Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հեղաշրջումների, հեղափոխությունների ժամանակ վայրագություններից խուսափելը գրեթե անհնար է». փորձագետը` Թուրքիայում գլխատման դեպքի մասին

Հուլիս 18,2016 21:55

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի ժամանակ նաեւ վայրագություններ են գրանցվել: Մասնավորապես, փողոց դուրս եկած թուրք ազգայնականները գլխատել են  հանձնվել ցանկացող զինվորականներից մեկին, որը հեղաշրջման կողմնակից է եղել: Կատարվածի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նախ նկատեց, որ էրդողանի կոչով՝ փողոց դուրս եկած քաղաքացիների թվում գաղափարական տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդիկ կային.

«Բնականաբար, նման գործողություններն առավելապես զայրույթի, աֆեկտի ազդեցությամբ են իրականացվել, իսկ այդպիսի դեպքերում դրանք բացառված չեն: Ինչպես պատերազմական գործողությունների, այնպես էլ որևէ պետության ներսում ուժի և բռնության կիրառմամբ ուղեկցվող գրեթե բոլոր գործընթացներում՝ ապստամբությունների, հեղափոխությունների, հեղաշրջումների և դրանց փորձերի ժամանակ հաճախ է նկատվում այդպիսի գործելաոճ»:

Արմեն Պետրոսյանը նշյալ վայրագության դեպքը միանշանակ չի նմանեցնում «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռագրին, քանի որ նման բռնություններ գրանցվել են, օրինակ, եգիպտական վերջին հեղափոխության ժամանակ, ուկրաինական ներքաղաքական զարգացումներում, իսկ շատ ավելի մեծ մասշտաբով՝ սիրիական հակամարտության շրջանակներում, ուստի, ըստ արաբագետի, ԻՊ-ի հետ անմիջական զուգահեռ տեսնելն այնքան էլ ճիշտ չէ. «Մյուս կողմից, այո, պետք է հավաստենք, որ ԻՊ-ի շարքերում գործում են տարբեր երկրներից Իրաք և Սիրիա եկած բավականին ագրեսիվ վարքով, մոլեռանդ տարրեր, և բռնությունն ու դաժանությունն այս կառույցը դարձրել է գործելաոճ՝ հետապնդելով հստակ նպատակներ»:

Պետրոսյանը մեկնաբանեց նաեւ սոցցանցերում թուրք ազգայնականների գրառումներն այն մասին, որ հեղաշրջման մասնակիցները ծառայում են հայերին, հույներին, հրեաներին: «Սովորաբար, Թուրքիայում ապակայունություն առաջացնող ներքին զարգացումների դեպքում մշտապես նման մեղադրանքներ են հնչում: Երբ Թուրքիայի ներսում արտառոց բան է նկատվում, փորձում են մեղավորության սլաքը երկու ուղղությամբ տանել` դեպի արտաքին ուժերը կամ ներքին էթնիկ ու կրոնական որոշ միավորներ: Բացի այդ, Թուրքիայի պատմության տարբեր փուլերում նման մեղադրանքները մշտապես օգտագործվել են այդ միավորների հետ հաշվեհարդար տեսնելու գործընթացներում»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Նա նաեւ նկատեց, որ Թուրքիայի նախագահի հռետորաբանությունը, հատկապես վերջին քարոզարշավի ընթացքում ուղղված էր թուրքական հասարակության ամենատարբեր շերտերին և կրոնա-գաղափարական ուղղություններին, այդ թվում՝ իսլամական, ազգայնական լսարաններին` նպատակադրվելով իր շուրջը ձևավորել առավել կուռ հասարակական աջակցություն. «Հեղաշրջման փորձի տապալման հիմնական պատճառներից մեկն էլ  այն է, որ Էրդողանը լայն հասարակական եւ քաղաքական աջակցություն ուներ: Ուժային կառույցների և հատկապես բանակի հիմնական բարձրագույն ղեկավարությունը եւս աջակցում է նրան: Նրան հաջողվել է այս տարիներին հասարակության գրեթե բոլոր շերտերի համար ընկալելի դառնալ եւ ընդունվել որպես առաջնորդ»:

Մեր զրուցակցի համոզմամբ` հեղաշրջումը գուցե և հաջողվեր, եթե այն նախաձեռնողներն ունենային շատ ավելի լայն հասարակական եւ քաղաքական աջակցություն, ինչին ականատես չեղանք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031