Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ես եկա ռեկտոր, ուսանողները շենքի ներսում անձրևանոցներով էին շրջում». Վարդևան Գրիգորյան (Տեսանյութ)

Հուլիս 18,2016 22:07

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը 14 տարի շարունակ ղեկավարել է բուհը ու երկու օր առաջ հրաժարականի դիմում ներկայացրել, հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Վերջինս շեշտեց, որ Գյումրու մանկավարժականն անգնահատելի դերակատարություն է ունեցել իր՝ որպես մարդու ու մասնագետի կայացման գործընթացում: Սովորել ու աշխատել է այստեղ՝ բարձրանալով կրթական բոլոր աստիճաններով. եղել է դասախոս, ավագ դասախոս, ֆակուլտետի դեկան, հետո նոր միայն նշանակվել է ռեկտոր:

Ըստ նրա, շատ լավ է ճանաչել բուհը, ճանապարհ է անցել անձնակազմի հետ ու իր համար հեշտ է եղել աշխատել այստեղ: «Ռեկտոր նշանակման պահից իմ առջև երկու հիմնական խնդիր էի դրել, որ հնարավորինս զարգացնեմ կրթական միջավայրը բուհում, երկրորդը՝ ապահովեմ անձնակազմի միասնականությունը», ասաց Վարդևան Գրիգորյանը: Նա հպարտորեն արձանագրեց, որ բուհն այսօր իր կրթական միջավայրով չի զիջում հանրապետության լավագույն բուհերին ու վերհիշեց տխուր մի շրջան բուհի պատմությունից:

«Երբ ես եկա ռեկտոր, հիշում եմ, թե ինչ էր կատարվում անձրևի սեզոնին բուհի շենքի ներսում: Վիտա յուղի ամաններ էին դրված, նույնիսկ շատ ժամանակ ուսանողներն անձրևանոցներով էին ման գալիս ինստիտուտի մեջ: Հիշում եմ, թե ինչպես պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանատում նստած էր դեկանը՝ կողքը դրված էր 200 լիտրանոց տակառիկը: Անձրևի ժամանակ կաթկթոցի ձայնը խանգարում էր մարդկանց զրույցին: Այդ ժամանակ խնդիր դրվեց հնարավորինս արագ կապել 5000 քառակուսի կտուր:

Գիտեք, կրթական միջավայրը միայն պայմանավորված չէ ուսումնական պլաններով ու բարեփոխումներով: Կրթական միջավայրի բաղկացուցիչ ու կարևոր մասերից մեկը նյութատեխնիկական բազան է, այսինքն` եթե չկան հարմարավետ ուսումնական պրոցեսի կազմակերպման միջոցներ, ուրեմն երբևիցե չի կարող այդ կրթական միջավայրը ձևավորվել»:

Նա նաև նշեց, որ երկրորդ գործը եղել է լոկալ ջեռուցման համակարգ ստեղծելը, քանի որ մինչ այդ ուսանողները նոյեմբերին հանձնում էին քննությունները ու մինչև մարտ ամիս մնում արձակուրդի մեջ: Ջեռուցում չլինելը խանգարում էր ուսումնական պրոցեսին: «Ասեմ, որ իմ ռեկտոր գալուց մոտ 180 միլիոն դրամ պակաս է եղել ինստիտուտում, այսինքն` ինստիտուտի բյուջեում որևէ կոպեկ չի եղել»:

Վարդևան Գրիգորյանի ներկայացմամբ, մյուս խնդիրը, որը դրվել էր իր առջև, ինստիտուտի շենքը բարեկարգ տեսնելն էր: «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, եթե շենքը չի համապատասխանում իր բովանդակությանը, ուրեմն չի կարող այդ շենքում լուրջ գործունեություն ծավալվել: Շենքը պետք է ազդեցություն ունենա քո պահվածքի ու գործունեության վրա»:

Նա պատմեց, որ շենքի ճակատային հատվածը երեսապատելուց բացի, առանց քաղաքապետարանի թույլտվության պարսպապատել են ինստիտուտի տարածքը, որպեսզի բակում ռեստորաններ ու պոնչիկանոցներ չկառուցեին: «Ինստիտուտի տարածքը նման էր անապատի, չեմ թաքցնում օրական մի տաս հոգի գալիս էին, թե համաձայնություն տուր կառուցապատենք այդտեղ, քաղաքապետարանը կողմ է թույլտվություն տալու: Ոչ թե թատրոնի շենք էին ուզում կառուցել, այլ ուզում էին կառուցել պոնչիկանոց, յաղլիանոց, որտեղ այսպես թե այնպես 5000-6000 ուսանող մտնում, դուրս էին գալիս ու կարող էին մեծ գումարներ աշխատել: Ուզում եմ լրատվամիջոցներին տեղյակ պահել, որ ինստիտուտի կողքի երկու ռեստորանային համալիրները ու խանութները տրվել են մինչև իմ ռեկտոր դառնալը»:

Վարդևան Գրիգորյանն անդրադարձավ նաև կրթական փոփոխություններին՝ Բոլոնիայի համակարգ մտնելուն, որակի ապահովման աշխատանքներին ձեռնամուխ լինելուն: Ըստ նրա, այնքան հսկայածավալ աշխատանք է կատարվել այս առումով, որ երբ վերջերս «Որակի ազգային հանձնաժողովը» քննարկել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի հավատարմագրման հարցը, հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել չորս տարի ժամանակով հավատարմագրել, իսկ սա, ըստ բանախոսի, եզակի դեպք է:

Վարդևան Գրիգորյանն անդրադարձավ նաև իր ֆինանսական գործունեությանն՝ ասելով. «Ազատվելով բուհի ռեկտորի պաշտոնից՝ մոտավորապես կես միլիարդ դրամ տնտեսված մնում է ինստիտուտին՝ հետագա ծանր օրերի ու պլանների իրականացման համար»:

Վարդևան Գրիգորյանը խոսեց նաև Գյումրու կենտրոնում՝ Գորկու այգու դիմաց գտնվող ճարտարապետական նշանակություն ունեցող մանկավարժականի շենքին, որը կառավարության որոշմամբ, տաս տարով հանձնվել է տեխնոպարկին: «Կառավարության որոշումն այնքանով արդարացված չէ, որ այսօր վարձակալությամբ տարբեր կազմակերպությունների է տրված այդ շենքը, բայց երեք հազար ուսանող զրկվել են քաղաքի կենտրոնում իրենց ուսումը անցկացնելուց: Այդ շենքը մեզ համար կենսական նշանակություն ունի ու կարծում եմ, որ քաղաքի ղեկավարությունը, մարզի ղեկավարությունն, անպայման, ուշադիր պետք է լինեն, դա նաև կենսական նշանակություն ունի մեր քաղաքի համար:

Այսօր քաղաքի կենտրոն դարձել է Պարույր Սևակ փողոցը՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի շնորհիվ, որովհետև երեք հազար երիտասարդ մտնում-դուրս են գալիս ու այս փողոցի վրա է շարժը կատարվում: Իսկ Գյումրու վերածնունդը ուղիղ պայմանավորված է, թե քաղաքի կենտրոնը ինչքանով երիտասարդական շնչով կլցվի»:

Նա նաև ասաց, որ բազմիցս առաջարկվել է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը հանձնել Գյումրու մանկավարժականին, որը, ըստ էության, դարձյալ պատկանում է բուհին: Բուհն այդ շենքի վերանորոգման համար գումարային պահանջ չի ներկայացնում կառավարությանը, պատրաստ է իր միջոցներով կարգի բերել, սակայն, ըստ Վարդևան Գրիգորյանի, այն դատարկ են թողնում ու չեն տրամադրում մանկավարժականին:

«Այս քաղաքը չի վերածնվի երկու-երեք շենք ավել ու պակաս ունենալով, այս քաղաքի վերածնունդը պայմանավորված է մարդկանցով, ժամը հինգից հետո քաղաքի կենտրոնը անապատի է վերածվում»- մտահոգված ասաց բանախոսը: Նա իր խոսքի ավարտին շեշտեց, որ ինստիտուտը պատկանում է անձնակազմին, այն պետք է կառավարել կոլեգիալ հիմունքներով:

Վարդևան Գրիգորյանը խոսեց նաև բյուջեի խնդիրներից՝ նշելով, որ տարեցտարի նվազում է ուսանողների թիվը, պատճառն այն է, որ նրանք անվճարունակ են: Ըստ նրա, կան բաժիններ, որտեղ ընդհանրապես դիմորդներ չկան կամ կան մեկ-երկու դիմորդներ: «Շատ դեպքերում մենք ոգևորված նոր մասնագիտություններ ենք բացում, բայց փորձը ցույց է տալիս, որ նոր մասնագիտություն բացելը ուղիղ հարվածում է հարակից մասնագիտությանը: Այսինքն` դեղագործական քիմիան բացեցինք, այսօր քիմիայի բաժնում ընդհանրապես դիմորդ չունենք: Բացեցինք կիրառական մաթեմատիկայի բաժինը, ինֆորմատիկա բաժնում, որն ամենակարևոր մասնագիտություններից մեկն էր դպրոցի ուսուցիչ պատրաստելու գործում, այսօր զրո դիմում է: Շատ այդպիսի մասնագիտություններ կան, գերմաներենում ընդհանրապես դիմորդ չկա, ֆրանսերեն բաժնում երկու, թե երեք հոգի են ընդունվել»:

Նա նոր ղեկավարությանը խնդրեց ուշադրություն դարձնել այս հարցերին, որպեսզի շուկայի պահանջներից դուրս գալով մասնագետներ պատրաստեն: Վարդևան Գրիգորյանն ասաց, որ իր երազանքն է Գյումրիում լուրջ համալսարանը ունենալը ու շեշտեց, որ Գյումրու մանկավարժականը դե ֆակտո համալսարան է՝ բուհի 30 մասնագիտություններից առնվազն 10-ը համալսարանական են, մնում է կառավարությունը այն դե յուր ընդունի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031