Անվտանգության հարցերով փորձագետ, միջազգայնագետ Արմենակ Մինասյանցի կարծիքով ՊՊԾ-ում իրավիճակը բավականին լարված է, և չի կարող նույնիսկ գուշակել, թե ինչ է կատարվելու: Պետք է օբյեկտիվորեն ընկալել ստեղծված իրավիճակի ողջ խճճվածությունն ու բարդությունը և պահպանել զսպվածություն:
Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում վերջին 24-ժամվա դեպքերի մասին խոսելիս նա նշեց, որ մենք հիմա գտնվում ենք պատային իրավիճակում. «Իրականում նման սիմուլյացիոն խաղեր ամերիկյան փորձագիտական շրջանակներում շատ են իրականացվում: Նման խաղերի ժամանակ մի կողմը քայլ է անում, հետո`մյուսը: Սովորաբար առաջին քայլն անում է զինված խումբը, առավելությունը միշտ լինում է ոստիկանության կողմը: Մեր դեպքում դեռ չենք կարող ասել, թե ով կանի առաջին քայլը: Ով առաջին քայլ կատարի, ավելի արտոնյալ դիրքում է լինելու մյուս կողմը»:
Aravot.am-ի այն հարցին, թե շատ գործիչներ նշեցին, որ իշխանությունն էլ իր հերթին պահում է լարվածությունը, Արմենակը պատասխանեց. «Իսկ ինչ է ակնկալվում իշխանություններից այս պահի դրությամբ, որ զիջումն է անհրաժեշտ, որ այս զինված խումբը հանդարտվի կամ հանրային դժգոհությունը պակասի: Արդյոք Ժիրայր Սեֆիլյանի կալանքից ազատվելը բավարար պայման է լինելու, և դրա հիման վրա հնարավոր է լինելու այս մարդկանց զինաթափել, ՊՊԾ գունդն ազատել: Եվ ինչ է կատարվելու, պատասխանատվությունն իր վրա վերցնելու՞ է զինված խումբը` թեկուզ մահացած ոստիկանի համար: Բնականաբար իշխանությունն էլ ունի իր բացթողումները: Որևիցե մեկը չի նշում, հատկապես ընդդիմադիր հատվածում` ինչ զիջումների պետք է գնալ: Տրվել են պայմաններ, որոնցից մեկը չկատարվող պայման է: Ամեն ինչ այնքան չկազմակերպված է, որ անչափ բարդ է գուշակություններ անել: Երկխոսությունը միակ լուծումն է»:
Փորձագետի կարծիքով` մեզ այս պահին չպետք է հետաքրքրի, ձերբակալված մարդկանց քանակը և ազատվելը, այլ պետք է ինքներս մեզ հարց տանք` ինչպես ստացվեց, որ այդ 50-60 հոգուն ձերբակալեցին կամ բերեցին, հասցրին ոստիկանություն.«Երեկ մի փոքր քաոսային իրավիճակ էր քաղաքում: Ինձ էլ մեկ-երկու անգամ մոտեցան ոստիկաններ, հարցնելու` ուր եմ գնում, ինչ եմ անում: Ընդհանուր այս իրավիճակը անհանգստացնող է, որովհետև մարդկանց անհիմն ձերբակալում են և չեն ասում ձերբակալման պատճառը: Տանել ոստիկանական մաս, երկու ժամ հետո բաց թողնել, տրամաբանությունից զուրկ է»:
Կարդացեք նաև
Նա նաև չի կարծում, որ այս դեպքը կարելի է ԱԱԾ-ի բացթողում համարել. «Հեշտ է ասել, ոստիկանությունը մեղավոր էր, լավ չէին պաշտպանվել, կամ ինչպես է ստացվել վաղ առավոտյան ՊՊԾ տարածք հարձակում կազմակերպել: Կարող են լինել այլ հանգամանքներ»:
Նա նաև անդրադարձավ տրվող տեղեկատվությանը`համարելով այն կցկտուր. «Երեկ որոշ դեպքերում այնպես էր ստացվում, որ ինֆորմացիայի աղբյուրը մեր տեղական ԶԼՄ-ները չէին այլ` միջազգայինները: Ավելի լավ էին լուսաբանում քան մեր ԶԼՄ-ները: Շատ կցկտուր տեղեկատվություն ենք ստանում: Ես անգամ տեղյակ չեմ` ինչպես են ներս գործել այդ տարածք, տեսել եմ վիդեոներ, որ ցույց են տալիս ջարդված պարիսպները, բայց որևիցե հստակ բացատրություն չկա: Մի կողմից նշվում է, որ հիմնական խնդիրներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատումն է, բայց նաև պետք է ընկալել, որ միայն այդ պատճառը չէ: Այլ պահանջներ էլ կան, որոնցից մենք շատ կցկցտուր տեղեկատվություն ունենք և առաջնորդվում ենք` ինչ կտեսնենք լայվ սթրիմով»:
Վերջում միջազգայնագետն ավելացրեց, որ ամենից մեծ ձեռքբերումը կլինի դուրս գալ այս իրավիճակից առանց մարդկային զոհերի. «Հաշվի առնելով ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հետ և վերջին ժամանակահատվածում ընդհանրապես տեղի ունեցող զարգացումները Հայաստանում, կարծում եմ այս պահի դրությամբ սա ամենից ոչ ցանկալին կարող է լինել»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ