Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշենի» մեկուսարանի մոտ տեղի ունեցած սպանությունների գործով դատը շարունակվում է

Հուլիս 19,2016 10:35

Անցյալ տարվա մարտի 4-ին, ժ.13.50-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում սպանվեցին Լեւոն Ղազարյանը՝ «Երրորդմասցի Լյովիկ», Դրաստամատ Թադեւոսյանը՝ Դրոն, եւ Մեսրոպ Նազարյանցը: Կալանավորվեցին 3-ը: Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվեց քրեական գործ, գործն ուղարկվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անդրանիկ դատական նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտի 30-ին: Մինչ օրս տեղի է ունեցել 10 նիստ:
1984թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ «Գաստիկ») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել եւ պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության ԱԿՄ տեսակի եւ 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի ԱԿՄ տեսակի ինքնաձիգներ՝ պահունակներով, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

Ըստ գործի նյութերի՝ Վահան Հակոբյանը, 1986թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ «Ծգլ»), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ «Տլե»), «նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ», իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը՝ տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ. Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ամբաստանյալներից Վահան Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել, իսկ երկու Սարգիսները՝ չդատված: Նրանց պաշտպանությունն իրականացնում են քրեական գործերով հայտնի փաստաբաններից Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:
Կա տուժողի 4 իրավահաջորդի ներկայացուցիչ: Ի դեպ, Դրաստամատ Թադեւոսյանի մայրը՝ Սիրուն Նաջարյանը, ընդհանրապես նիստերին չի մասնակցում: Ինչպես գիտեք, նա խորհրդային տարիների քաղբանտարկյալ, ճանաչված պատմաբան Հակոբջան Թադեւոսյանի կինն է: Երբեմն նրա շահերը իրավական հարթության վրա ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Ֆերոյանը:

Այս գործով կասկածյալները 5-ն էին:

Ավելի քան 52 վկա պետք է դատակոչվի, եւ դատարանը իր իսկ որոշմամբ նրանց չներկայանալու դեպքում բերման կենթարկի:

5 կասկածյալներից 2-ի ինքնությունը մինչ օրս չի պարզվել, չնայած «Առավոտի» աղբյուրների վկայմամբ՝ նրանցից մեկի անունը, այնուհանդերձ, շրջանառվում է՝ Էդուարդ Կարապետյան (լուսանկարում), որը ձերբակալվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին:
Քրեական օրենսգրքի 235 հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել, փոխվել խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ: Ունի՞ նա առնչություն այս գործի հետ, թե՞ ոչ, այդպես էլ պարզ չէ:

Սպասվում էր, որ Է. Կարապետյանը կներկայանա դատական հերթական նիստին, որը տեղի ունեցավ հուլիսի 12-ին: Սակայն նա չի ներկայացել, ավելին, ըստ որոշ կցկտուր տեղեկությունների, գտնվում է հանրապետությունից դուրս:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»
19.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031