Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ոստիկանները, վաղ առավոտյան այցելելով անցած տարի հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստների տները, նրանց հրավիրել էին ոստիկանություն:
Նրանցից մի քանիսին մինչև գիշեր պահել էին ոստիկանությունում, բանը հասել էր նրան, որ ակտիվիստները երեկ գիշեր մի պահ փակել էին ոստիկանության «Կումայրի» բաժնի փողոցը՝ պահանջելով վերջ դնել ապօրինի գործողություններին ու ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին: Նրանց բողոքից հետո վայրկյաններ անց ոստիկանությունից ազատ արձակեցին այս երկուսին:
Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանն, Aravot.am-ի հետ զրույցում, իր զարմանքը հայտնեց այս անձանց ոստիկանություն բերման ենթարկելու կապակցությամբ: «Չգիտեմ հպարտանա՞մ, թե՞ վիրավորվեմ. ով կյանքում գոնե մեկ անգամ ինձ բարև է տվել, սաղին ոստիկանություն են տարել, մի անգամ ինձ փողոցում հանդիպած մարդուն բռնել ու ոստիկանություն են տարել, զենք են ման եկել…Ականջիս կպավ, որ անգամ «Գոհար» երգչախմբի երաժիշտներից՝ կոնտրաբասիստ Խաչիկ Դանիելյանին էին տարել ոստիկանություն, առավոտվանից տարել են, գիշերը բաց թողել, ամենաերկարը իրեն են պահել: Ինձ համար անհասկանալի է, թե այս մարդուն ինչո՞ւ են տարել, ինչո՞ւ են այդքան պահել ու առհասարակ այդ մարդիկ ի՞նչ կապ ունեն մեր գործողությունների հետ»,- ասաց Արամ Հակոբյանը:
Մեր հարցին, թե երաժիշտն էլ է ձեր համակի՞րը, Արամ Հակոբյանն ասաց. «Ոչ, նա քաղաքականության հետ բացարձակ կապ չունի, նորից եմ կրկնում՝ ով ինձ մի անգամ բարև է տվել, ոստիկանություն են տարել»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ