Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե ինչպես Սարոյանի համար պատրաստվող խաչքարը հայտնվեց Բեռլինում

Հուլիս 18,2016 17:52

Պարզվում է, որ այս տարի ապրիլ 24-յան օրերին Բեռլինում տեղադրված հայկական խաչքարը առաջինը չէր, այլ արդեն երկրորդը: Օրերս պատահաբար հյուրընկալվեցի մի հայ-գերմանական ընտանիք, որն իր տան բակում հայկական խաչքար ուներ: Զարմանքս մեծ էր, իսկ խաչքարի գոյության պատմությունը առավել հետաքրքրական:

Երիտասարդ տանտիրուհին` նվիրյալ հայուհի Լիլիթ Հակոբյանը, ամաչկոտ հպարտությամբ նշեց, որ «ավելի մեծ ու պարտավորեցնող նվեր, քան այս խաչքարն է, հնարավոր չէր ունենալ»:

4 Saroyani tan bakum

Տարիներ առաջ Ֆրեզնոյում ամերիկահայերը բավականաչափ հանգանակություն են արել, որ Վիլյամ Սարոյանի տան առջև կանգնեցնելու համար խաչքար պատրաստել տան հայրենիքում: Այդ գումարը հասել է Հայաստան: Այնուհետև որոշվել է, որ խաչքարը պետք է պատրաստի քանդակագործ Հովհաննես Մկրտչյանը, որն այդ տարիներին ապրում և ստեղծագործում էր Բերձորում: Այդպես էլ անում են: Հովհաննեսը սկսում է կերտել այն:

«Խաչքարի համար նախատեսված էր կրկնակի մեծության քար, այդպես էին ցանկացել ամերիկահայերը, հանգանակությունն էլ էր մեծ, ուզում էին մեծ խաչքար դնել այնտեղ: Աշխատանքների ժամանակ ինչ-ինչ պատճառով քարը կիսվում է, բնականաբար, դրանից հնարավոր չի լինում ստանալ այն, ինչ նախատեսված էր: Վարպետն էլ ստիպված նոր քարի վրա է սկսում աշխատել: Իսկ դրանից դուրս է գալիս այն, ինչ հիմա դուք տեսնում եք մեր բակում»,- մեզ հետ զրույցում պատմեց Լիլիթ Հակոբյանը:

1 Berlinum

Քանդակագործ Հովհաննեսը Լիլիթի հայրիկի` Հակոբ Հակոբյանի մտերիմ ընկերներից է: Նրանք միասին երկար տարիներ ապրել են Բերձորում և շենացրել այն: Ազատամարտիկ Հովհաննես Մկրտչյանը գյումրեցի է: Արցախյան պատերազմից հետո նա ընտանիքով տեղափոխվել է Բերձոր և ակտիվորեն մասնակցել տեղի եկեղեցու շինարարությանը, հեղինակել քանդակները և այլ աշխատանքներ արել: Իսկ անգլերենի մասնագետ Հակոբ Հակոբյանը մինչև թոշակի անցնելը Բերձորի դպրոցներից մեկն է տնօրինել և մինչև այսօր սերտորեն շարունակում է Սփյուռքի հետ համագործակցությունը Արցախ և մասնավորապես Բերձոր օգնություն և օժանդակություն անելու համար:

«2013-ին, երբ հայրս առաջին անգամ պիտի գար մեզ հյուր, Հովիկը որոշել էր մեզ այսպիսի անակնկալ նվեր պատրաստել: Շատ էր քարի վրա աշխատել վարպետը, որովհետև որոշել էին խաչքարը որպես ճամպրուկ տեղ հասցնել, կրկնակի բարակացրել էր, որ 20 կգ դառնա: Ու հայկական այս քարը անվնաս հասավ այստեղ ու հոգևոր կապով Սարոյանի հետ, որ սա պիտի գնար Վիլյամ Սարոյանի տուն, տեղադրեցինք ընկուզենու տակ: Այն կողմում էլ թթենին է, հայկական միջավայր ենք ստեղծել: Բեռլինի այս թաղամասում հայեր քիչ կան, և ով գալիս է ու տեսնում, զարմանում է, մանավանդ, որ այս տունը կառուցել են թուրքերը, ծառերն էլ նրանց տնկածն է, մոտ քսան տարվա բերքատու ծառեր` Թուրքիայից բերված տնկիներով, այսինքն` մեր պատմական հայրենիքից: Նախկին տանտերն էլ եկավ տեսավ ու … բառ չասեց, երևի ինքն էլ հասկացավ, որ ժամանակն է` թուրքերը կառուցեն, որ հայերը վայելեն»,- իր խոսքը եզրափակեց տանտիրուհին:

 

Գայանե Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031