Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊՆ. բանակի հետ կապված տեղեկատվություն տարածել դրա հավաստիությունը ճշտելուց հետո

Հուլիս 18,2016 12:08

Համացանցում Մարտակերտի զորամասի բուժկետի պետ ներկայացած անձնավորությունը, ով 1979թ. ծնված Գայանե Միլլերի Ավետիսյանն է, պաշտպանության բանակի շարքերում երբևէ չի ծառայել և չի ծառայում:

Զանգվածային լրատվության միջոցներից խնդրում ենք բանակի հետ կապված տեղեկատվություն տարածել դրա հավաստիությունը համապատասխան ծառայության հետ ճշտելուց հետո:

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Առավոտի» կողմից. Նույն տեսանյութի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Մի տեսանյութ է տարածվել, որտեղ Արցախի Մարտակերտի բուժկետի պետ ներկայացող կինը բողոքում է, թե Երևանում ոստիկանները բռնել են իրեն, պոկել ուսադիրներն ու խլել սվին-դանակը, այն դեպքում, երբ ինքը ընդամենը հիվանդ զինվոր էր բերել հոսպիտալ:

Մի կողմ թողնենք, որ դաշտային համազգեստը ուսադիրներ չունի, ու նաև՝ բուժծառայողները սվին-դանակ չեն կրում: Սա թողնենք լրագրողի իմացությանն ու պրոֆեսիոնալիզմին:

Հարցը այլ է ու շատ ավելի կարևոր: Բանն այն է, որ Մարտակերտի բուժկետում Գայանե Միլլերի Ավետիսյան անուն-ազգանունով անձնավորություն գոյություն չունի: Սույն կինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է, ծնված 1979 թվականին և ունի առողջական խնդիրներ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ապրիլի մարտական գործողությունների ժամանակ էլ նա Արցախի տարբեր բնակավայրերում ներկայացել է որպես ՀՀ երկրապահ կամավորական միության անդամ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող և այլն: Նույն ժամանակահատվածում հայտնվել է Արցախի իրավապահների տեսադաշտում:

Կարծում ենք բավարար տեղեկատվություն է հիշյալ կնոջ և կատարվածի մասին իրական պատկերացում կազմելու համար: Բայց կա մի խնդիր ևս. սոցցանցերում տարածված այս ակնհայտ ապատեղեկատվությունը հերթական օղակն է անթաքույց քարոզչական շղթայի, որ երեկվանից ոմանք բուռն ծավալել են մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին:

Իհարկե, ցանկացած ապատեղեկատվություն չափազանց կարճ կյանք է ունենում, բայց այդ ընթացքում հասցնում է մարդկանց մոլորության մեջ գցել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնել ցանկացողների պակաս չկա: Հատկապես այս օրերին, մեղմ ասած, տգեղ է նման գործելակերպը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031