Լրահոս
Օրվա լրահոսը

Թող գիշերը խաղաղ անցնի

Հուլիս 19,2016 10:12

Ես հիմա գրում եմ այս հոդվածը, որը դուք կկարդաք վաղն առավոտյան, բայց այս պահին դեռ պարզ չէ՝ իշխանությունը գրոհ կկազմակերպի՞ ՊՊԾ տարածքը գրաված զինված խմբի վրա: Շատ-շատ եմ ուզում, որ դա տեղի չունենա: Նախ` որովհետեւ ոչ մի ներքաղաքական խնդիր չարժե թափված մի կաթիլ արյան, երկրորդ` որովհետեւ դրանով իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծի, միայն կխորացնի արմատական տրամադրություններն ու անհանդուրժողականությունը մեր հասարակության մեջ:

Իսկ դրանց աստիճանն այս պահին շատ բարձր է: Ապրիլյան պատերազմից հետո ինձ թվաց, որ այդ ագրեսիվությունը մեղմվել է, որ բոլոր տարաձայնություններով հանդերձ՝ մեր քաղաքացիները սկսել են իրար ավելի շատ հարգել, իրար ավելի շատ ջերմություն փոխանցել: Բայց հիմա կարծես թե այդպես չէ` մարդիկ իրար հետ խոսում են ատելության լեզվով եւ, ինչպես երեկ արդարացիորեն նկատեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, այդ` իրար ոչնչացնելու, «զրոյական արդյունքով» խաղի մեջ ինչ-որ չափով նույնիսկ «իրար հասկանում են»:

Նրանց հաշտեցնելը, շփման կետեր գտնելը որը, կարծում եմ, մտավորականների առաքելություններից մեկն է, շատ դժվար է: Եթե հանկարծ «սխալվես» եւ ասես, որ ոստիկանության շենքի վրա զինված հարձակումը, պատանդ պահելը, մանավանդ` ոստիկան սպանելը, ապօրինություն է եւ փակուղի, անմիջապես «վրա կտան» հեղափոխականները եւ քեզ վրա կախելով զանազան պիտակներ՝ կհիշեցնեն 25 տարվա ընթացքում այս երկրում տեղի ունեցած բոլոր ապօրինությունները: Բայց եթե ասես, որ զինված խմբի տղաները ահաբեկիչներ չեն, նրանք մեր քաղաքացիներն են, որոնց մտահոգությունները պետք է լսել ու հասկանալ, հակառակ կողմը կասի, որ մենք «հարթակ ենք տրամադրում հանցագործներին»:

Միեւնույն է՝ պետք չէ հիասթափվել, պետք չէ ձեռքը թափ տալ եւ ասել` «կերեք իրար»: Ոչ, դա ամենասխալ դիրքորոշումն է: Եվ պետք էլ չի նեղվել, երբ երկու կողմերը քեզ չեն հասկանում: Խնդիրը ոչ թե որեւէ մեկին, նաեւ` «ժողովրդին» դուր գալն է, խնդիրը երկու կողմերին խելահեղություններից, անիմաստ բռնություններից հետ պահելն է: Իմ ընկալմամբ, օրինակ, փողոցում մարդկանց, առանց որեւէ պատճառի, զանգվածաբար բռնելն ու ոստիկանություն տանելը ոչ միայն ապօրինություն է, այլեւ խելահեղություն, հիմարություն` դա դարձյալ որեւէ խնդիր չի լուծում, միայն սրում է իրավիճակը:
…Աստված իմ, թող քաղաքական դաշտում ցանկացած բան լինի: Թող իշխանափոխություն լինի կամ չլինի: Թող նույնիսկ քոչարյանենք գան: Միայն թե արյունահեղություն չլինի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տիրապետող վարկածը այն է թէ այս իրադարձութիւնը մի նոր եւ արդէն չգիտեմ-քանիերորդ փորձ մըն, արտաքին ուժերի կողմէ, անկայունութեան մատնելու համար Հայաստանը – որու առաջին հետեւանքը լինելու է(ր) Արցախի կայծակնակի եւ ամբողջական կորուստը – :

    Ստորագրեալը համաձայն չէ այդ կարծիքին հետ: Քանզի այդ՝ շա՜տ կարեւորութիւն եւ կարողութիւն տալ է խնդրոյ առարկայ ապուշների տեղական պարագլուխներին («գլուխ« բառն ել արդէն վիճելի է այստեղ… ) :

    Եղածն ու չեղածը միայն կատարեալ անխելքների խմբակ մըն է, որոնք կը կարծեն թէ լաւ բան են անում, մինչ միայն ու բացառապէս վատ բան են անում:

    Ամոնց միմիակ իրագործումը այս անմիտ ու անիմաստ գործողութեան միջոցաւ՝ հայ, երեխաների տէր ոստիկանի մը մահն է: Իսկ այս սպանութիւնը «արդարացնելու» միտող ակնարկութիւնները յատկապէս քստմնելի են:

    Այն հայ քաղաքական անձիքը որոնք ջատագովում են, քիչ թէ շատ փառաբանում են կատարուած բիրտ ու լիովին անհեթեթ արարքը, աւելի զզվելի ու անճոռնի են քան թէ անոր դերակատարները, որովհետեւ առաջինները չունեն անգամ նվազագոյն խելքի պակասի պաշտպանութիւնը:

    Իսկ բոլոր անոնք որոնք, տարիներէ ի վեր, բարիացակամ ուշադրութիւն կը շնորհէին այս բացարձակ յիմարների խմբակին, իրենց պատասխանատվութեան բաժինը կը կրեն նաեւ այժմ բոլորվող ողբալի դէպքերի նկատմամբ: Անոնց կարգին են, յատկապէս, լրագրողները:

    Ընդգծենք վերջապէս իշխանութիւնների բացառիկ համբերութիւնն ու սառնարիւնութիւնը: Որեւէ այլ երկրում, նկատի ունենալով նամանաւադն ոստիկանի սպանութիւնը, ոճրագործները մի քանի ժամուայ մէջ կը բնաջնջվէին իրավապահ ուժերի կողմէ: Եւ այդ ալ՝ ժողովուրդի մասսայական մեծամասնութեան լուր ծափահարութիւնների տակ:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    (այս պահին՝ Շուշի
    https://www.shoushisummercamp.org/
    https://www.facebook.com/AramManoukianJampar/ )

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Թէ շատեր ուզում են տակաւին լռել, կամ դեռ այս ամէնից յետոյ՝ «չեզոք», որձեւէգ խօսքերով արժեւորել կացութիւնը, դա նրանց խնդիրն է եւ խղճի հարցը: Ես այստեղ պարզ ու հաստատ դիրք եմ արտայայտում, ստորագրել եմ իմ կարծիքը, եւ հետեւաբար խնդրում եմ որ զայն հրատարակէք առանց գրաքննութեան:

      • Հարգելի Հ. Շ. Դա չի նշանակում, որ մեր բոլոր նյութերի տակ պետք է տեղադրեք նույն տեքստը: Մեկ անգամ արդեն հրապարակել ենք: Հիշեցնում ենք մեր կայքում հրապարակման կանոններից է սպամ չտարածելը:

        • Հ.Շ. says:

          դիտողութիւնը ի զօրու կ’ըլլար,
          սակայն ոչ այդ «սպամ»ի աւելորդ խօսքով

          ե՞ս եմ սպամ անողը,
          երբ լրագրողները հազար անգամ խորքին մէջ միեւնոյն բանն են կրկնում, անթիւ յօդվածներով

          ամէն դէպքում, շնորհակալ եմ որ գոնէ մի անգամ հրատարեցիք վերեւի կարծիքս

          հիմա՝ դաշտը դարձեալ լայն բացէք ոճրագործութիւնը փառաբանող անձերին…

          Հայդուկ Շամլեան

    • Atshak says:

      Ստորագրում եմ ամեն մի բառի տակ:
      Ապրես: Շնորհակալություն

  2. մարդամեկ says:

    Նայելով երեկվա կադրերը , այնպիսի տպավորություն ստեղծվեց թե գտնվում ենք 80 ականներում , երբ «միլիցեքը» մի երեք հոգի հավաքված տեսնելով բռնում տանում էին քաղմաս եվ «փղի կնջիթով» ծեծում.
    Զարթնեցեք, սա 2016 թիվն ա . Մարդիկ այլ ձեվով են մտածում. Պետք չի նստել ծառի ճյուղի վրա եվ սղոցել այն.
    Կարծես թե ոչ ոք ասելիք չունի….. երեվի ճյուղը կտրվելուց հետո բոլորի բերանը կբացվի.

  3. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան ՋԱՆ ՋԱՆ ՋԱՆ

    Ամբողջությամբ կիսում եմ ձեր մտահոգությունները, համաձայն եմ բոլորի հետ, ԲԱՅՑ. մի գրեք Թող նույնիսկ քոչարյանենք գան: Հենց քոչարյանենց ժամանակ օրինաչափություն դարձավ քաղաքական պայքարում արյուն թափելը: Լեւոնի ժամանակ հատուկենտ դեպքեր եղան, կրակոցները դեպի վերեւ: քոչարյանենք կրակեցին մարդկանց վրա ու դա դարձավ օրինաչափություն:
    Աղաչում եմ՝ մի գրեք Թող նույնիսկ քոչարյանենք գան:

  4. Հարգելի պրն.Աբրահամյան.Մի անհանգստացեք,արյունահեղություն չի լինի,քանզի արյունահեղությունը այս ամենի վերջի սկիզբը կլինի…

  5. Լավատես says:

    Կարծում եմ, եթե կառավարությունում էլ գտնվեն նման հզոր ոգու տղաներ, նրանք իրար հետ լեզու կգտնեն, իսկ եթե ուժի դիմեն, էդ արդեն ոչխարություն կլինի, ինչքան էլ փնովեմ էս կառավարությանը, ավելի հակված եմ, որ նրանց մեջ հզորներ էլ կան:

  6. Գեւորգ says:

    Լավ, խմբի գործողությունը համարենք սխալ ու վնասաբեր: Սակայն ինքնագոհ ու ինքնասեր, անկուշտ ու անհագ, բութ ու համառ, տականք կրիմինալի վրա հենված, ազգակործան բիրտ ռեժիմի դեմ ի՞նչպես պայքարել: Նա ով կայպանի այս մարդկանց հուսահատ քայլը, առնվազն պարտավոր է այլ գործուն ուղի մատնանշել – եթե ինքն իր հետ ազնիվ է:
    Դարերի փորձը ցույց է տալիս, որ ձախողված բռնակալները հազվադեպ են ինքնակամ հեռանում, միամտորեն հուսալով թե գուցե իրենք միշտ թամբին կմնան, որը սակայն ոչ մեկին դեռ երբեք չի հաջողվել: Այսպիսով, գործը մեծ աղետով ու արյունով է վերջանում սովորաբար՝ նախ իրենց համար, հետո երկրի:
    Կարծում եմ, հնարավորություն պիտի տրվի ու լրջորեն առաջարկվի գահակալներին որպիսզի անարյուն հեռանան, գուցե Աստված օգնի իրենց, գլուխները մտնի: Եւ սա հայերին մեծ պատիվ ու հաջողություն կբերի: Հակառակ պարագային նոր, ավելի հզոր ու դաժան խմբեր կգան, անշուշտ, քանզի իրավիճակն է այդ պահանջում: Պետք է հասկանալ վերջապես, որ այստեղ ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ Է աշխատում, որին դեմ գնալը հասարակ տխմարություն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031