Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկանները բերման ենթարկվածներին ստիպում էին ոստիկանների կոշիկները համբուրել». (տեսանյութ)

Հուլիս 19,2016 16:12

Վերջին օրերին բերման ենթարկելիս ակտիվիստներին ոչ թե ոստիկանության բաժիններ են տարել, այլ ՀՀ ոստիկանության զորքերի զորամաս:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, սա «նոնսենս» համարեց ու հավելեց. «Ապշած էի, երբ դա ինձ ասացին: Արգենտինայի հայտնի դեպքերի օրինակն է, երբ տանում փակում էին բոլոր ակտիվիստներին ինչ-որ մարզադաշտում, կեսին էլ կոտորում»:

Դանիել Իոաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե քաղաքացիներին բաժիններում երեք ժամից ավելի են պահել, մեկին 10 ժամից ավել են պահել, Աշտարակում եղավ մի դեպք, երբ մեկ օրից ավել են մարդուն պահել, կամ բաժին են տարել հարազատներին, զգուշացրել ներկայանալ բաժին, որ բաց թողնեն մորն ու քրոջը: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ երեկ ժամը 19. 30-ից հետո, երբ բերման էին ենթարկում ակտիվիստներին, տանում էին Դավթաշենում տեղակայված զորամաս:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դատելով բերման ենթարկվածների պատմածներից ու հաշվարկներից` այս օրերին 150-200 հոգի միայն Երևանում է բերման ենթարկվել. «10/33 զորամասում մարդիկ իրար հաշվել էին` 102-106 մարդ: Բերման ենթարկվածների պատմելով` 10/33 զորամասում կոնցլագերային պայմաններ էին, բոլորին մեկ դահլիճ էին լցրել, չէին կերակրում, ռազմագերիի կարգավիճակ ունեին, ոմանց, որոնց նկատմամբ ոստիկանները հին հաշիվներ ունեին, դուրս էին հանում դահլիճից, ծեծում ու հետ էին բերում դահլիճ»:

Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին ու Անդրանիկ Ասլանյանին, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Դավիթին այնքան էին ծեծել, որ ուղեղի ցնցում էր ստացել: Դրանից բացի տղաների պատմելով իրենց ամեն կերպ փորձում էին ստորացնել, ստիպում էին, որ տղաները ոստիկանների կոշիկները համբուրեն, թքում էին տղաների վրա, հայհոյանքների մասին ուղղակի անիմաստ է խոսել, ու դա ողջ ճանապարհին` Ազատության հրապարակից մինչև Դավթաշեն»:

Դառնալով ծեծող ոստիկաններից մեկի այն ակնարկին, թե «ձեր լավ ժամանակները պրծան, հին ժամանակները եկան, սրանից հետո սենց է լինելու», Դանիել Իոաննիսյանն ասաց. «Այն բոլոր բարեփոխումները, որոնց մասին ոստիկանությունը խոսում էր, դրանք այլև չեն գործում: Ենթադրում եմ, որ ոստիկաններին հրահանգ է իջեցված: Եթե անգամ համեմատենք անցյալ տարվա հունիսի հետ, 2013-ի հետ, ապա անհամեմատ փոփոխություն է: Որ մարդուն այնքան ծեծեն, որ ուղեղի ցնցում ստանա, ստորացնեն, ստիպեն, որ կոշիկ համբուրի, նման բան վերջին տարիներին ուղղակի չի եղել:

Հնչած տեղեկությունների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել է. «Եվ այս ամենը՝ առանց որևէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ-որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Այս «մոտավորությունը» զարմանալի է հատկապես այն առումով, որ հիշյալները նախկինում միշտ հականե-հանվանե են անդրադարձել իրենց պաշտպանյալներին: Այսօր այդպես չէ, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրողությունները շահարկվում են:

Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման «սիրողական» ու փակուղային գործելակերպից:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ:

Եթե իսկապես ցանկանում եք պարզվի իրականությունը, և հնարավոր մեղավորները պատժվեն, աջակցեք քննությանը՝ դիմեք ոստիկանություն: Դժվարություն ծագելու դեպքում զանգահարեք ինձ կամ տեղեկություն տվեք սոցցանցերով:

Սա է իրողությունների ճշմարիտ պատկերը ստանալու ճանապարհը, իսկ հակառակ դեպքում, կրկնում եմ, ստիպված կլինենք կարծել, որ այս ամենը պրիմիտիվ ու ինֆանտիլ փորձեր են՝ ոստիկանությունը թիրախավորված անվանարկելու և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031