Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ սպանված է քաղաքական համակարգը

Հուլիս 19,2016 22:00

«Առողջ բանականությունը պահանջում է, որպեսզի վաղուց հաստատված կառավարությունները չփոխվեն ոչ էական կամ անցողիկ հանգամանքների բերումով. համապատասխանաբար, անցյալի ողջ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի շուտ հակված են դիմանալու արատներին այնքան ժամանակ, քանի դրանք կարելի է տանել, քան օգտագործել սեփական իրավունքը վերացնելու կառավարման այն ձեւերը, որոնք դարձել են սովորական: Բայց երբ նույն նպատակին անփոփոխ կերպով ծառայող չարաշահումների եւ բռնությունների երկար շարքը վկայում է նենգ մտադրության մասին, որ ժողովրդին պարտադրում են հաշտվելու անսահմանափակ բռնակալության հետ, ապա նման կառավարության տապալումը եւ ապագային միտված անվտանգության նոր երաշխիքների ստեղծումը դառնում են ժողովրդի իրավունքը եւ պարտականությունը»:

Այս տեքստի հեղինակը ես չեմ: Սա մեջբերում է 240 տարի առաջ ընդունված՝ ԱՄՆ Անկախության հռչակագրից, որտեղ նորաստեղծ երկրի հիմնադիրները բացատրում են, թե ինչն է ստիպել մարդկանց ընդվզել ընդդեմ արատավոր իրողությունների:

Հայաստանը նորաստեղծ երկիր անվանել կարելի է պայմանականորեն, եւ խոսակցությունը վերոնշյալ պատճառների մասին, ի շարս այլոց, պետք է սկսված եւ ավարտված լիներ դեռ քառորդ դար առաջ: Բայց իրականությունն այն է, որ վերոշարադրյալը մնում է հրամայական նաեւ այսօր:

Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների, իշխանությունների թեւերի տարանջատման, իշխանության եւ բիզնեսի տարանջատման, իշխանության հաշվետվողականության, մրցունակ միջավայրի, օրենքի եւ իրավունքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգման եւ այլ հասարակական-քաղաքական «բարիքները» ոչ թե պարապությունից կամ ինչ-որ մեկի ճաշակից բխող դեկորացիաներ են, այլ ցանկացած քաղաքական համակարգի նկատմամբ նվազագույն պահանջ: Մարդկությունը ներքին անվտանգության, կայունության, ցնցումներից զերծ մնալու, հարցերը բոլորի համար հասկանալի եւ օրինական ճանապարհով լուծելու եւ դրանից բխող բոլոր բարիքների ապահովման ավելի լավ ձեւեր չի գտել եւ, ըստ ամենայնի, չի էլ գտնելու: Բոլոր մնացած այլ ձեւերը մեծ հաշվով տանում են դեպի ցնցումներ եւ քաոս՝ վտանգելով հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու ապագան:

Հուլիսի 17-ին տեղի ունեցածը, երբ մի խումբ զինված անձինք Հայաստանի մայրաքաղաքում գրավեցին ոստիկանության բաժինը եւ ոստիկանական զորքերի զորամասը, լրջագույն ահազանգ է իշխանության եւ հասարակության համար: Սակայն իշխանության ո՞ր զգայարանին պետք է այդ ահազանգը հասնի, եթե քաղաքական համակարգը սպանված է:

Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներ եւ իշխանությունների թեւերի տարանջատում դե-ֆակտո գոյություն չունեն, ամենուրեք «շեֆ ջան, ոնց ասես» սկզբունքով են առաջնորդվում, իշխանության եւ բիզնեսի սերտաճումը վերածվել է ուղղակի ժանտախտի, իշխանությունը հաշվետու է միայն «շեֆ ջանին», բայց ոչ՝ հասարակությանը: Մարդիկ վճարում են հարկեր, իսկ այդ հարկերից գոյացած բյուջեն ծախսվում է առանց հարկատուների իրական վերահսկողության: Մրցունակ միջավայր ուղղակի չկա, մենաշնորհները խեղդել են մրցունակությունը, իսկ տնտեսության նորանշանակ նախարարը ռիսկ չի անում հնդկական կովի կարգավիճակ ստացած մոնոպոլիստների նույնիսկ անունը տալ, Երեւանի մեջ կառուցած սուպերմարկետները խեղդել են մանր եւ միջին բիզնեսը, իսկ «չխեղդվողներին» էլ «մորթում» են հարկայինը եւ այլ՝ պատժիչ կառույցների վերածված մարմինները: Օրենքի եւ իրավունքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հարգման աստիճանի մասին էլ կարելի է եզրակացություն անել՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում իրավապահ եւ դատական համակարգերում: Իսկ տեղի է ունենում այն, որ ինքնիշխանության առյուծի բաժինը կորցրած երկրում գավառական կրկեսի եւ մարդկային ցինիզմի ու ապուշության չափաբաժինը հասել է սպառնալիքի աստիճանի:

Զարմանալի կլիներ, եթե այսքանից հետո հասարակության մեջ խիստ դժգոհությունից բացի՝ այլ վերաբերմունք ձեւավորվեր: Թվում է, թե իդեալական պայմաններ են քաղաքական նոր ուժերի ձեւավորման համար, ուժեր, որոնք այս տրամադրությունները ընտրություններին ընդառաջ կդարձնեին քաղաքական առաջխաղացման լրջագույն կապիտալ: Սակայն դա՝ նորմալ պայմաններում: Իսկ եթե քաղաքական համակարգը սպանված է, իսկ ինստիտուտներից եւ ոչ մեկն ինքն իրեն նման չէ, այլ միայն իր բովանդակազուրկ նմանակն է, առաջ է գալիս հուսահատություն, որը բերում է արմատականացման: Եվ ահա՛ արդյունքը. Հայաստանում քաղաքականությունն է մեռել: Եվ եթե այն չվերածնվի, չվերստեղծվի՝ մենք փակում ենք մեր առաջ պետական ապագայի բոլոր դռները:

Ուղղակի հետեւեք, թե սոցիալական ցանցերում ինչ աստիճանի են հասել հուսահատական տրամադրությունները, փոխադարձ անվստահությունը եւ հիստերիկ կասկածամտությունը, բռնության արդարացումը: Ֆեյսբուքը վերածվել է միջանձնային եւ պսեւդոգաղափարական հակամարտությունների մի մեծ թատերաբեմի, մարդիկ կորցնում են համատեղ հարցեր լուծելու հնարավորությունները…

Այս ամենի քաղաքական թիվ մեկ պատասխանատուն, անշուշտ, իշխանությունն է: Երբ հետեւողականորեն վերացվում են հարցերը բարձրացնելու, քննարկելու, ի շահ բոլորի՝ բանական լուծումներ տալու մեխանիզմները, ապա այսպիսի հուսահատական քայլերը դեռ միայն սկիզբն են: Եվ ոստիկանության հաստիքացուցակները բազմապատկելը ներքին վտանգները չեն մեղմելու, այլ, նաեւ հաշվի առնելով մեր իրավապահ համակարգի «առանձնահատկությունները», ընդհակառակը՝ բազմապատկելու են:

Սակայն այստեղ հարցը միայն իշխանությունները չեն: Իշխանությունը հասարակության անտարբերության պայմաններում ավելի լավը չի դառնալու: Ոչ էլ, առավել եւս, փոխվելու է: Դա տեղի կունենա միայն հասարակության պարտադրանքի ներքո՝ հաղորդելով դրան հստակ քաղաքական բովանդակություն, գաղափար եւ նպատակ:

Ներքին խնդիրների լուծման խաղաղ, քաղաքական հունը պահպանելը կենսական կարեւորություն ունի Հայաստանի համար, ինչպես նաեւ՝ դրա գիտակցումը: Իշխանության դեմ պայքարը չպետք է վերածվի պայքարի՝ ընդդեմ պետության, ավելին՝ պետությունը իշխանությունից պաշտպանության կարիք ունի, իսկ դա կարող է հաջողություն ունենալ միայն օրենքով չարգելված ճանապարհով: Եվ դա ոչ թե զուտ բարի ցանկություն է, այլ երաշխիք, որ ապագայում նման խնդիրներ այլեւս չեն առաջանալու: Իսկ սա, ինչպես ասված է դեռ 240 տարի առաջ, ժողովրդի ոչ միայն իրավունքն է, այլեւ պարտականությունը: Իսկ իշխանությունը թող որոշի՝ նա խնդրի լուծման մա՞սն է, թե՞ հենց ինքնին խնդրի մասը:

…Հին չինական առակը պատմում է, թե ինչպես է թիթեռը կոտրում ուղտի մեջքը: Իսկ ուղտն արդեն գերբեռնված է: Եվ վաղ թե ուշ մի թիթեռ կցանկանա նստել նրա մեջքին կամ ուղղակի պատահաբար կնստի…

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»
19.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031