Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղինակը ոստիկանական բաժնից դուրս եկավ ծեծված վիճակում` կապտուկներով». փաստաբան Արա Կարագյոզյան (Տեսանյութ)

Հուլիս 18,2016 17:18

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Երեւանի տարբեր վարչական շրջաններից ոստիկանները բերման էին ենթարկում «Հիմնադիր Խորհրդարանի», «Ոչ թալանին» եւ այլ քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստներին: «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ իրավապաշտպան կառույցի փաստաբան Արա Կարագյոզյանը մասնավորապես խոսեց «Ոչ թալանին» շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի հետ պատահածի մասին: Հիշեցնենք` Շուշանյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ ոստիկանական բաժանմունքում իրեն ծեծել են:

«Ինձ թույլ չտվեցին ներս մտնել, ասացին` «կճշտենք»: Երկու ժամ հետո ասացին, թե Վաղինակը չի ուզում փաստաբան: Պնդեցի, որ նա զանգի իրավունք ունի եւ հեռախոսազանգով տեղեկացա, որ նա ուզում է փաստաբան: Միեւնույն է, դուռը փակեցին ինձ վրա: Առանց իրավական հիմք նշվելու, ինը ժամ նա ապօրինի պահվել է ոստիկանական բաժնում, ինչի առթիվ ես հաղորդում եմ տվել` նաեւ իմ փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու եւ Վաղինակին ծեծի ենթարկելու համար»,-պատմեց Արա Կարագյոզյանը:

Նա տեղեկացրեց, որ դեպքի օրը պարբերաբար զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանին. «Վերջինիս աշխատակազմը ներսում էր: Ասում էին` «փորձում ենք բանակցել, որ ձեզ ներս թողնեն», բայց չորս ժամ անցավ ու ինձ ներս չթողեցին: Գիշերը մեկից հետո Վաղինակը դուրս եկավ ծեծված վիճակում` կապտուկներով, աչքն ամբողջությամբ արյան մեջ էր: Պնդեց, որ իրեն ծեծել են»: Ըստ փաստաբանի` Շուշանյանին չեն ասել, թե ինչու են բերման ենթարկում. նրան առանց պատճառի ծեծել են:

Կարագյոզյանը տարօրինակ համարեց այն փաստը, որ բերման ենթարկվածներին տանում էին ոստիկանության զորքերի զորամաս. «100-ից ավելի բերման ենթարկված կար ոստիկանության զորքերում: Նաեւ երեք անչափահաս տղաներ կային` առանց ծնողի ներկայության, ինչն օրենքի խախտում է»:

Փաստաբանը նաեւ նկատեց, որ ոստիկանն իրավունք չունի քաղաքացուն բանավոր «հրավիրել» բաժանմունք. «Եթե բաժին ես կանչում, անձը պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ»:

Նկատենք, որ երեկ Ազատության հրապարակում  ոստիկանները քաղաքացիներին մոտենում էին «Մենք Ձեզ հրավիրում ենք մեքենա» խոսքերով, իսկ քաղաքացիների հրաժարվելուն հետեւում էր ուժի գործադրմամբ ոստիկանական մեքենա նստելը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031