Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսլամացված Թուրքիան ավելի վնաս է Հայաստանի համար». Արմենակ Մինասյանց

Հուլիս 18,2016 18:22

Անվտանգության հարցերով փորձագետ, միջազգայնագետ Արմենակ Մինասյանցը կապ չի տեսնում Թուրքիայում և Հայաստանում կատարված դեպքերի միջև. Թուրքիայում զարգացումները, դեպքերը  մի փոքր այլ ընթացքով գնացին քան Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նրա կարծիքով Թուրքիայում դեպքերը զարգացան մի փոքր տարօրինակ ձևով. «Ամենայն հավանականությամբ նախագահ Էրդողանը կշարունակի  պահպանել իշխանությունը: Քանի որ վայելում է Արևմտյան բոլոր առաջնորդների աջակցությունը այս պահի դրությամբ: Նախագահ Օբաման, կանցլեր Մերկելը, ԵՄ-ն հանդես եկան հայտարարությամբ, որ պետք է աջակցել ժողովրդավարական տարբերակը ընդունած իշխանություններին: Այսինքն` հայտարարությունների մակարդակով Արևմուտքին Թուրքիան անչափ անհրաժեշտ է»:

Ըստ Արմենակ Մինասյանցի հարցը կայանում է նրանում, որ Թուրքիայի հարավ արևելքում կա ռազմաօդային բազա և ՆԱՏՕ-ն և մասնավորապես ԱՄՆ-ն տեղակայած ունեն մոտ 2-3000 զինվոր, մեծ քանակությամբ օդային տեխնիկա, որի միջոցով կատարվում են կոնստանտ հարվածներ իսլամական պետության դիրքերին Իրաքում և Սիրիայում. «Հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ իսլամական պետության դեմ պայքարը թևակոխել է վերջնական հաղթական փուլ, ԱՄՆ-ն  որևիցե պարագայում չի զիջելու իր դիրքերը Թուրքիայում և առավել ևս թույլ չի տալու, որ Էրդողանի իշխանության դեմ տեղի ունենա ոտնձգություններ: Միաժամանակ արևմուտքում և մասնավորապես ՆԱՏՕ-ում մեծ ակնկալիքներ ունեն, որ Թուրքիան շարունակելու է իր  պայքարը իսլամական պետության դեմ»:

Սակայն փորձագետը նշեց, որ չնայած արտաքին աջակցությանը Թուրքիայում այժմ կան մեծ քանակությամբ ներքին խնդիրներ. «Երկրի ներսում առկա է անչափ մեծ բևեռացում, ինչը նմանվում է նման դեպքերում նաև Հայաստանում: Պետք է ճիշտ ընկալել Էրդողանի էլեկտորատը Թուրքիայում: Դա կատարելապես Ստամբուլի և Անկարայի լիբերալ ինտելիգենցիան չէ: Էրդողանի հիմնական էլեկտորատը Անատոլիայի խորքերում բնակվող ժողովուրդն է, գյուղական և գյուղաքաղաքային բնակչությունը, որ ունի, իհարկե, նացիոնալիստական կոչեր: և Էրդողանը ամենից առաջ դիմեց հենց նրանց, կոչ անելով որ բոլոր քաղաքներում մզկիթներում պաշտոնապես լինի հայտարարություն, որ բոլորը դուրս գան փողոց: Սա շատ լավ ցույց է տալիս , որքան է Թուրքիան հեռացել աշխարհիկ պետության հայեցակարգից»:

Միջազգայնագետի կարծիքով վերջին դեպքերը մեծ վնաս կհասցնեն Թուրքիայի տնտեսությանը`հատկապես զբոսաշրջությանը. «Առանց այդ էլ նախորդ տարվանից Ռուսաստանի սանկցիաների պարագայում անչափ քչացել էր զբոսաշրջիկների հոսքը: Այս պահի դրությամբ սա արդեն խուճապ է առաջացնում և տնտեսությանը շատ մեծ վնաս է հասցվելու, դեռ չեմ խոսում ռեպուտացիոն խնդիրների մասին, այսինքն` նման քանակությամբ ձերբակալություններն ու զոհերը ստեղծելու են վախի մթնոլորտ այդ երկրում, ինչը նաև մեզ համար է բավականին անհանգստացնող:

Մենք պետք է շատ լավ հասկանանք, տարածաշրջանային հարթակում ինչ երկրի հետ գործ ունենք: Ավելի իսլամականացված Թուրքիան կատարելապես վնաս է Հայաստանին: Թեև այս պահի դրությամբ Էրդողանի իշխանությունը իսլամականացված է, ունի դեռ որոշակի կանխատեսելիության տարրեր: Հեղափոխության հաղթանակի պարագայում շատ բարդ էր լինելու ասել` ինչի կարող ենք ականատես լինել»:

Միջազգայնագետի խոսքով Ֆրանսիայում Նիսի դեպքերը պետք է մի փոքր այլ հարթության մեջ դիտարկել: Ֆրանսիայում իսլամիստական տրամադրությունները բավականին արմատացած են` հաշվի առնելով այդ երկրում մեծաքանակ ներգաղթյալներին շատ ու շատ արաբական երկրներից. «Պայքարը ռադիկալ իսլամի դեմ Ֆրանսիայում ընթանում է մի փոքր սխալ ուղով: Այսինքն` շատ դեպքերում իշխանություններն ու ֆրանսիացիները իրենք են փորձում հարմարվել ռադիկալ իսլամական խմբավորումների պահանջներին: Իրավիճակը պարադոքսալ է դառնում: Քրիստոնյա զարգացած արևմտյան ժողովրդավարությամբ երկիր, որտեղ հարմարվում են  ներգաղթյալների համայնքների պայմաններին»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031