Լրահոս
Օրվա լրահոսը

Վինթերբերգի «Համայնքը»՝ երազների ու միայնակության մասին

Հուլիս 18,2016 13:00

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի հետաքրքիր ծրագրերից է «Դանիական նոր կինոն», որը փառատոնն իրականացնում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Սա Դանիական կինոինստիտուտի եւ «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: «Դանիական նոր կինո» ծրագրում ներկայացված են վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը:

Թոմաս Վինթերբերգի «Համայնք» (2016 թ.) ֆիլմով էլ մեկնարկել է այդ ինքնատիպ ծրագիրը։ «Համայնքը» Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր է, երկու աստղերի` Թրինե Դյուրհոլմի եւ Ուլրիխ Թոմսենի հոյակապ խաղը էլ ավելի է արժեւորում դրամատիկ այս կտավը:

Իսկ ինչի մասին է «Համայնքը»: Արդեն ծերացող ճարտարապետ Էրիկն ու հեռուստամեկնաբան Աննան փորձում են իրենց կյանքն ավելի բազմազան ու հետաքրքիր դարձնել, ընդհուպ բոհեմական վայելքների են տրվում:

6-1-2

Նրանք մի երազանք ունեն. իրենց աղջկա՝ Ֆրայայի հետ Կոպենհագենի էլիտար թաղամասներից մեկում՝ Էրիկի հսկայական առանձնատանը համայնք են հիմնում: Այդ առանձնատանը բնակեցնում են ինչպես ընտանիքի բարեկամների, այնպես էլ ուրախ մի գործազուրկի եւ անգամ Էրիկի ուսանողուհուն, որը հետագայում դառնում է նրա սիրուհին:
Ողջ պատմության առանցքում այս համայնքն է, համայնքի կիզակետում՝ ընտանիքը: Թվում է՝ բոլորը երջանիկ են, մասնակցում են ընտանեկան ժողովների, ընթրիքների ու երեկույթների, գնում նուդիստական լողափ: Ու այն ամենն այնքան ժամանակ, մինչեւ սիրային կապը կխաթարի համայնքի բնականոն կյանքը: Ֆիլմը յուրօրինակ կառուցվածք ունի, այստեղ եւ նուրբ հումոր կա, եւ ցավ, եւ երազանքներ ու իրականություն վերադառնալու զգացումի դառնություն:

Հարցազրույցներից մեկում 47-ամյա Վինթերբերգը պատմել է, թե ինչպես է հղացել իր «Համայնքը» նկարելու գաղափարը: Պարզվում է՝ ժամանակին իր ծնողներն էլ են նման մի համայնքում հաստատվել` իրենց հետ վերցնելով Թոմասին եւ քրոջը: Թոմաս Վինթերբերգը նշել է, որ ԱՄՆ-ում նման համայնքներին սովորաբար վերաբերվում են որպես աղանդների, կամ էլ՝ լավագույն դեպքում մտածում են, թե այնտեղ բուսակեր հիփիներ են ապրում:
«Իրականում դա այդպես չէ: Համայնքներում ապրում են գիտնականներ, հեռուստատեսության աշխատակիցներ, ուսյալ մարդիկ: Օրինակ, իմ հայրը կինոքննադատ էր, ոչ մի արտառոց բան այնտեղ չեմ տեսել: Ճիշտ է, մենք աթեիստներ էինք, մի քիչ այլ կյանքով էինք ապրում, բայց այնպես չէր, որ ազատ սեր կար, կամ սենյակով մեկ թմրանյութեր էին թափված: Իսկ գարեջուրը, իհարկե, քչություն չէր անում: Կարեւորը՝ ջերմ ընկերական մթնոլորտ էր»,-նշել է կինոռեժիսորը: Նաեւ հավելել է, որ հաճախ է մտածել ժամանակակից դանիացիների մասին, որոնցից շատերը միայնակ են, անգամ սիրահար զույգերի պարագայում միայնակության ու լքվածության զգացում կա, ու ինքը հենց այդ միայնակության մասին է ցանկացել պատմել իր «Համայնք» ֆիլմում:

Իմիջիայլոց, Թոմաս Վինթերբերգը Լարս ֆոն Թրիերի, Սյորեն Քրագ-Յակոբսենի եւ Քրիստիան Լեւրինգի հետ «Դոգմա» կինոմանիֆեստը ստորագրած չորս եղբայրներից մեկն է: «Դոգմա»-ի հղացքի համաձայն՝ նկարահանած նրա առաջին ֆիլմը՝ «Հանդիսությունը» (1998), Կաննի կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի մրցանակին: Նրա հաջորդ՝ «Ամեն ինչ սիրո մասին» (2003) եւ «Սիրելի Վենդի» (2005) ֆիլմերը ներկայացվել են Սանդենսի փառատոնում: 2010-ին Վինթերբերգի «Սուբմարինոն» ներգրավվել է Բեռլինի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում եւ արժանացել Հյուսիսային խորհրդի կինոմրցանակին: «Որսը» 2012-ին ընդգրկվել է Կաննի մրցութային ծրագրում եւ մրցանակ բերել տղամարդու լավագույն դերակատարման համար, ինչպես նաեւ արժանացել Էկումենիկ ժյուրիի մրցանակին, իսկ ֆիլմի օպերատոր Շարլոտ Բրուս Քրիստենսենը տեխնիկական նվաճումների համար արժանացել է «Հրաբուխ» մրցանակին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031