Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանն ասաց, որ ոստիկանության պարեկապահակային գնդի վրա զինված հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է: Կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ բժշկի, Հովհաննիսյանը զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հուլիսի 17-ին՝ որովայնի հրազենային վիրավորում ստացած: «Վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է, ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է, տեղափոխվել է պալատ»,- հայտարարեց Սեւակ Շահբազյանը:
Բժիշկները դեռ չեն կարող ասել, թե երբ հիվանդանոցից դուրս կգրվի գնդապետը:
Հուլիսի 17-ին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նաեւ մեկ այլ ոստիկան, որը քունքի հատվածում հրազենային թեթեւ վնասվածք է ունեցել եւ բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ