Թեեւ երեկ երեկոյան ոստիկանությունը լրացուցիչ ուժեր կենտրոնացրեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտ, որը հուլիսի 17-ից շարունակում է գրավված մնալ «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամների կողմից՝ գիշերը հանգիստ է անցել:
Հիշեցնենք, որ տեխնիկայի շարժը եւ իրավապահների տեղաշարժը դադարեց այն բանից հետո, երբ ՊՊԾ գնդի մոտ հավաքվեցին Ազատության հրապարակից այստեղ եկած մի խումբ ցուցարարներ: Նրանցից մի քանիսը շարունակում են մնալ այս տարածքում:
Կեսգիշերն անց ոստիկանների զգալի մասը մի քանի ավտոբուսներով հեռացան տարածքից:
ՀՀ ոստիկանությունը երեկ գիշերը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության և տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է և մնալու է այդպիսին, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել: Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ»: