Ազատության հրապարակից սկիզբ առած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները խաղաղ ցույցով Ազատության հրապարակից շարժվելով Հանրապետության հրապարակ եւ այնտեղից էլ Մաշտոցի պողոտայով նորից հետ դառնալիս արտահայտում էին իրենց պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին, որոնց ցուցակը ներկայացնելուն պես պետք է ազատ արձակվեին:
Երթի մասնակիցները Մաշտոց-Թումանյան հատվածում նստացույց կազմակերպեցին:
Երբ ոստիկանները այդ պահին հայտնեցին, որ բերման ենթարկվածները ազատ են արձակվել, ցույցի մասնակիցներ չփորձեցին տեղներից շարժվել՝ ասելով, որ նրանք եւս պետք է ճշտեն լուրի իսկությունը:
Կարդացեք նաև
Այդ ժամանակ ցուցարարներից մեկի հետ հեռախոսազրույց ունեցավ Դավիթ Սանասարյանը, որին եւս բերման են ենթարկել եւ ասաց. «Բռնի ուժով մտցնում էին ոստիկանական մեքենա, գլուխս հանեցի եւ լրատվամիջոցների միջոցով փորձեցի կոչ անել քաղաքացիներին, որ դուրս գան փողոց, այդ ժամանակ կարմիր բերետավորներից մեկը բռունցքով հարվածեց բերանիս»:
Այդ պահին նրան տանում են հիվանդանոց, իսկ մնացած մասնակիցներին ազատ են արձակել:
Ցույցի մասնակիցները որոշեցին տեղաշարժվել դեպի Խորենացի փողոց, քանի որ, ըստ ցույցի մասնակիցների, ոստիկանական զրահատեխնիկա է մոտենում այնտեղ, իսկ մինչ այդ Ազատության հրապարակում կորոշեն իրենց մնացած անելիքը: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ցույցի մասնակիցներին հավաստիացրեց, որ տեխնիկա չի կուտակվում, բայց ցույցի մասնակիցները հավաստիանալու համար մի փոքրիկ խմբով անձամբ կհամոզվեն այդ հարցում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ