Լրահոս
Օրվա լրահոսը

Զինակոչիկին չօգնեց անգամ «Հայդուկ» ջոկատի պատվոգիրը

Հուլիս 18,2016 14:00

Զինակոչիկ Ռուդիկ Սարգսյանը, որի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ մեկ այլ զինակոչիկի դանակահարելու համար, երեկ վերաքննիչ քրեական դատարան ներկայացավ միայնակ, ինչպես նախորդ անգամ: Միակողմանի ծնողազուրկ Ռ. Սարգսյանը հրաժարվել էր պաշտպան ունենալուց, կողքին չկար անգամ հարազատ մեկը, ընկեր կամ մտերիմ:
Նա դատարանին ներկայացրեց բարեգործական կազմակերպության տեղեկանքը, համաձայն որի՝ ապրիլի 5-ից մայիսի 21-ը մասնակցել է «Հայդուկ» ջոկատի կազմում Արցախի սահմանների պաշտպանությանը: Կար նաեւ պատվոգիր, որը տրվել էր «խիզախության եւ հայրենասիրության համար»: Անկեղծ, չհասկացվեց, թե ով է եղել հրամանատարը, եւ ինչ խիզախություն է նա ցուցաբերել:

Նախագահող դատավոր Լիլիթ Թադեւոսյանը հարգեց նրա միջնորդությունը՝ սույն փաստաթղթերը կցելով քրեական գործի նյութերին: Դատարան չէին ներկայացել տուժողը՝ Հարություն Առաքելյանն ու դատախազը՝ պարոն Երիցյանը, որն, ի դեպ, նախորդ դատական նիստին ներկայացրեց իր բողոքը՝ պահանջելով ազատազրկման ձեւով պատիժ:
Դատարանը բողոքի քննությունը համարեց ավարտված:

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատարանը բավարարեց դատախազի բողոքը, Ռ. Սարգսյանի համար պատիժ սահմանեց 3 տարի ազատազրկումը՝ բեկանելով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի կայացրած դատավճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատավճիռ էր կայացրել:
Դատաբժշկական փորձագետները հանգել էին այն եզրակացության, թե տուժողին դանակով հարվածելու պահին Ռ. Սարգսյանը չի գտնվել աֆեկտի վիճակում, սակայն գտնվել է նվաստացած, ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող հուզական լարված վիճակում:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, դատավորներ Մխիթար Պապոյանի եւ Արարատ Պետրոսյանի մասնակցությամբ, որոշեց նաեւ՝ Ռուդիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, կմնա մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատախազ Երիցյանը, դեռ անցյալ նիստին Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումներից հղումներ կատարելով, պահանջել էր, որպեսզի պատիժը համապատասխանի հանցագործության ծանրությանը, լինի արդարացի, արդարացված:
Հիշեցնենք, որ Ռ. Սարգսյանն անցյալ տարվա հունիսի 18-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի 3-րդ բաժանմունքի թիվ 1 սենյակում տուժող Հարություն Առաքելյանին դանակահարել էր՝ նրա որովայնի շրջանում պատճառելով ծանր վնասվածք:
Նա գտնվել էր հոգեբուժարանում՝ Էջմիածնի զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրով, հետազոտման նպատակով:

Ըստ քրեական գործի նյութերի, երբ զինակոչիկները պառկել էին քնելու, տուժող Հ. Առաքելյանը սեռական բնույթի հայհոյանքեր է տվել Սարգսյանին, հողաթափերը նետել նրա ուղղությամբ: Սարգսյանն ի պատասխան՝ հայհոյել էր նրան, ապա բարձի տակից հանել դանակը, հարվածել, երբ տուժողը մոտեցել էր մահճակալին եւ հողաթափով գլխին էր խփել: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության ժամանակ, նախորդ դատական նիստին, ամբաստանյալն ասաց միայն, որ կատակներ են արել, եւ կատակն ի վերջո ավարտվել է դանակահարությամբ:

Տուժող Հարություն Առաքելյանն էլ հետազոտման նպատակով է գտնվել հոգեբուժարանում, Ռ. Սարգսյանին չէր ճանաչել եւ ծանոթացել էին հոգեբուժական կենտրոնում:
Տուժողին դանակով հարվածելու պահին նա չի գտնվել աֆեկտի վիճակում, բայց գտնվել է նվաստացած, ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող հուզական լարված վիճակում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031