«Ինձ համար անընդունելի է զենքով ներքին հարցերի լուծելը, եւ անսպասելի է, որ նրանք այդպիսի քայլի դիմեցին»,- հուլիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա հիշեցրեց, որ մի քանի առաջ, երբ սկսվել էր քաղաքացիական անհնազանդության իրենց շարժումը, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը, որը զինված հարձակում իրականացրածների շարքում է, վստահեցրել է, որ երբեք չեն դիմելու ուժային գործողությունների. «Ինձ համար միանգամայն անսպասելի էր այսպիսի գործողություն նրանց կողմից: Տեղի ունեցավ ողբերգություն, երբ որ զոհվեց ոստիկանության սպան, սա ամենամեծ ողբերգությունն էր այս ամեն ինչում: Հիմա ես չեմ ուզում պատճառների մասին խոսել: Իրավիճակն այնպիսինն է, որ պետք չէ թույլ տալ նոր արյունահեղություն»:
Ավետիք Իշխանյանը հորդորում է իշխանություններին գրոհի չդիմել. «Ծայրահեղ բանակցությունները թո՛ղ գնան, բայց հանգուցալուծումը խաղաղ լինի: Ինչ-որ երաշխիքներ տալ նրանց արդար դատավարության, ամեն ինչ անել միայն նոր արյունահեղություն չլինի: Ես մեծագույն ցավ եմ ապրում, ճիշտն ասած, այսպիսի շոկային իրավիճակի մեջ ես վաղուց չէի եղել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»