Այսօր կեսօրին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանները բերման էին ենթարկել բանաստեղծ-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանին: Երեկոյան կողմ` ժամը 19-20-ի սահմաններում նրան արդեն ազատ են արձակել:
Aravot.am-ի հետ զրույցում բանաստեղծի կինը` իրանագետ Էմմա Բեգիջանյանը պատմեց, որ ամուսինը Մաշտոցի պողոտայով, Օպերային շենքի մայթով Գրողների միություն է գնալիս եղել:
«Մեքենան կանգնել է մայթին շատ մոտ, չորս հոգով, շատ կոպիտ ձեւով բռնել են, մինչեւ հիմա ձեռնաշղթաների հետքերը ձեռքերի վրա կան: Բայց հետո, բաժանմունքում, քննիչները նորմալ էին վերաբերվել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Ոստիկանության բաժանմունքում արդեն Հովիկ Վարդումյանին տեղեկացրել են, որ իրեն բերման են ենթարկել զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Վերջինս անհեթեթություն էր որակել պատճառաբանությունը. «Զենք-զինամթերքը գրպանումս դրած փողոցում մա՞ն եմ գալիս, թե՞ տանն եմ պահում»: Պարոն Վարդումյանին առաջարկել են բացատրություն գրել, նա հրաժարվել է:
Կարդացեք նաև
Հովիկ Վարդումյանը իբրեւ բանաստեղծ, ակտիվ մասնակցում է բոլոր հասարակական միջոցառումներին, այդ թվում նաեւ բողոքի ակցիաներին, պատմեց նրա կինը: Նա նաեւ Արցախյան ազատամարտի տարիներին կռվել է Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարության գումարտակում. «Ճակատում եղած չորս տարիները չէ, վերջին մեկ տարին Սեֆիլյանի հրամանատարությամբ է կռվել: Այդքանով է կապը: Սեֆիլյանին ընդունում է, որպես հրամանատար, բայց իրենց կազմակերպության հետ կապ չունի»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էլ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկվել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: 5-6 ժամ անց նրան էլ են ազատ արձակել: Գեղանկարչի կինն Aravot.am-ին պատմել է, որ ոստիկանության բաժանմունքում ամուսինը բռնության չի ենթարկվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ