Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենահրաշալի գաղափարն անգամ արժեք չունի, եթե մարդ պետք է զոհվի». Ռուբեն Բաբայան

Հուլիս 19,2016 16:47

«Մենք հաճախ պայքարում ենք հետևանքների դեմ՝ փորձելով ճնշել, վերացնել դրանք, բայց երբ պատճառները չենք վերացնում, սպառնալիքը միշտ մնում է, մանավանդ որ ագրեսիվությունը մեր հասարակության մեջ ահագնացող տեմպերով դնում է իր արմատները»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը:

Արվեստագետը չի կարող արդարացնել այս արարքը, քանի որ արդյունքում մարդ է սպանվել։

«Մարդասպանությունը հարց չի լուծում,- ընդգծեց նա.- ամենապայծառ, ամենահրաշալի գաղափարն անգամ արժեք չունի, եթե մարդ պետք է զոհվի: Մարդկանց առաջ տանողը գաղափարները չեն, այլ միջոցները, որոնցով իրականացվում են այդ գաղափարները: Եթե իրագործվում են դաժան, արյան միջոցով, գաղափարը սնանկանում է»:

Բաբայանի համոզմամբ՝ այստեղ շատ անելիքներ ունի իշխանությունը. «Չի կարելի բերել եզրին հասցնել: Երբ կատվին անկյուն ես տանում, հետո չպետք է զարմանաս, որ նա ցատկում է ու ճանկռում… Պետք է թողնես օրինական, ժողովրդավարական ձևով երկրում բարեփոխումներ կատարվեն, իշխանափոխություն լինի, որպեսզի որևէ մեկն իրավունք չունենա ասելու՝ բոլոր ճանապարհները փակ են, բա ի՞նչ անենք»:

Շատ բաներ էլ հասարակությունից են կախված. «Հասարակությունը չպետք է ծափերով ողջունի այն գործելաոճը, որը հանգեցնում է մարդկային կյանքի կորստի: Անընդունելի է, որ այս պարագայում որոշ մարդիկ արդարացնում են տեղի ունեցած մարդասպանությունը: Այն ատելությունը, որ սերմանում ենք մեր սրտերում, ծայրահեղություն է ծնում, մեր դեմ է գալիս: Սրանով քայլ առ քայլ գնում ենք դեպի քաղաքացիական պատերազմ»,- կարծում է Բաբայանը:

«Կան արարքներ, որոնք աշխարհը գնահատում է բացասական, սակայն հայերը գնահատում են դրական, հայրենասիրական»,- նկատեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Որոշ հարցերի, հատկապես ահաբեկչությանը, աշխարհը նույն գնահատականն ունի ու չի ընկալի, եթե ասենք՝ մենք որևէ քաղաքական կամ հայրենասիրական գործ պետք է ահաբեկչությամբ լուծենք, չի ընկալի, եթե ասենք՝ մերը հայրենասիրական, գաղափարախոսական ահաբեկչություն է: Ագրեսիաներն արդարացնելը մեծ չարիք է մեր ապագայի համար»,- ընդգծեց Միլիտոնյանը և հորդորեց զինված խմբի անդամներին հանձնել զենքերը՝ չվտանգելով իրենց և ուրիշների կյանքը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031