Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան ՀԿ-ներ. Միայն հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 140-ից ավելի բնակիչ

Հուլիս 19,2016 12:15

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հետևել են ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ:

Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը դատապարտում է հուլիսի 17-ին և 18-ին ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ անօրինական բերման ենթարկելու, նրանցից շատերին բռնության ենթարկելու, 3 ժամից ավել առանց կարգավիճակ սահմանելու, ինչպես նաև անօրինական վայրում պահելու քայլերը:

Միայն հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 140-ից ավել բնակիչ, այդ թվում առնվազն 1 անչափահաս: Հատկանշական է, որ Երևան քաղաքի 100-ից ավելի բնակչի տարել են ոստիկանության զորքերի 1033 զորամաս, որոշ դեպքերում պահել են 6-ից մինչև 30 ժամ: Հանրությանը հայտնի է դարձել նաև հետապնդվող քաղաքացիական ակտիվիստներից մեկի հարազատներին պատանդ վերցնելու մեկ դեպք՝ հարկադրելու նրան ներկայանալ ոստիկանություն: Այս գործելակերպով ոստիկանությունը խախտել է և՛ ՀՀ օրենսդրությունը, և՛ միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթեր:

Այս օրերին ոստիկանությունը առանց հիմնավորված կասկած ներկայացնելու սահմանափակել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքներ իրականացնելու, խոսքի ազատության իրավունքները՝ զրկելով մարդկանց ազատության հիմնարար իրավունքից:

ՀՌՀ Երևանը.

• Հայտարարում է, որ ոստիկանության նման ապօրինի, մարդու իրավունքները և ազատությունները հիմնովին ոտնահարող պահվածքը չի կարող արդարացվել որևէ քաղաքական հանգամանքով:

• Ոստիկանությունից և ԱԱԾ-ից պահանջում է հարգել և պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բացառել զենքի գործադրումը, գործել իրավաչափ և հաշվետու:

• Կոչ է անում բոլոր՝ հատկապես հեռարձակող ԶԼՄ-ներին զգայուն գտնվել մարդու իրավունքների և ազատությունների խախտման խնդիրներում, լիարժեք և համապարփակ լրատվություն տրամադրել այս հարցում՝ միաժամանակ զերծ մնալով թիրախավորված վարկաբեկումներից:

• Կոչ է անում իրավապաշտպաններին, ՀԿ-ներին, հանրային գործիչներին և քաղաքացիներին ձևավորել անվտանգության պատնեշ ոստիկանության և ՊՊԾ գունդը գրաված կողմերի միջև:

• ՄԻՊ-ից պահանջում է աջակցել անվտանգության պատնեշի ձևավորմանը, համարժեք արձագանքել իրավիճակին և ջանքեր գործադրել քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:

• Կոչ է անում ԵԱՀԿ-ին, Եվրամիության երկրների և ԱՄՆ դեսպանատներին` որպես ՀՀ ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրեր իրականացնողների, իրականացնել ոստիկանության գործողությունների մոնիթորինգ:

Ստեղծված իրավիճակում զենքի գործադրման և ցանկացած կողմի զոհերի գնով քաղաքական իրավիճակի հանգուցալուծումն անընդունելի է, և դրա ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող վարչակարգը:

Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան կազմակերպությունների միություն, ներառյալ`
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հելսինկյան ասոցիացիա

Հայտարարությանը միանում են՝
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
50/50 քաղաքացիական նախաձեռնություն
Աննա Շահնազարյան
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031