ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող Հայկ Կյուրեղյանին, որը ներկայումս ՊՊԾ գունդը զենքով հսկողության տակ պահող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի եղբայրն է: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը, որը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ մասին պատմող տեսանյութ:
Նրա խոսքերով. «Դրանից առաջ ես այցելել էի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ինձ այսօր էլ հնարավորություն չտվեցին տեսակցելու Ժիրայր Սեֆիլյանին, այս անգամ արդեն կար որոշակի պաշտոնական պարզաբանում, որ քննիչն արգելանք է դրել Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների վրա: Արտաքին աշխարհի հետ Ժիրայր Սեֆիլյանի կապը հիմա մաքսիմալ սահմանափակված է, ինչն ավելի է մեծացնում իմ մտավախությունը, որ Սեֆիլյանը, ստեղծված իրավիճակի մասին, չունի ամբողջական տեղեկատվություն: Եվ ստացվում է մի իրավիճակ, որ նա, չունենալով ամբողջական տեղեկատվություն, ըստ էության, կորցնում է հնարավորությունն ազդելու իրավիճակի վրա»:
Պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը պնդել է, որ ուղեկցեն իրեն մինչեւ Սեֆիլյանի բանտախուց. «Ինձ ուղեկցեցին եւ ես վիզուալ կոնտակտ ունենալու հնարավորություն ունեցա նրա հետ, սակայն մտքեր, խոսակցություն փոխանակելու հնարավորություն չունեցա: Բայց հաստատվեց այն, որ նա տեղեկատվական շրջափակման մեջ է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել նաեւ այնտեղ գտնվող մյուս քաղբանտարկյալների` Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի հետ.
«Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանն ինձ խնդրեցին եւ լիազորեցին, որ իրենց անունից լիարժեք աջակցություն եւ զորակցություն հայտնեմ «Սասնա ծռեր» խմբի տղաներին եւ այս առումով Շանթ Հարությունյանը շատ հետաքրքիր դիտարկումներ եւ եզրակացություններ ուներ: Նա ասում էր, որ այն ապօրինությունների շարքը, որը տեղի է ունենում Հայաստանում քաղաքական մակարդակով, ըստ էության, անխուսափելիորեն բերում է նման հետեւանքների եւ նա շատ պարզ հարց էր դնում, ասում էր`, որ իշխանությունները եւ ընդհանրապես հանրությունն իրեն հարց տա ինչո՞ւ է օրինակ «Սասնա ծռեր» խմբի կազմում Հայկ Կյուրեղյանի եղբայրը: Եվ Շանթ Հարությունյանը շատ հետաքրքիր բացատրություն ուներ:
Կարդացեք նաև
Կամ Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրը, որը, նույնպես, «Սասնա ծռեր» խմբի կազմում է եւ պարեկապահակային գունդը հսկողության տակ առած մարդկանց խմբում: Շանթ Հարությունյանը հարց էր դնում, որ բոլորս մեզ պետք է հարց տանք, թե ինչու են այդ մարդիկ, ի վերջո, դիմել այդ քայլին, որովհետեւ ինչպես նրանք պետք է ապրեին, իրենց եղբայրների նկատմամբ տեղի ունեցած, ակնհայտ ապօրինությունների բեռն իրենց ուսերին կրելով: Հասկանալի է, որ նրանք դիմել են տարբեր ատյաններ, բայց, ըստ էության, չստանալով կոնկրետ պատասխան, ըստ էության, նրանց առաջ բոլոր դռները փակ են եղել եւ, որպես հետեւանք, նրանք դիմել են ահա այսպիսի հուսահատ քայլի եւ Շանթ Հարությունյանը կարծում էր, որ այդ քայլով «Սասնա ծռեր» խմբի տղաներն ավելի լսելի են դարձրել այն քաղաքական օրակարգը, որը վերջին տարիներին բարձրաձայնում է ընդդիմությունը: Շանթ Հարությունյանի կարծիքով ընդդիմությանն այնքան չի հաջողվել այս օրակարգը բարձրաձայնել, որքան դա հաջողվեց անել «Սասնա ծռեր» խմբի տղաներին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ