Ողջախոհության կոչ
Այսօր ողջ հայության մտահոգ միտքն ու հոգին սեւեռված է Հայաստանի Հանրապետությունում, ի մասնավորի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման հետևանքով, ստեղծված դեպքերին ու դրանից բխող անկանխատեսելի հետեւանքներին ու զարգացումներին:
Եվրոպայի Հայերի Համագումարը, կիսելով սույն մտահոգությունը, առաջին հերթին կոչ է անում ՀՀ իշխանություններին եւ զինված խմբի անդամներին իրադրությունը առավել չսրելու եւ հավելյալ մարդկային կյանքեր չխլելու նպատակով դրսևորել համբերատար եւ ժուժկալ մոտեցում:
Պահանջում ենք ամեն գնով հրաժարվել ուժի կիրառումից եւ հարցի լուծման համար գտնել ընդունելի տարբերակներ, որոնցում նկատի կառնվեն բացառապես հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության պետականության շահերը:
Կարդացեք նաև
Հավատացած ենք որ կա եւ անպայման կգտնվի խելամիտ ելք, որով շահող դուրս կգա ժողովուրդը, հակառակ պարագային հետագա դեպքերի ամբողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները, քանի որ նրանք ունենալով բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները, քաղաքական կամքի դրսեւորման պարագային, ի զորու են արգելակելու չկանխատեսված զարգացումները:
Մենք չենք քաջալերել և չենք քաջալերում ծայրահեղ քայլեր ու գործողություններ, սակայն ցավով պիտի ասել եւ դառը իրականությունը խոստովանել, որ ստեղծված վտանգավոր եւ անբնական իրավիճակը, հակազդեցությունն է ՝ ՀՀ իշխանությունների գրեթե բոլոր օղակներում առկա անօրինությունների, երկրի թալանի, ժողովրդի սոցիալական ծանր վիճակի, անարդարությունների, կամայականությունների, դատական համակարգի ոչ արդարադատական վերաբերմունքի, երկրի ու ժողովրդի նկատմամբ անփութությունների, ահռելի արտագաղթի, ազատագրված տարածքների նկատմամբ միակողմանի զիջումների գնալու պատրաստակամության, Արցախի ու Հայաստանի անվտանգությունը սպառնացող քաղաքականության շարունակմանն ու ժողովուրդ-իշխանություն բաժանող վիհի հետզհետե խորացումի:
Կրկին անգամ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ բացառել ուժային գործողությունները: Միջազգային պրակտիկան գույց է տալիս, որ նման իրավիճակները կարող են տեւել ոչ միայն ժամեր այլ օրեր, ուստի հարկավոր է սառը դատողությամբ եւ պահի գիտակցությամբ հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ որքան էլ դա լինի երկարատեւ:
Միեւնույն ժամանակ Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտելի է համարում ՀՀ օրենքի սահմաններից դուրս տարբեր մարզերում եւ Երեւանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունները, պահանջում անհապաղ ազատ արձակել կամայականորեն ձերբակալված քաղաքացիներին, բոլոր քաղբանտարկյալներին, ավելի չծանրացնել վիճակը:
Քաղաքացիների դեմ բռնություն գործադրելը, նրանց ձերբակալությունը եւ կալանավորումը մարդու իրավունքների բացահայտ խախտում է:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու անմիջական ելքը քաղաքական և բանակցային հանգիստ մթնոլորտի հաստատումն է եւ ժողովրդի համախմբումը:
Մեր նախկին կոչ հայտարարության մեջ նշել էինք, որ «Հայաստանն այսօր ունի արմատական փոփոխությունների անհետաձգելի անհրաժեշտություն: ՀՀ անվտանգությունը և պետական շահը թելադրում են, որ այդ փոփոխությունները տեղի ունենան առանց ցնցումների և երկրի կայունությունը վտանգելու: ՀՀ գործող ղեկավարությունը կարող է այդ գործընթացին նպաստել, առաջին հերթին կալանքից ազատելով բոլոր քաղբանտարկյալներին, հատկապես կալանավորված ազատամարտիկներին, և ապա քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնել իր բանակցային դիրքը զորացնելու համար»:
Կոչ ենք անում սփյուռքում աշխատող հայկական կառույցներին, կազմակերպություններին, մտավորականությանն ու խմբավորումներին, անտարբեր չմնալ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, և համատեղ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի հայ ժողովրդի հերոս զավակների արյան գնով ազատագրված պատմական հայրենիքի՝ Արցախի, տարածքները թեթև ձեռքով չհանձնվեն օտարին:
ԵՀՀ-ը ցավակցում է զոհված ՀՀ Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթում նույն իրադարձությունների ժամանակ վիրավորված բոլոր անձանց:
Եվրոպայի Հայերի Համագումար