Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունն Աստծո պարգեւն է, բայց մարդկությունը պարտավոր է պահպանել այն

Հուլիս 18,2016 13:30

Այսօր, երբ մեր շուրջն ամենուր պատերազմ է, ավերածություններ, հակակրանք, ատելություն, անարդարություն, ահաբեկչություն, եկել է ժամանակն իմաստավորելու մեր կյանքը: Նման սարսափազդու վիճակից արագ դուրս գալու եւ նորից չընկնելու համար: Նման ոճրագործությունները կանխելու եւ վերացնելու համար: Գերակայությունը տանք խաղաղությանը, արդարությանը, ապրենք խաղաղությամբ՝ միմյանց հետ հաշտ եւ արդար, վստահության ամուր մթնոլորտ ստեղծելով: Հատկապես դասեր պետք է քաղեն բոլոր նրանք, ում թույլտվությամբ եւ «օրհնությամբ» ու փողերով, միջոցներով ստեղծվեց Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը: Որը մինչեւ օրս էլ գործում է, սպառնում է աշխարհին եւ մարդկությանը: Նրանք պետք է պարզ գիտակցեն, որ ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում ներման չեն արժանանա: Որովհետեւ նրանց կատարածը՝ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային ահաբեկչությունը, անգործությունը նման ոճրագործությունները կանխելու գործում, ցեղասպանությունների կատարումը վաղեմության ժամկետ չունեն, դրանք դատապարտվել են, դատապարտվում են եւ պետք է դատապարտվեն մարդկության կողմից:

2014թ. օգոստոս ամսից մինչեւ օրս Մերձավոր Արեւելքում եզդի ժողովուրդը քրիստոնյաների հետ ահավոր ցեղասպանության ենթարկվեց: Որն ամենասարսափելի երազներում նույնիսկ հնարավոր չէր տեսնել: Այդ ոճրագործությունը շարունակվում է մինչեւ օրս: Ականատեսի վկայությամբ՝ հունիսի 2-ին ԻՊ-ի հրեշները Մոսուլի կենտրոնի հրապարակներից մեկում 19 եզդի աղջիկների դրել են երկաթե վանդակների մեջ եւ նրանց այրել են հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ: Նրանց պատժել են խալիֆաթի զինյալների համար ստրկուհի դառնալու մերժման պատճառով: Իսկ ինչպես միշտ՝ աշխարհը լուռ է, անտարբեր ուրիշի ցավին, չի լսում ու չի տեսնում:

Ասում են՝ ոչ ոք չի փորձել փրկել նրանց դաժան մահապատժից: Աստված իմ, մի՞թե ոչ ոք չի տեսնում՝ ինչ է կատարվում: Թե թույլ տամ ինձ կասկածել նաեւ Աստծո «չարը» պատժելու զորությանը: Իսկ ՄԱԿ-ի անդամ Թուրքիան, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, հարյուրավոր զինվորներ է ուղարկում Սիրիա, Իրաք՝ եզդիների եւ քրդերի դեմ կռվելու համար: Թուրքիայում 23.06.2016թ.-ին բանտից ազատել են 77-ամյա կնոջը՝ 3-ամսյա կալանքից հետո, որի մեղքը կայանում է նրանում, որ կոչ է արել դադարեցնել պատերազմը եւ ահաբեկչությունը: Իսկ այսօր աշխարհը Թուրքիայի նման պետությանը վստահում է փախստականներին պահելու եւ նրանց կյանքի անվտանգությունը: Ապրելով օտարության մեջ, մենք՝ եզդիներս, միայն մեկ նպատակ ունենք. վերադառնալ եւ խաղաղ ապրել մեր բնօրրանում` Շանգալում: Մեր եզդիների համար անհնարին է ապրել եւ չլինել մեր հոգեւոր Առաջնորդարան Լալիշա Նուրանիում: Այժմ հոգեւոր Առաջնորդարանի շրջակայքում ապրում են հազարավոր ցեղասպանություն ապրած եզդիներ:

Որոնց համար մեր ժողովրդի Սուրբ Առաջնորդարանը դարձել է մի տեսակ հոգեւոր վերականգնողական, հույսի եւ հավատի կենտրոն: Մարդիկ արդեն կարծես թե «մոռանում են իրենց ցավը», սպասում են իրենց բնօրրանի լրիվ ազատագրմանը: Նրանց մեծ մասը հոգնել է փախստականների ճամբարների կյանքից, որտեղ ապրել են շուրջ 2 տարի: Նրանք գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, քան մնալ այդ ճամբարներում, որտեղ ապրելու ոչ մի տարրական չափորոշիչ չի պահպանվում: Եզդիների մի մասը փախչում է դեպի Եվրոպա, բայց այստեղ էլ նրանց համար անվտանգ չի: Նրանք հայրենիքից, իրենց բնօրրանից դուրս իրենց ապագան չեն պատկերացնում: Այս 2 տարիների ընթացքում Իրաքից արդեն հեռացել են 100-120 հազար եզդիներ: Ականատեսները պատմում են, որ նրանց դիտավորյալ են պահում ճամբարային այդպիսի ոչ մարդկային պայմաններում, որպեսզի նրանք փախստական դառնան: Այդ այն դեպքում, երբ եզդիները դարեր շարունակ ենթարկվել են խտրականության, իրավազրկման եւ ցեղասպանության:

Բայց հիմա մենք այլեւս անօգնական չենք, մենք ուժեղ ենք, մենք կարող ենք պահել եւ պաշտպանել մեզ: Մեր օջախը, մեր բնօրրանը, որտեղ մենք ոչ եկվոր ենք, ոչ էլ անցվոր: Մեր եզդիական զինված ջոկատները համարյա լիովին մաքրել են ահաբեկիչներից մեր բնօրրանը, վերահսկում են կարեւորագույն ճանապարհները, քաղաքները, հենակետերը: Չնայած թվային գերազանցությանը, ահաբեկիչներն արժանի հակահարված են ստանում եզդի ազատամարտիկներից: Մինչեւ օրս Շանգալի տարբեր հատվածներում մարտեր են գնում, ԻՊ հրոսակախմբերը պարտվում են: Բայց Շանգալի լրիվ ազատագրումը պարզապես պահանջում է միասնություն, համախմբվածություն, նույնիսկ աշխարհի գերհզորների «թույլտվությունը», մենք ազատագրում եւ վերջնականապես կազատագրենք մեր հայրենիքը, մեր բնօրրանը:

Անկախ ամեն ինչից, մեր տունը Երկիր մոլորակն է, որտեղ մարդկությունը ճանապարհորդում է միասին: Այսօր բազում վտանգներով լի է մեր ճանապարհը, բայց աղոթենք առ Աստված, լինենք միասին եւ ամոքենք մեր վերքերը: Ապրել ենք, ապրում ենք ու կապրենք միասին: Խոնարհվելով Աստծո կողմից մեզ տված ճակատագրի առջեւ: Ուղղենք եւ վերացնենք դժվարությունները: Միասնական հավատով եւ կամքով մոռանանք մեր առանձին սեփական շահերը, տարբեր հաշիվները, խոչընդոտները: Աշխարհի գերհզորներ, մեր ընդհանուր տանը իրական վտանգ է սպառնում: Մեր ժողովուրդը ստիպված թողել է ամեն ինչ, նույնիսկ շատերը կորցրել են իրենց կյանքը: Սոսկալի այն փորձությունները, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը, նույնիսկ հիշելիս «մեծ» ցավ է պատճառում: Այդ վերքերը երբեք չեն վերանա, բայց մենք ուզում ենք այդ «ցավը» դարձնենք խաղաղության, համերաշխության հիմքը, սկզբնաղբյուրը: Ուզում ենք, որ աշխարհը մի պահ մեր ցավով իրեն զգա եւ սթափվի:

Ատելությունը սերմանող կոչերի դեմ միասնական պայքարենք, լինենք գթասիրտ եւ մեծահոգի: Իմաստությունն ասում է, որ պատերազմը եւ ատելությունը երբեք չեն հաղթի:
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ

 

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031