Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի ՊՊԾ գունդ տանող բոլոր ճանապարհները փակ են

Հուլիս 19,2016 14:30

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում չնայած նրան, որ ոչ ոք չկար, այնուամենայնիվ, մեծ թվով ոստիկաններ ոստիկանական մեքենաներով հրապարակի չորս բոլորը հավաքված էին: Հրապարակ մտնող ամեն մի քաղաքացի հայտնվում էր նրանց ուշադրության կենտրոնում:

Այլ էր իրավիճակը, ժողովրդի լեզվով ասած, «Մետաքս» թաղամասում:

Դեպի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդ տանող բոլոր ճանապարհներն արդեն 3-րդ օրն է, փակ են: Թե’ Էրեբունու թաղապետարանի հարակից փողոցից, թե’ Աթոյան, թե’ Տիգրան Մեծ փողոցներից ոստիկանական եւ բեռնատար ավտոմեքենաները պատնեշի դեր են տանում եւ ելումուտն արգելված է: Միայն թույլատրվում է ՊՊԾ գնդի մերձակայքում ապրող բնակիչների անցուդարձը` այն էլ որոշ հատվածներում առանց մեքենաների: Հատկապես տուժածի կարգավիճակում են Սարի թաղի բնակիչները, որոնց ճանապարհը Խորենացի փողոցով է: Այսօր հատկապես մեծահասակները, որոնք իրերով փորձում էին անցնել ու բարձրանալ տուն, մեծ դժգոհությամբ էին հետ դառնում` ոստիկաների արգելքին հանդիպելիս:

Xorenaci-2 Xorenaci Opera Atoyan-poxoc xorenaci-1

Aravot.am-ը շրջեց փակ փողոցներով: Աթոյան փողոցում ոստիկանական մեքենաների հետ միասին, նույնպես բեռնատարներով էր փողոցը փակվել, ինչպես Խորենացի փողոցում: Մեր հարցին, թե ո՞ւմ են պատկանում այդ բեռնատարները, ոստիկանները չպատասխանեցին: Այստեղ էլ անծանոթ անցորդներին հարցուփորձ էին անում` ով է, ինչ է, բնակիչներին արդեն ճանաչում էին: Եվ, եթե տեղի բնակիչ չես, ապա արգելում էին խաչմերուկից առաջ շարժվել` պատճառաբանելով, որ արգելված է առաջ գնալ:

Խորենացի փողոցում բեռնատարները, ոստիկանների նման հերթափոխով էին կանգնում, որոշ ժամանակ անց բեռնատարին մեկ այլ բեռնատար էր գալիս փոխարինելու: Եթե տարածքի բնակչությունը դժգոհ էր ստեղծված իրավիճակից, ապա Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի հարեւանությամբ գործող սուպերմարքեթները գոհ էին, առեւտուրն այս օրերին ավելացել է: Ինչպես մեզ հետ զրույցում ասացին խանութի աշխատակիցները, հիմնականում վաճառում են ջրեղեն, սուրճ, հյութեր, արեւածաղիկ ու քաղցրեղեն:
Խանութներից քիչ այն կողմ ծառերի հովին հավաքվում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, համակիրները: Նրանցից ոմանք ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված եւ ազատ արձակված քաղաքացիներ էին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031