ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 10 անձի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանը, տեղեկանալով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից դատարանի որոշման հիման վրա հիշյալ խցում խուզարկություն կատարելու մտադրության մասին, այն խափանելու նպատակով, 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հրահրել է իրականացնել զանգվածային անկարգություններ:
Ա.Ալեքսանյանի հնչեցրած կոչերից հետո նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում պահվող կալանավորված և դատապարտված անձինք վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, այրել են և խցերի դռների կերակրադռնակներից միջանցք նետել վառվող բարձեր, ներքնակներ, սրբիչներ և այլ իրեր:
Զանգվածային անկարգության մասնակիցները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կոտրել փականները և դուրս գալով խցերից՝ մետաղյա ձողերով ու այլ առարկաներով վնասել տվյալ մասնաշենքի միջանցքում առկա գույքը, չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին՝ սպառնալով նրանց նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել:
Կարդացեք նաև
Քրեական գործով պարզվել են անկարգություններին ակտիվ մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, գործողությունների շրջանակը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Աղանիկյանին, Արթուր Բարոյանին, Հայկ Բաբայանին, Մերուժան Գևորգյանին, Գրիգոր Հովհաննիսյանին, Արտակ Ոսկանյանին, Արման Իվանյանին, Կարեն Ազարյանին և Երվանդ Թորոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե