Ինչպես արդեն հայտնել ենք, Ազատության հրապարակում ու Հյուսիսային պողոտայում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումը կանխեց Հունան Պողոսյանը:
Մինչ այդ Հյուսիսային պողոտայում իսկական խուճապ էր:
Ուշագրավ էր Հունան Պողոսյանի արած մի քանի հայտարարություններն ու խոստումները: Նա ասաց. «Նորմալ, բնականոն բանակցություններ են Էրեբունիում ընթանում: Այս պահի դրությամբ ներսում գտնվող մարդկանց հետ որեւէ հատուկ միջոցառում ծրագրված չի իրականացնել: Ձեր անխոհեմ քայլով կրքեր եք բորբոքում»:
Կարդացեք նաև
Ավետիք Իշխանյանը հարցրեց՝ ուժային միջոցների չե՞ն դիմելու, երաշխավորո՞ւմ են՝ Հունան Պողոսյանը ձեռքը առաջ տնկելով բարկացած ասաց. «Ո՛չ, բանակցություննե՛ր են ընթանում»:
Մի ակտիվիստ նույնպես պնդեց՝ երաշխավորե՛ք: Հունան Պողոսյանը պատասխանեց. «Դրա համար եկել հասել եմ այստեղ: Մեր աշխատողների ցանկացածի դեմքից կարող եք տեսնել՝ մտազբաղ են»:
Ակտիվիստները հեգնեցին՝ «Հա՜, ոստիկանության պետից սկսած»:
Քաղաքացիները պատմում էին, թե ոստիկանները ինչ միջոցների են դիմել, ինչպես են ծեծի ենթարկել՝ բերման ենթարկելիս: Հունան Պողոսյանը խոստացավ՝ բոլոր մեղավորներին մենք կպատժենք, ոստիկանապետը կպատժի. «Բոլորի՛ն, էսքան մի՛ կասկածեք»:
Ակտիվիստները թերահավատ էին՝ ինչքան Բաղրամյանի դեպքերից հետո պատժեցիք, այդքան էլ հիմա կպատժեք:
Հունան Պողոսյանը ակտիվիստներին խոստացավ, որ այսօր բոլոր բերման ենթարկվածներին բաց կթողնի: Մի քանիսին տեղում ավտոմեքենաներով հետ բերեցին ու ազատ արձակեցին:
Ակտիվիստները շարունակեցին իրենց ցույցը՝ հետ վերադառնալով Ազատության հրապարակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ