Քաղաքագետ Աղասի Ենոքյանը հուլիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի Երեւանում տեղի ունեցած զինված հարձակմանը, ասաց, որ դրա պատճառները հասկանալու համար պետք է մի քանի օր հետ գնալ եւ տեսնել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Նա մասնավորապես հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Բաքվում ունեցած զրույցը, թե առավել քան երբեւէ մոտ են ԼՂՀ խնդրի կարգավորմանը:
«Հայաստանից ոչ մի ձայն չհնչեց, եւ Հայաստանի հետ քննարկումներ չէին գնացել: Նշանակում է՝ իրենք իրենց պատկերացումներն ունեին, թե Հայաստանը ինչ վիճակում է հայտնվելու, որպեսզի կարողանան իրագործել իրենց այս ծրագիրը: Այսինքն՝ այս գործողություններով Հայաստանը հայտնվեց չափազանց աննախանձելի իրավիճակում, այս գործողություններով Սերժ Սարգսյանը կտրուկ թուլացավ, եւ հիմա հնարավոր է, որ չկարողանա դիմագրավել Լավրովի եւ Ալիեւի ճնշումներին: Այնպես, որ այս քայլի մեջ ես տեսնում եմ արտաքին վեկտոր»,- ասաց քաղաքագետը:
Աղասի Ենոքյանը ընդգծեց նաեւ, որ այս գործողությունները ամայացրեցին քաղաքական դաշտը՝ չմնաց ընդդիմադիր քաղաքական ուժ, որը կարող է իր գաղափարներով փոփոխություններ մտցնել Հայաստանի քաղաքական կյանքում. «Իսկ եթե դու չունես այսպես կոչված սահմանադրական ճանապարհով փոփոխություններ անելու հնարավորություն, մնում է հակասահմանադրական, ահաբեկչական գործողությունը: Անհեթեթ մոտեցումը, որ մարդիկ կարող են նրանց կոչերին արձագանքել, երեւի հույսը դրա վրա էր, որ մարդիկ էլ են հասկանում՝ իրավիճակը անելանելի է»:
Քաղաքագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախագահ Սերժ Սարգսյանը նման սրված իրավիճակում գնաց Արցախ. «Մինչեւ հիմա պետական բարձր պաշտոնյաներից միայն կաթողիկոսն է, որ արձագանքել է այս իրավիճակին. չի եղել ո՛չ նախագահի արձագանք, ո՛չ վարչապետի արձագանք, քաղաքական կուսակցություններից շատ քչերն են,որ ստեղծված իրավիճակին գնահատական են տվել: Սա եւս խոսում է այն մասին, որ մենք չունենք քաղաքական դաշտ: Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը ինձ թվում է՝ անհեթեթ պահանջ է, եւ ընդհանրապես պահանջները քաղաքական չեն՝ Սեֆիլյանին արձակե՛ք, Սերժ Սարգսյանը թո՛ղ հրաժարական տա, հետո՞: Հետո ի՞նչ է լինելու: Սեֆիլյանին, ենթադրենք, ազատ արձակեցին հետո ի՞նչ է լինելու, բաց կթողնեն պատանդներին, նորից կբռնեն Սեֆիլյանին: Այսինքն՝ այստեղ ես տրամաբանական բան չեմ տեսնում. Ասելու բան չունենալով երկու անձի հետ կապված պահանջներ են առաջ քաշում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»: