Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդունելի է կատարվածը հոկտեմբերի 27-ի հետ համեմատելը». Աշոտ Մելիքյանը` զինված հարձակման մասին

Հուլիս 19,2016 15:12

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը «Մեդիա կենտրոնում» «Ինչպե՞ս լուսաբանեց հայաստանյան մեդիան զինված հարձակումը Երևանում» խորագրով հրավիրված քննարկմանը նկատեց, որ հեռուստաընկերությունների` ոչ բավարար լուսաբանումը նպաստեց ակտիվ հասարակության և իշխանության անջրպետի խորացմանը:

Քննադատելով այն փաստը, որ հեռուստաընկերությունները ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման առաջին օրը այդպես էլ չփոխեցին իրենց ծրագրային քաղաքականությունը և չտվեցին այդ իրադարձության մասին լրատվություն`նշեց. «Հեռուստաընկերությունները կողմնորոշված էին այն լսարանի վրա, որը պասիվ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի առաջ, որոնց առաջին հերթին հետաքրքրում են սերիալները: Նրանք չփոխեցին իրենց եթերային քաղաքականությունը`չնայած իրադարձությունը օպերատիվ և խորը լուսաբանման կարիք ուներ: Կարճ ընդմիջումներով, թեկուզ սահմանափակվելով միայն պաշտոնական հաղորդագրություններով` կարող էին տալ տեղեկություն»:

Բորիս Նավասարդյանը նկատեց, որ հենց այս պատճառով էլ ակտիվ լսարանի բավականին մեծ զանգված տեղափոխվեց առցանց մեդիա: Ըստ պարոն Նավասարդյանի` սա լուրջ մարտահրավեր է ՀՀ մեդիաարտադրության ոլորտի համար:

Լրագրող Պետրոս Ղազարյանը նշեց, որ զինված հարձակման օրը հեռուստաընկերությունների` առաջին մի քանի ժամվա զգուշավորությունը արդարացված է: Ըստ Պետրոս Ղազարյանի` հեռուստաընկերությունները չէին կարող կայքերի նման օպերատիվ լինել, քանի որ կիրակի օր էր, և պետք էր մի ամբողջ համակարգի աշխատանքի կանչել. «Դա գուցե պայմանավորված էր նաև նրանով, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ էր, դրա համար այդ օպերատիվությունը չկար: Մյուս կողմից գրավողները ապստամբության կոչ էին անում և դրա լուսաբանումը գուցե կարող էր մի շարք հարցականներ առաջացնել»:

Պետրոս Ղազարյանը միևնույն ժամանակ շեշտեց. «Չկա արտակարգ դրություն, ուրեմն պետք է լուսաբանվի, մարդիկ պիտի գան Ազատության հրապարակ և նրանց չբռնեն ու տանեն քաղմաս»:

Ամփոփելով՝ պարոն Ղազարյանը նկատեց. «Ֆեյսբուքում տպավորությունն այնպիսին էր, որ ապստամբություն է սկսել Հայաստանում, հեռուստատեսությունում տպավորություն էր, որ ՀՀ-ն ամառային հանգստի էր: Իրականում ճշմարտությունը այդ երկուսի մեջտեղում էր»:

Պետրոս Ղազարյանը ի պատասխան հեռուստաընկերույթյունների աշխատանքի վերաբերյալ հնչող քննադատություններին, փորձեց համոզել, թե ճնշումներ չկան և բերեց այլ արդարացումներ. «Այնպես չէ, որ ինֆորմացիոն լուրջ հոսքեր կային, որ չեն տրվել հեռուստատեսությամբ»: Նա պատճառաբանեց, թե ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանության ներկայացուցիչները չեն ցանկանում խոսել, կարծիք հայտնել:

Հարցին` ինչո՞ւ օրինակ, չեն փորձել լսել Վարուժան Ավետիսյանի կարծիքը, Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Մենք` լրագրողներս, պետք է չեզոք լինենք, բայց երբ խոսքը սահմանադրական կարգի խախտմանը, սպանությանն է վերաբերում, ես անձամբ չեմ պատրաստվում հակասահմանադրական կոչով հանդես եկող մարդու կարծիքը հեռարձակել, դա աղերսներ չունի խոսքի ազատության հետ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Երևանում տեղի ունեցած զինված հարձակումը հոկտեմբերի 27-ի հետ համեմատելն անընդունելի է համարում. «Դա իշխանությունների տրոլների կողմից գցած գաղափարախոսություն է`«Բլոգնյուզով» սկսած: Այստեղ մարդիկ են, որոնց ահաբեկիչ համարելը բարդ է: Ահաբեկչությունը հայրենիք չունի, իսկ այս մարդկանց դժվար է ասել, որ իրենք հայրենասեր չեն: Ես սա համարում եմ հուսահատ քայլ, ոչ թե ահաբեկչություն»:

Քննադատելով հեռուստաընկերությունների աշխատանքը` պարոն Մելիքյանը նշեց, որ առցանց լրատվամիջոցներում ևս կային խնդիրներ. «Բավականին շատ էին մանիպուլյացիաները. իշխանության տրոլներն էին աշխատում և փորձում այս տղաներին համեմատել հոկտեմբերի 27-ն իրագործողների հետ, ինչն, ուղղակի, անընդունելի է»:

Պարոն Մելիքյանը նաև քննադատեց լրագրողների աշխատանքը խոչընդոտելը. «Ցանկացած էքստրեմալ իրավիճակում իրավապահները սկսում են ակտիվիստների հետ համատեղ ոտնատակ գցել նաև լրագրողներին: Սա անընդունելի է: Այդ արհամարհական վերաբերմունքը վիրավորական է, էլ ավելի վիրավորական է, որ թույլ չեն տալիս նրանց աշխատել, սա արդեն քրոնիկ հիվանդություն է դարձել»:

Հակադրվելով պարոն Մելիքյանի` կատարվածը հոկտեմբերի 27-ի հետ համեմատելու անընդունելի լինելու մասին հայտարարությանը, Պետրոս Ղազարյանը օրինակ բերեց Անահիտ Բախշյանին. «Իմ հաղորդման ժամանակ Անահիտ Բախշյանն այս ամեն ինչը համեմատեց հոկտեմբերի 27-ի հետ, ու եթե նա իշխանության տրոլն է, դա արդեն ձեր կարծիքն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031