Հայաստանի գրողների միությունը հայտնում է. «Կյանքի 71–րդ տարում հանկարծամահ է եղել հայկական պոեզիայի 60-ականների սերնդի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան):
Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945-ի փետրվարի 17-ին:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը:
Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:
Կարդացեք նաև
Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ:
Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում: