Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանների` բնակարան ներխուժելուց հետո ակտիվիստի մայրը հիշողության մասնակի կորուստ ունի». փաստաբան

Հուլիս 18,2016 17:50

Հուլիսի 17-ի առավոտյան Ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել «Հիմնադիր Խորհրդարան»-ի նախկին անդամ Միքայել Նազարյանը, որը մինչ այս պահը գտնվում է նշված բաժնում: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ իրավապաշտպան կառույցի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Արդեն երկու օր է` չեմ կարողանում կապ հաստատել, տեսակցել` փաստաբանական գործունեությունս խոչընդոտելու պատճառով. թույլ չեն տալիս ներս մտնել: Նա չի եղել իր բնակարանում, փոխարենը բաժին են տարել հորը եւ ավագ եղբորը, հետո իրեն բերման ենթարկել Աշտարակի տարածքից` բարեկամի տնից: Բաժին տանելուց հետո հորը եւ եղբորը բաց են թողել: Ասել են` այնտեղ են, նա էլ գնացել է. դա ճնշման ձեւ է, որը գործադրում են` իրենց ուզածին հասնելու համար: Սկզբում ասել են, թե` «բռնել են, որ Երեւան չգա»: Փորձում էին ճշտել` կապ ո՞ւնի «Հիմնադիր Խորհրդարանի» հետ: Նա նախկին անդամ է. գոնե պրոֆեսիոնալիզմ դրսեւորվեր ոստիկանության կողմից: Միքայելը ծեծված չէ, բայց դա չի նշանակում, որ նրա իրավունքները չեն ոտնահարվել: Իմ տեղեկություններով` նրան բաց չեն թողնում, որովհետեւ չեն ցանկանում, որ բողոք ներկայացնի ոստիկանության դեմ»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ այլ դեպքում ոստիկանները ներխուժել են «Ոչ թալանին» շարժման նախկին անդամ Արամ Մանուկյանի բնակարան. «Նա Երեւանում չի աշխատում, տանը չի եղել: Ներխուժել են բնակարան, որտեղ մայրն է եղել: Դուռն այնպես են ծեծել, որ մայրը վախից բացել է, որ չկոտրեն. միանգամից լցվել են տուն, մտել սենյակները` առանց դատարանի թույլտվության: Մայրն ասել է, որ տղան Երեւանում չէ: Ոստիկանների հեռանալուց հետո մայրը վատացել է, երկու անգամ շտապօգնություն են զանգահարել: Հանրապետական հիվանդանոցում, որտեղ գտնվում է նա, փորձեցի պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Շոկային վիճակում էր, որովհետեւ հիշողությունը կորցրել էր: Ոստիկանությունն այնպես է գործել, որ Մանուկյանի մայրը հայտնվել է հիվանդանոցում` հիշողության մասնակի կորստով: Այս պահին նա գրեթե նույն վիճակում է»:

Հայարփին տեղեկացրեց, որ դատախազությանը հաղորդում է ներկայացնելու այն մասին, որ խոչընդոտել են իր փաստաբանական գործունեությունը, իսկ Միքայել Նազարյանին ապօրինի պահում են անազատության մեջ:

Փաստաբանի հաշվարկով` մինչ այս պահը ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը մոտ 300 է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031