Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանի դստերն ու կնոջը բերման ենթարկելն, ըստ իրավապաշտպանի, համարյա պատանդի տարբերակ է

Հուլիս 18,2016 21:21

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ տեղեկություններ չունի բերման ենթարկվածների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր Էրեբունի վարչական շրջանում տեղակայված պարեկապահակային ծառայության շենքի մոտից բերման է ենթարկել 10-ից ավելի քաղաքացիների, որոնց թվում էին նաեւ ակտիվիստ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դստրերը, ՀԽ-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի կինը, դուստրը եւ այլք:

Մաքսիմ Սարգսյանն արդեն ազատ է արձակվել:

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ ոստիկանությունը շարունակում է առանց հիմնավորման մարդկանց իրավունքները ոտնահարել, որովհետեւ նրանց գործելաոճն, ըստ իրավապաշտպանի, բացարձակ մարդաորս է.«Սա, ըստ սեգրեգացիայի սկզբունքի, կոչվում է մարդկանց որս: Այսինքն, եթե մարդիկ առնչություն ունեն «Հիմնադիր Խորհրդարանի» անդամների հետ, ապա նրանց եւ ՀԽ-ի անդամների հարազատների նկատմամբ շարունակվում է այդ ապօրինությունը: Ընդ որում, ոչ միայն առանց որեւէ իրավական հիմնավորման բերման ենթարկելու մասին է խոսքը, այլեւ իրավական աջակցությունից զրկելու: Փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել բաժիններ, շատ կոպիտ են վարվում, ընդհուպ այնպիսի արտահայտությամբ, որ ոստիկանը կարող է իրեն թույլ տալ ասել՝ «զահլա տարաք ձեր իրավունքներով»:

Մեր այն հարցին՝ արդյոք ՊՊԾ գնդի տարածքի վրա հարձակվողներից եւ այս պահին էլ ներսում գտնվող Վարուժան Ավետիսյանի վրա որեւէ ազդեցություն գործելու մեթոդ է նրա կնոջն ու դստերը ոստիկանական բաժին տանելը, իրավապաշտպանն ասաց.«Չեմ կարծում, թե Ավետիսյանի հետագա քայլերի վրա դա կազդի: Նախ, առաջին հերթին նրանց բերման ենթարկելն ինքնին ճնշման փորձ է, ակնհայտ ապօրինաբար, համարյա պատանդի տարբերակ է: Ազդեցություն կունենա՞,  դժվարանում եմ ասել: Բայց եթե նրանք նման քայլի գնացել են, պարզ է, որ հաշվարկել են հնարավոր քայլերը»:

Մեր այն հարցին էլ՝ Ազատության հրապարակում հանրային քննարկման մասնակիցները որոշեցին երթով գնալ դեպի ԽԽԾ գնդի տարածք՝ Խորենացի փողոց, սակայն մեծ քանակությամբ ոստիկանները խոչընդոտեցին եւ թույլ չտվեցին շարունակել, իշխանությունն ինչ-որ բանից վախենո՞ւմ է, իրավապաշտպանն ասաց. «Խնդիրն այն է, որ իշխանությունը չի ուզում արձանագրի, որ Էրեբունիի ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները հանրության կողմից չեն ընկալվում որպես իրենց կյանքին եւ անվտանգությանը սպառնացողներ: Եւ իշխանության կողմից ակնհայտ միտում կա ցույց տալու, որ այդ մարդիկ սպառնալիքներ են ոչ միան իշխանության, այլեւ հասարակության համար, ինչն իրականությանը չի համապատասխանում: Օրինակ՝ ԱԱԾ հայտարարությունը մտացածին է եւ անհիմն: Եթե հանրությունը ընկալի, որ նման վտանգ կա, նման քայլերի չեն գնան: Հիմա իշխանությունը  փորձում են ցույց տալ իբր հանրության մասին են մտածում»:

Նշենք, որ ազգային անվտանգության պաշտոնական հաղորդագրություններում նշվում է՝  «Կատարված հարձակման հետեւանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը եւ առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած եւ իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ եւ անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլեւ հանրության համար»:

Սաքունցը նաեւ ասաց, որ Ազատության հրապարկում հավաքվածներին դեպի Խորենացի փողոց տեղաշարժվելու արգելքը օրենքի խախտում է. «Նրանց տեղաշարժման իրավունքն են սահմանափակում: Պետք է նկատել, որ հուլիսի 17-ի առավոտից սկսած իրավապահ մարմինները գործում են ոչ իրավաչափ եւ ոչ իրավական դաշտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031