Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 19-ին հետաձգվեց Հակոբ Դեխնավիի գործով նիստը` դատախազի ներկա չլինելու պատճառով: Հիշեցնենք` Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ.-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Երևանի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին` բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Դեխնավիի պաշտպանը` Դավիթ Գյուրջյանն Aravot.am-ին հայտնեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարանին` գործին երկու տեսաձայնագրություն կցելու եւ եւս երկու վկայի ներգրավվելու համար. «Երկու տեսանյութերը, որոնք դեպքի օրը կատարվել են երկու լրատվամիջոցների կողմից, էական նշանակություն ունեն գործի հանգուցալուծման համար: Դրանցում գործով տուժողը` ընտրական հանձնաժողովի նախագահը, խոստովանում է, որ իր դեմքին որեւէ հարված չի հասցվել եւ որեւէ բռնություն իր նկատմամբ չի կիրառվել:
Ըստ էության, սա շինծու մեղադրանք է Հակոբ Դեխնավիի հանդեպ: Քննությունը բազմակողմանի չի իրականացվել, ինչի հետեւանքով էլ մեղադրանք է առաջադրվել: Վկաներն իրարամերժ ցուցմունքներ են տալիս. երեքն էլ պատմում են նույնը, թե Դեխնավին` տարեց մարդը, բազմակի հարվածներ է հասցրել առողջ եւ հաղթանդամ հանձնաժողովի նախագահին»:
Պաշտպանը հավելեց, որ առաջարկելու է որպես վկա ներգրավվել ընտրական հանձնաժողովի երկու անդամներին, որոնք նախաքննության ընթացքում հարցաքննվել են, սակայն անհայտ պատճառներով չեն ներգրավվել գործում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ