Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դարի ձայնը»

Հուլիս 18,2016 12:30

Ընդամենը մեկ-երկու օրից պատրաստ կլինի արվեստաբան
Սերգեյ Առաքելյանի՝ Ռուբեն Մաթեւոսյանին նվիրված գիրքը

«Ռուբեն Մաթեւոսյանի վրա չազդեց ոչ «վերեւների» պարտադրանքը, ոչ անճաշակ ունկնդիրը: Փոփ եւ համատարած անճաշակության՝ արաբա-քրդական, թրքա-նեյնիմական խառնաշփոթի եւ սնկի պես աճող անպտուղ ծառեր հիշեցնող «աստղիկների անտառի» մեջ նա փոխեց մեր ունկնդրին, զսպեց նրա ճաշակին պարտադրվող անճաշակությունը: Վկան՝ ազնիվ երգին երգչի անփոփոխ հավատարմությունը: Ռուբենը հայոց երգի ջահը ժառանգել է ժողովրդից, Կոմիտասից… Գուցե վերամբարձ է, բայց՝ ճշմարտություն: Ռուբեն Մաթեւոսյան անունը պետք է հնչեցնել իբրեւ աղոթք: Ռուբենը դարի ճակատը զարդարող եւ երկիր ներկայացնող անհատականություն է, եւ իրավունք ունի ասելու՝ ռուբիկոնն անցել եմ…»: «Առավոտի» հետ զրույցում ժամանակին անվանի երգչի մասին այսպես է արտահայտվել արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, որը հեղինակ է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի: Թվով 15 աշխատություններին՝ նվիրված մեծերին, այդ թվում՝ Գոհար Գասպարյան, Հովհաննես Չեքիջյան, Օֆելյա Համբարձումյան, Բաբկեն Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Գալյա Նովենց, Սվետլանա Գրիգորյան, Երվանդ Ղազանչյան, հեղինակը գումարեց 16-րդը՝ «Դարի ձայնը» խորագիրը կրող գիրքը՝ նվիրված Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին:

Մեր դիտարկմանը, թե ունեցել ենք իսկապես դարի ձայն Գոհար Գասարյան, բայց երգչուհու գիրքը ընդամենը վերնագրված է իր անուն-ազգանվամբ, Սերգեյ Առաքելյանը, որը Գոհար Գասպարյանի կենսագիրն էր, ընդամենն ասաց. «Գոհարը իսկապես դարի ձայնն է: Ինչ վերաբերում է Ռուբենի գրքի վերնագրին, երգչի արվեստին անդրադառնալով՝ ժամանակին ընդարձակ հոդվածներ են տպագրվել ֆրանսիական «Ֆիգարոյում», Ամերիկյան «Նյու Յորք թայմսում», ռուսական «Սովետսկայա կուլտուրայում»…, որտեղ մասնագետները նրան անվանել են դարի ձայն»:

ruben_matevosyan_hraver

Ինչ վերաբերում է իր հեղինակած գրքին, պարոն Առաքելյանը նշեց, որ այնտեղ տեղ են գտել ոչ միայն արվեստագետների, այլեւ քաղաքական գործիչների ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց խոսքը Ռուբեն Մաթեւոսյանի մասին: Ասաց, որ երգչով հիացած էին Անրի Վեռնոյը, Ժորժ Կառվարենցը, Վիլյամ Սարոյանը, Մարիետա Շահինյանը, Արամ Խաչատրյանը, Վահրամ Փափազյանը, Դմիտի Շոստակովիչը, Պարույր Սեւակը, Գոհար Գասպարյանը, Շարա Տալյանը, Պավել Լիսիցյանը եւ բոլորին չես թվարկի:
Հետաքրքրվեցինք, թե որ թվականից է երգիչը բեմում: Մեր զրուցակիցը հայտնեց. «Ռուբենն առաջին անգամ բեմ է բարձրացել 1961թ., «Արամ Խաչատրյան» համերգասրահում, երբ ընդամենը 21 տարեկան էր: Իսկ նրան ընկերակցում էր արդեն համբավավոր մի կոլեկտիվ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի վաստակավոր կոլեկտիվ ժողգործիքների անսամբլը՝ Արամ Մերանգուլյանի ղեկավարությամբ: Ռուբենը մեր իրականությունում առաջին արտիստն էր, ով ընդամենը 27 տարեկանում արժանացավ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման (ժողովրդականը ստացել է 1976թ.)»:

Հարցին՝ ի վերջո ո՞վ է հայտնաբերել Ռուբեն Մաթեւոսյան երգչին, այս առիթով ճիշտ է անվանի, բայց մի քանի «հայտնաբերողների» անուններ են հնչում, Սերգեյ Առաքելյանը դարձյալ հիշեց 1961թ. եւ հետո պարզաբանեց. «Ռուբենին առաջին անգամ հեռախոսով է լսել Արամ Մերանգուլյանը, այն էլ 15 երգ, որին հետեւել է հրավերը ժողգործիքների նվագախումբ: Պետք է նշել, որ ի երջանկություն Ռուբենի, հենց 1961թ. մեզ մոտ առաջին անգամ հայտարարվեց աշուղ Շերամի երգերի կատարողների մրցույթ: Մասնակցում էին նշանավոր երգիչներ՝ Շողիկ Մկրտչյանը, Արաքսի Գյուլզադյանը, Վաղարշակ Սահակյանը… Բայց առաջին մրցանակը հանձնախմբի որոշմամբ շնորհվեց Ռուբենին: Զարմանալ հարկավոր չէ. իսկապես դարի ձայն է մեր Ռուբենը: Նա այդքան երիտասարդ հասակում մասնակցել է մեր մեծերի՝ Կոմիտասի, Թումանյանի, Իսահակյանի ծննդյան 100-ամյակներին, բազմիցս տարբեր միջոցառումների շրջանակներում հանդես է եկել Մեծ թատրոնում, Միությունների տան սյունազարդ դահլիճում, Չայկովսկու անվան դահլիճում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում… Էլ չթվարկեմ արեւմտյան հեղինակավոր դահլիճները, որտեղ բեմ է բարձրացել երգիչը…»:

Արվեստաբանն ասաց, որ գիրքը գրելիս աշխատել է, որ Մաթեւոսյանի ստեղծագործական դիմանկարից ոչ մի շտրիխ դուրս չմնա: Հայտնեց նաեւ, թե գրքի հրատարակումը իրականացվել է ՀՀ վարչապետի աջակցությամբ, շնորհանդեսն էլ կկայանա հուլիսի 20-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031