Ինչպես տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում թեժ բախումներ էին ընթանում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: «Մենք ենք տերը մեր երկրի», «Ոչ թալանին» քաղաքացիական շարժումները հանրային քննարկում էին կազմակերպել, որի ժամանակ մի քանի ակտիվիստներ իրենց տեսակետը ներկայացրեցին, թե ինչպես կարելի է ժողովրդին դուրս բերել փողոց:
Մի կին առաջարկեց քաղաքով մեկ շրջել ու մարդկանց կանչել: Հավաքվածների տեսակետները հետագա քայլերի հետ կապված հակասական են: Մի մասը հայտարարում էր, որ պետք է երթով օպերայից գնալ Էրեբունի՝ փորձելով համախմբել ավելի մեծ զանգվածների, մյուս մասը գտնում էր, որ «միտինգներով են մարդ հավաքում, գնում ենք Էրեբունի ի՞նչ անենք»:
Կարդացեք նաև
Մինչ որոշում կկայացնեին՝ ոստիկաններն անցան գործի ու սկսեցին ակտիվիստների թեւերը ոլորել, մտցնել ոստիկանական մեքենա: Բախումների ժամանակ ներկա էր նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, նա փորձում էր կանխել ու զսպել ոստիկաններին:
Հյուսիսային պողոտայի մոտակայքում ոստիկանները մի երիտասարդ տղայի նկատմամբ այնպիսի ուժ էին գործադրել, որ տղան ուշագնաց վիճակում էր, աչքերը կուլ էին գնում, ընկնում էր ոստիկանների ձեռքերում, իսկ նրանք շարունակում էին քաշքշել: Մի քանի մայրեր սկսեցին անիծել ոստիկաններին ու տղային վերցրեցին ոստիկանների ձեռքից՝ բուժօգնություն ցույց տալու:
Հյուսիսային պողոտայում «միացեք, միացեք», «ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով երիտասարդները սկսեցին շարժվել առաջ՝ ճեղքելով ոստիկանական պատերն ու շղթաները: Ոստիկանների շարքերը ստվարանում էին, նորանոր ուժեր էին միանում՝ պատն ամրացնելու:
Հյուսիսային պողոտայում իսկական խուճապ էր, մինչեւ միջամտեց Հունան Պողոսյանն ու կրքերը հանդարտեցրեց՝ տալով մի շարք խոստումներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դիտելով այս կադրերը, համացանցում առկա բազմաթիվ տեսանյութերը, Վաղինակի, Դավիթի, մյուս ծեծված տղաների նկարները, ՀՀ ոստիկանության ու իշխանությունների հանդեպ իմ մոտ առաջանում է միայն մեկ զգացողություն՝ ատելության: Ցավոք:
Ոստիկանությունն, իբր օրենքի անունից, օրենքն ու մարդու հիմնարար, բնական իրավունքները խախտում է բացահայտ ցինիզմով, մարդկանց առևանգում է, ծեծում, նվաստացնում, ապօրինի զրկում է ազատությունից (տես վերևում բերված տեսանյութը և նմանատիպ բազմաթիվ նյութեր համացանցում, օրինակ https://www.aravot.am/2016/07/19/717254/, https://www.aravot.am/2016/07/19/717203/, https://mamul.am/am/news/87980/ և այլն):
Մի թե ոստիկանական այս տեռորի համար էին ազատագրական պայքարը, Սարդարապատը, Արցախյան պատերազմը, այդքան զոհերը, հաղթանակները: Վստահաբար, ոչ: և ոչ էլ այն բանի համար, որ կերտվի ծեծվածների, վախեցածների ու նվաստացվածների երկիր: Այդ պայքարները, սրբազազան զոհերն ու հաղթանակները եղել են, որ լինի Հայաստանի հանրապետություն, որ Հայաստանի քաղաքացին իրեն զգա ազատ, հպարտ ու հզոր: Իսկ ոստիկանությունն էլ լինի քաղաքացիների ոչ, թե կեղեքիչը, այլ պաշտպանը, զորավիգը:
Դժբախտաբար Հայաստանի հանրապետության ոստիկանների մեծագույն մասի պրոֆեսիոնալիզմը դրսևորվում է առավելապես ապօրինաբար ու անպատիժ կերպով մարդ առևանգելու և ծեծելու, հայոյելու, վախեցնելու և միաժամանակ իրենց հովանավորյալների հանցագործությունները թաքցնելու հարցերում:
Իսկ այն փաստը, որ ընդամենը մի քանի զինված մարդ, Երևանի կենտրոնում, մի քանի րոպեում գրավում է ոստիկանական գունդը իր զինանոցով, ցույց է տալիս իսկական ոստիկանության իսպառ բացակայությունը երկրում, ոստիկանության մեծագույն մասի և հատկապես ղեկավարության՝ իր պարտականությունների մասին հանցավոր անտեղյակությունն ու անտարբերությունը, դրանց կատարման անկարողությունը: Փաստորեն ոստիկանության միակ պատասխանը իրենց իսկ գնդի տարածքի գրավմանը, առայժմ միայն ցույցերին խոչընդոտելն է, մարդկանց առևանգելնը, ազատությունից ապօրինի զրկելը, զորանոցներում ապօրինի պահելը, նվաստացնելը, երբեմն խոշտանգելը: Շատ ցավալի է, ավելին՝ անհանդուրժելի է, նույնիսկ երիտասարդ պետության ոստիկանության համար: