Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացառե՛լ ցնցումը

Հուլիս 18,2016 18:55

Երեւանում արձանագրվող իրադարձությունները մտահոգում են բոլորիս: Համահայկական լուսարձակների տակ են առնված ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, գրավողները, պատանդները, զոհի պարագան, վիրավորները, պահանջները, պաշտոնական հաղորդագրությունները, ընթացող-չընթացող բանակցությունները:

Մի կողմից կան իրավապահ եւ անվտանգության համապատասխան մարմինների պաշտոնական հաղորդագրություններն ու նրանց ընկերակցող կոչերը` օգտվելու միայն պաշտոնական լրահոսից, անուղղակիորեն ապատեղեկատվությամբ չնպաստելու համար վտանգավոր կացությունների ստեղծմանը:

Մյուս կողմից` ժողովուրդը փողոց դուրս հանելու կոչեր, կայքերի եւ այլընտրանքային լրատվությունների ճանապարհով շրջանառության մեջ դրվող ստուգված-չստուգված լուրեր, այլազան մեկնաբանություններ: Գիտակցելի է անշուշտ, որ նման իրավիճակների պարագայում շատ բարդ է լրատվություն ուղղորդելը կամ այն վերահսկելը: Այս առաջադրանքը ներկա բաց համակարգի պայմաններում իր բացասական ընկալումը ունի. նույնիսկ ամենաթեժ իրավիճակների մեջ հայկական տեղեկատվությունը չփակվեց կամ չսահմանափակվեց, ի տարբերություն անմիջականորեն «հարեւան» մեր երկրների:

Պահի լրջությունն ու ծայրահեղ նրբությունը շեշտում են հայկական լրատվամիջոցների պատասխանատուների ինքնավերահսկողության խիստ անհրաժեշտությունը: Այս դաշտը, այո՛, տվյալ պահին պետք է նկատի ունենա բազմակողմ հանգամանքներ եւ կենտրոնանա առաջնային անմիջական մարտահրավերների վրա:

Ի վերջո, չի կարելի, երբ դեռևս հստակ չէ մարդկանց ճակատագիրը ու չի երևում կյանքի սպառնալիքների տակ գտնվող երկկողմանորեն ձեւավորվելիք ավարտը – անցնել արդեն պատճառահետեւանքային վերլուծումների, ենթադրական մեկնաբանումների, փոխադարձ ամբաստանությունների միջազգային ընդհանուր ընթացող գործողությունների շարքին դասելու Երեւանը:

Նման թողարկումները կամ գրառումները, ամենայն հավանականությամբ, նպաստում են իրավիճակների գերլարման եւ թեժացման: Իրավապահ մարմիններից գրոհի բացառումը կամ գրավման գործողություն իրականացնողներից օրենքին ենթարկվելու կեցվածքների ակնկալությունները չափ ակնկալիք-պահանջներ է նաեւ տեղեկատվության ոլորտի գործիչներից եւ այս պարագայում գրառում կատարողներից բացարձակ ինքնավերահսկողություն` նպաստած  չլինելու համար հավանական որեւէ ցնցման:

Այս պահին ցնցման բացառությունն է, որ միահամուռ, համակողմանի պիտի արծարծվի առաջադրվի եւ պահանջվի:

Թվում է, որ փակուղուց, անելանելի վիճակներից  դուրս գալու բանակցային տարբերակները սկսել են ուրվագծվել: Ուժի կիրառման բացառումը, եթե մնայուն կերպով շեշտելի սկզբունք է արտաքին հակառակորդի հետ բանակցությունները շարունակելու համար, ապա ավելի քան անշրջանցելի հրամայականի պետք է վերածվի ներքին սուր հակասությունները հանգուցալուծելու համար:

Պետականություն հասկացողությունը եւ պետական համակարգը ամբողջովին կառուցված է կարգ ու կանոնի, իրավական դրույթների վրա եւ հիմնովին գիտակցելի է անշուշտ, որ իրավադրույթների պահպանման աշխատանքի լծված ծառայողներին հարվածելը պատժելի է օրենքով, թե նման իրավախախտումներ եւ օրինազանցությունների ամենաթողությունը արգելակում է իրավական պետության կայացման աշխատանքը: Այս առաջադրանքներով էլ, այլ խոսքով իրավական պետություն կայացնելու առաջնային հրամայականի համար բարեփոխված Սահմանադրությունը նկատելի ոստում կատարեց դատական իշխանությունների անկախացնելու ճանապարհի վրա:

Բարեփոխված Սահմանադրությունը պետության իրավականացման, հավելյալ ժողովրդավարացման եւ այս առումներով համակարգային անցնցում փոփոխության կարեւորագույն երաշխիքն է:

Բարեփոխված Սահմանադրության կենսագործման ուղիները հանգրվանային են, դրականորեն հեռանկարային եւ իրատեսորեն զարգացման հորիզոններ ցույց տվող, բայց մանավանդ իբրեւ եղանակ` անցնցում:

Հիմա էլ պետք է բացառե՛լ ցնցումը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031