Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի զարգացումն ապահովում է կրթությունը

Հուլիս 18,2016 16:00

ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի
անդամ Ռուզաննա Մուրադյանը` կրթական բարեփոխումների մասին

– Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շեշտադրեց կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: Կրթության եւ գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաեւ բուհական կրթության արդյունավետության բարձրացումը: Ձեր տեսանկյունից՝ ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ համակարգում:

– Բնականաբար, նորություն չէ, որ կրթական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտություն միշտ էլ կա, այն անընդհատ փոփոխվող ոլորտ է եւ պետք է համապատասխանի ժամանակակից մարտահրավերներին, անձի, հասարակության, պետության կարիքներին ու պահանջներին: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթական համակարգի բարելավմանը, կրթության որակի բարձրացմանը, միջազգային ոլորտում երկրի մրցունակության ապահովմանը: Հայաստանի հանրակրթության ոլորտի վերջին տարիների բարեփոխումներում առանցքային տեղ են զբաղեցնում ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ կրթության բովանդակության հարցերը: Անհրաժեշտ է շարունակել ուսուցիչներին ցուցաբերվող մասնագիտական աջակցությունն ու իրականացնել վերապատրաստման թեմատիկ դասընթացներ՝ հիմնվելով ուսուցիչների կարիքների եւ մասնագիտական զարգացման պահանջարկի վրա։ Վերջին տարիների օրենսդրական փոփոխությունները բավականին հստակություն են մտցրել ուսուցիչների կարգավիճակի, մասնագիտական զարգացման, ատեստավորման եւ տարակարգի շնորհման խնդիրների ուղղությամբ։

Այսօր մանկավարժներին եւ ծնողներին հնարավորություն է տրված մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ընդգրկվելով դպրոցի կառավարման խորհրդի կազմում: Մանկավարժները նաեւ հնարավորություն ունեն ստեղծագործաբար մոտենալու դասապրոցեսին, առաջարկներ ներկայացնելու չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման ուղղությամբ։ Այսինքն՝ շատ կարեւորվում է նրանց գործուն դերակատարումը, եւ նրանք էլ պետք է դառնան բարեփոխումներ իրականացնող սուբյեկտներ: Ընդհանրապես, կրթության ոլորտի բարեփոխումները պետք է ապահովեն կրթության շարունակականությունը՝ ներառելով կրթության բոլոր աստիճանները եւ դրանց համապատասխան օրենսդրական, կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունները, որոնք էլ ներկայումս իրականացվում են:

– Իր նշանակման առաջին իսկ օրը Լեւոն Մկրտչյանը հայտարարեց իր նախորդի` Արմեն Աշոտյանի, այսպես ասած, սխալները սրբագրելու մասին: Շատերի կողմից նրա այդ քայլը քննադատվեց: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

– Բոլորս գիտենք, որ կրթությունը պետության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, եւ պետության կողմից կրթության ապահովումը, դրա կազմակերպումն ու պայմանների բարելավումը բխում են վերջինիս շահերից: Եթե կան կրթության պետական զարգացման ծրագիր եւ այս ծրագիրը իրականացնելու բարեփոխումների տեսլական, որտեղ մատնանշված է պետության զարգացման հստակ ճանապարհը, մասնավորապես՝ կրթության ոլորտում, ապա անձերի փոփոխությունը չի կարող էականորեն ազդել հստակ մշակված եւ արդեն հաստատված կրթության պետական զարգացման ծրագրի վրա: Ինչպես արդեն վերեւում նշեցի՝ կրթության ոլորտը մշտապես գտնվում է բարեփոխումների շարունակական գործընթացում, եւ ընթացող փոփոխությունները չեն կարող կտրուկ կատարվել, այլ պետք է լինեն դինամիկ եւ ապահովեն նախորդի շարունակությունը:

– Նախարար Լեւոն Մկրտչյանը մի առիթով ասել է, որ համակարգի ամենաչկայացած օղակներն ավագ դպրոցներն են եւ մագիստրատուրաները: Այդ խնդիրների մասին խորհրդարանում էլ է բազմիցս խոսվել: Տվյալ ոլորտներում ի՞նչ թերություններ կառանձնացնեք, ի՞նչ լուծումներ եք տեսնում:

– Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները վերջին տարիներին ուղղված էին նաեւ ավագ դպրոցի կայացմանը: Ավագ դպրոցն ինքնին միջնակարգ ընդհանուր կրթության կազմակերպման վերջին աստիճանի լավագույն ձեւերից մեկն է, որը, սակայն, որպես նոր մոդել դեռեւս կատարյալ չէ: Ավագ դպրոցներում ուսումնական պլանը պետք է բավարարի ավագ դպրոցների շրջանավարտների կրթական կարիքներին, իսկ ավագ դպրոցի աշակերտի նպատակը հիմնականում բուհ ընդունվելն է, դա է պատճառը, որ ուսումնառության վերջին տարիներին աշակերտների հետաքրքրության շրջանակը մյուս առարկաների նկատմամբ նվազում է, եւ նրանք ուշադրությունը կենտրոնացնում են հիմնականում այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար: Հետեւաբար ավագ դպրոցի ուսպլանը պետք է վերանայվի, դառնա ավելի ճկուն եւ համապատասխանեցվի ավագ դպրոցի աշակերտների կրթական պահանջներին, որպեսզի նրանք իրենց նպատակին հասնելու ճանապարհին չօգտվեն կրկնուսույցների ծառայությունից: Շատ կարեւոր է նաեւ, որ ավագ դպրոցը զարգացնի աշակերտների մոտ այնպիսի կարողություններ եւ հմտություններ, որոնք կօգնեն բարելավելու իրենց կյանքը, կխթանեն նրանց նախաձեռնողականությունը, ստեղծագործ եւ նորարար մոտեցումներով հանդես գալու, ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունները՝ նպաստելով 21-րդ դարի համապատասխան կոմպետենցիաների ձեւավորմանը: Այս առումով պետք է վերանայվեն ավագ դպրոցի ծրագրերը, առարկաները, մեթոդները, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստումներ կազմակերպվեն ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների համար՝ ուղղված նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակի զարգացմանը:

Կարծում եմ, որ դպրոցից բուհ անցումը շատ ավելի հեշտ պետք է լինի, իսկ ավարտելը՝ շատ ավելի դժվար, եւ դժվարությունները հիմնականում պետք է ուղղված լինեն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելուն եւ տարբեր հետազոտական աշխատանքներ կատարելուն: Ի վերջո, բուհական կրթությունն ապահովում է մեր երկրի մասնագիտական հենքը, եւ շատ կարեւոր է, որ մշակվեն ժամանակի մարտահրավերներին դիմակայող կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երիտասարդների մտավոր ներուժի զարգացմանը: Գիտելիքահեն տնտեսություն ունենալու համար պետք է կարողանանք այսօր աշխատաշուկայում ապահովել բարձրակարգ մասնագետներ, որոնք էլ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման երաշխիքն են:

– Լեւոն Մկրտչյանին շատերն անցումային նախարար են համարում. այս տեսանկյունից, ի՞նչ եք կարծում, կհաջողի՞ նա համակարգում մեկնարկող բարեփոխումների այս գործընթացում:

– Նշեմ, որ բարեփոխումների գործընթացը նոր չի մեկնարկել, այն սկսվել է դեռեւս 1998թ.-ից, երբ նախարարը հենց Լեւոն Մկրտչյանն էր: Ինչպես արդեն նշեցի վերեւում՝ բարեփոխումների գործընթացը շարունակական է եւ հաջորդում է նախորդ փուլին կամ ծրագրին, որն ուղղված է կրթական համակարգի տվյալ ժամանակահատվածի խնդիրների լուծմանն ու բացերի լրացմանը, ինչպես նաեւ հասարակության զարգացմանն ու սոցիալ-տնտեսական առաջընթացին: Իսկ կրթությունն ընդհանրապես արտացոլում է պետության` որպես ամբողջական համակարգի զարգացման պահանջմունքը, եւ վերջին հաշվով ընդգրկում է հասարակության, պետության շահերը՝ հաշվի առնելով կրթության ոլորտում պետության վարած քաղաքականությունը: Զարմանալի չէ, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում, քանի որ անցնում է բոլորիս ընտանիքներով, եւ այն մեր երեխաների ապագան է: Այս ամենով հանդերձ՝ բոլորս հետեւողական պետք է լինենք կրթության ոլորտում առկա խնդիրների ճիշտ եւ արդյունավետ լուծմանը, քանի որ կրթության միջոցով է հարթվում երկիրը դեպի զարգացում տանելու բոլոր ճանապարհները:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031