուկյանի ամեն ինչը ի՞նչ աստիճանի պետք է ցավեցրած լինեին, որ նա պատրաստ լինի ոչ միայն իր, այլեւ որդու կյանքը դնել զոհասեղանին: Մի՞թե իշխանությունները ոչ մի թերություն չունեն»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով սոցցանցերում «Սասնա ծռեր»-ի տարածած վերջին տեսանյութը` ասաց ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը:

Անդրադառնալով Էրեբունիում «Սասնա Ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զինված հարձակման եւ իրավապահների պատանդառություն դեպքին` նա կարծիք հայտնեց, որ թե իրավապահները, եւ թե «Սասնա Ծռերն» ընդհանուր լուծում գտնելու համար պետք է վերանայեն իրենց կարծր դիրքորոշումը. «Եթե ինչ-որ բան արվում է ժողովրդի համար, պետք է մտածել եւ ժողովրդի, եւ երկրի ու պետականության մասին: Պահանջները պետք է լինեն հնարավորության սահմաններում: Պետք է նպաստել արյունահեղության կանխմանը: Իշխանությունները կարող են գնալ մինչեւ վերջ խմբին ոչնչացնելու ճանապարհով, իսկ նրանք էլ կարող են կարծր դիրքորոշում ունենալ` մինչեւ վերջ չհանձնվել եւ կռվել, եւ երկու կողմից բազում զոհեր կլինեն: Բայց եթե երկու կողմի համար անգամ իրենց կյանքը չի թանկ եւ պատրաստ են այն դնել զոհասեղանին, ապա պետք է մտածեն այն մասին, թե դրանից որքանո՞վ է շահելու հասարակությունը եւ երկրի ապագան: Սա շատ ավելի կարեւոր է: Հասարակությունը դուրս կգա՞ եւ ե՞րբ դուրս կգա այդ նոր սպանդից: Ե՞րբ կկարողանանք դուրս գալ նոր «Մարտի մեկից» եւ «Հոկտեմբերի 27-ից»:

Գագիկ Գինոսյանի համոզմամբ, եթե իշխանությունները չգնան զիջումների, նույն կերպ կվարվեն նաեւ «Սասնա Ծռեր»-ը, ուստի զիջումը պետք է լինի երկկողմանի բարի կամքի դրսեւորում, երկու կողմերն էլ պետք է ընդառաջ քայլ կատարեն:

Ըստ Գինոսյանի` իշխանությունների քայլերը պետք է հետեւյալը լինեն. պետք է պաշտոնապես հայտարարեն, որ Արցախի խնդրի շուրջ իրենց կողմից «անվտանգության գոտի» կամ «ազատագրված տարածք» անվանվող հողերը հանձնելու մասին ոչ մի խոսք չի լինելու. «Նման հայտարարության դեպքում լարված իրավիճակը կմեղմվի»: Բացի այդ, դատաիրավական ոլորտի բարեփոխումներ պետք է իրականացնեն. «Շատ ոլորտներում լուրջ բացթողումներ կան, որոնց մասին բարձրաձայնում է այն խումբը, որը գնացել է այդ գործողությանը: Եթե իշխանությունները չգնան փոփոխությունների, ի՞նչ ունեն կորցնելու այն տղաները, որոնք գտնվում են ներսում: Ակնկալել, որ նրանք միակողմանի զիջումների կգնան եւ վայր կդնեն զենքերը, մանկամտություն է»:

Հաջորդ քայլը, ըստ մեր զրուցակցի, «Սասնա ծռերի» կողմից քաղբանտարկյալներ հայտարարվող տղաների ազատ արձակումն է. «Նրանց բանտարկության պատճառները հստակ չեն եւ այնքան էլ քրեական չեն»:

Գագիկ Գինոսյանը համոզված է, որ երկխոսության հնարավորությունները չի կարելի հեռացնել ու կարծրացնել` «տեռորիստ», եւ միեւնույն ժամանակ` իշխանություններին ուղղված ամենավերջին բառերով. «Այդպես արտահայտվողներն ավելի են նպաստում «էսկալացիային», ավելի են սրում դրությունը: Նժդեհն ասել է` «նզովյալ լինի նա, ով չի հասկանում այն մարդուն, ով խոսում է հայրենիքի համար ստացած վերքերի լեզվով»: Մարդիկ հայրենիքի համար իրենց առողջությունն են վտանգել, արյուն թափել, ընկերներ կորցրել, պատերազմից տասնամյակներ անց չունեն ունեցվածք եւ ելել են ընդդեմ նրանց, ովքեր ունեն բազմամիլիոնանոց վիլլաներ, օֆշորներ…չհասկանալ այդ մարդկանց սրտացավությունը, նրանց կոչել «տեռորիստներ» եւ «անմեղ գառներ»` «էսկալացիայի» բերող մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ նրանց ընդվզումը, հուսահատության ճիչը…Այս գործողությունը կարելի է հուսահատության ճիչ անվանել: Այլ է խնդիրը` դա ճի՞շտ լուծում է, թե ոչ»:

Գինոսյանը նաեւ հայտնեց, որ մի խումբ մտավորականների եւ ազատամարտիկների հետ կարող է հանդիսանալ միջնորդ կողմ` երկու կողմի դիրքորոշումներն ընդհանուր հայտարարի բերելու նպատակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031