Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նրանք, ովքեր «Սասնա Ծռերին» ահաբեկիչներ են ասում, գրոհի համար ֆոն են ստեղծում». Փաշինյան

Հուլիս 19,2016 15:21

«Երեկ արդեն ասացի, եթե բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սեֆիլյանն է, այստեղ կա բովանդակային մի պրոբլեմ, նա չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային, եւ այդ առումով, որքանով կարող է այդ պրոցեսը խնդրի բերումով համարվել բանակցություն, դա մի քիչ այլ գնահատականի հարց է»,- Էրեբունի վարչական շրջանում պարեկապահակային ծառայության գնդի «Սասնա Ծռեր» ջոկատի կողմից գրավված տարածքի մոտ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունի:

Փաշինյանի՝ խնդրի լուծման շուրջ պատկերացումն, ինչպես մշտապես ասել է եւ այսօր էլ կրկնեց, հանրությունը, քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուժային լուծումները բացառեն:

Պատգամավորն այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկել է խորհրդարանական որեւէ ձեւաչափով խնդիրը քննարկել. «Բայց ինձ անհանգստացնում է այն, որ իրադարձության զարգացման տեսլականի մասին խոսում են ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը: Գիտեք, եթե մենք այս իրավիճակը գնահատենք քրեական օրենսգիրք բացելով ու որեւէ հոդված ցիտելով, նշանակում է մենք իրավիճակի դրդապատճառները ճիշտ չենք գնահատում: Ինձ համար ընդունելի չէ, որ «Սասնա ծռերի» անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ահաբեկիչ: Սա նշանակում է՝ ուղղակի շփում կամ առնչություն չունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ»:

Որպես այս խոսքերի հիմնավորում Փաշինյանն ասաց, որ այսօր ՀՀ քաղաքացիների մի զգալի մասի հետ զրուցելիս կարծիք է հնչում՝ «Ա, ի՞նչ եք խոսում, պետք է զենքը վերցնել ու գնալ»: «Նշանակում է՝ ՀՀ քաղաքացիների մի զգալի մաս դարձել է ահաբեկիչ, եւ Սերժ Սարգսյանն իր գործունեության ընթացքում ունի շատ կոնկրետ արդյունք՝ ՀՀ քաղաքական հարցերի լուծման վերաբերյալ քաղաքացիների մի հսկայական զանգված պատկերացում ունի խնդրի ուժային լուծման: Այդ քաղաքական գործիչները, որ ահաբեկչություն են ասում, մի անգամ չտեսանք, որ իշխանական կոռուպցիայի կամ իշխանավորների հանցագործություններին անդրադառնան: Հիմա սապոնվելու առիթ է, որոշել են ամբողջ ներուժն օգտագործել»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է՝ ԱԺ-ում խնդրի քննարկման մասին Փաշինյանի առաջարկին, ապա վերջինս ասաց, որ Գալուստ Սահակյանն այնքան էլ ոգեւորված չէր այդ գաղափարով, բայց խոստացել է մտածել, չնայած մինչեւ այս պահը արձագանք չի եղել:

«Ինչպես հասկանում ենք, իշխանությունների համար միակ ընդունելի տարբերակը ավտոմատներով ներս մտնելն է որեւէ տեղ: Բայց կարծում եմ այս պահվածքը… Հունան Պողոսյանը մեկնաբանում է, բայց կասկածում եմ, որ Հունան Պողոսյանը կամ ԱԱԾ-ն ի վիճակի են գնահատել խնդրի քաղաքական կոնտեքստը»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ գրավոր հարցում է ուղարկել համապատասխան մարմիններին՝ թե ի՞նչ իրավունքով են ավելի քան 100 քաղաքացու տարել ու փակել ներքին զորքերի զորամասում. «Սա լրիվ ուրիշ գործողություն է»:

Գրոհի հավանականության մասին էլ Փաշինյանն ասաց, որ այն բերելու է երկուստեք զոհերի. «Չմոռանանք, այնտեղ մարդիկ են, որոնք մարտական ուղի են անցել ղարաբաղյան պատերազմում: Չեմ կարծում արնահեղությունը խնդիրը լուծելու է, այլ ոչ թե սրելու»:

Սեֆիլյանի հետ տեսակցության մասին էլ ասաց, որ գրավոր հարցում է ուղարկել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցություններն արգելելու ուղղությամբ:

Բանակցությունների վերաբերյալ էլ պատգամավորն ասաց, որ եթե անգամ բանակցում են, ապա հայտնի չէ, թե ինչ խոսակցություն է գնում. «Ի վերջո, «Սասնա Ծռերն» էլ փակված է այնտեղ»:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նրանք, ովքեր «Սասնա Ծռերի» անդամներին ասում են ահաբեկիչներ, նրանք ֆոն են ստեղծում գրոհի համար. «Կարծում եմ ՀՀ քաղաքական գործիչները, մտավորականները մի խնդիր պետք է ձեւակերպեն՝ ի՞նչ անել արնահեղությունը կանխելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մի բուռ ազգ says:

    Արնահեղություն սկսող կողմը, հայ չի կարող կոչվել, մի արեք նման բան, լսեք ժողովրդին հերիք է, մաքրեք երկիրը տականքներից, երկրում կլինի միասնություն ու խաղաղություն, իսկ զինվորը հայոց սահմանի, հավատացեք, դրանից էլ ավելի ուժեղ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031