Հուլիսի 19-24-ն Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը հաշմանդամություն ունեցող 22 երեխայի, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի անապահով ու բազմազավակ ընտանիքների շուրջ 40 մանուկների համար Սևանա լճի ափին կազմակերպել է ճամբար: Ճամբարում երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ կմասնակցեն նաև հոգևոր թեմաներով զրույցների: Յուրաքանչյուրը կսովորի իր ընկերոջ հանդեպ պատասխանատու լինել՝ օգնել տեսողության, հենաշարժողական համակարգի կամ այլ տեսակի խնդիրներ ունեցող երեխաներին լողալ, մասնակցել խաղերին և այլն:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս ճամբարը կազմակերպվում է արդեն հինգերորդ անգամ, որին համայնքի անդամների հետ մշտապես մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանին ու երեցկին Անահիտին ճամբարի կազմակերպման հարցում օգնում են համայնքի և երիտասարդաց միության անդամները:
Կարդացեք նաև
Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաների հետ աշխատանքն ամառային ճամբարով չի սահմանափակվում: Ամբողջ տարվա ընթացքում այն Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայնքների ուշադրության կենտրոնում է: Երիտասարդաց և տիկնանց միությունները քահանաների հետ ամեն շաբաթ այցելում են նրանց՝ տանելով անհրաժեշտ պարագաներ՝ հագուստ, սնունդ, խնամքի միջոցներ: Երեխաների համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ուրախ երեկոներ Երևանի մանկական ժամանցի կենտրոններում:
Այստեղից երկու երեխա իր ընտանիքն է վերագտել Տեր Գրիգորի ընտանիքում` Հովհաննեսն ու Հուսիկը որդեգրվել ու ձեռք են բերել հայր ու մայր:
Անցած շաբաթ էլ Տեր Գիրգորի ձեռամբ այդ մանկատան 12 սան մկրտվեց` դառնալով քրիստոնյա մեծ ընտանիքի անդամ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին