Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապի այցելությունից հետո

Հուլիս 18,2016 12:00

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան մեծ իրադարձություն ու իսկական տոն էր ոչ միայն հայերիս համար, այլեւ հենց իր՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համար, որովհետեւ նա լավագույնս էր գիտակցում ու հասկանում՝ ուր է եկել:
Նա հասկանում ու գիտակցում էր այն, ինչ շատերս չենք հասկանում ու չենք գիտակցում: Չենք հասկանում ու չենք գիտակցում, որ առաջին քրիստոնեական երկիրն ենք: Չենք հասկանում ու չենք գիտակցում, որ ջրհեղեղից հետո Նոյն իր գերդաստանով հենց մեր հողին է ոտք դրել: Այսինքն՝ չենք հասկանում ու չենք գիտակցում, որ այս երկիրն ու այս հողը սուրբ են:

Այդպես է. մարդ արարածը շատ հաճախ չի տեսնում ու ըստ արժանվույն չի գնահատում այն ամենը, ինչ իրենն է: Այդպես շատ հաճախ ծովափին ծնված ու մեծացած շատերը չեն տեսնում ու չեն զգում ծովի ողջ հմայքն ու գեղեցկությունը: Ի տարբերություն հովեկների:
Մենք իսկապես մշակութային ազգ ենք: Աշխարհին Նարեկացի, Խաչատրյան, Արշիլ Գորկի, Սարյան եւ շատ ուրիշ հանճարներ ենք պարգեւել: Եվ, որ ամենակարեւորն է, աշխարհն է դա ընդունում, եւ դա բնական ու տրամաբանական է, որովհետեւ հանճարները ոչ միայն իրենց ժողովրդին են պատկանում, այլեւ ողջ աշխարհին: Ուրիշները մեզ են տեսնում ու գնահատում, մենք՝ ուրիշներին: Շեքսպիրը հայ չէ, բայց Համլետներն ու Օֆելյաները Հայաստանում ավելի շատ են, քան Շեքսպիրի հայրենիքում:

Մենք մեր Նարեկացուն սիրել ենք, պաշտել ենք, «Նարեկը» մեր բարձերի տակ ենք դրել, «Մատյանն» աշխարհի տարբեր լեզուներով ենք թարգմանել, բայց Նարեկացին աշխարհինը չէր դառնում, եւ բավական էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապի անդրադարձը Գրիգոր Նարեկացուն, որ Նարեկացին աշխարհինը դառնար: Եվ դրանից աշխարհն է շահելու՝ ինչպես որ շահեց վերջին տարիներին մեր դուդուկն իրենը դարձնելով:
Հայաստան այցելության օրերին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր խոսքում անդրադարձավ նաեւ հայոց խաչքարին: Համոզված եմ, որ շատ շուտով աշխարհը կսկսի հետաքրքրվել մեր խաչքարով, եւ այս դեպքում վերստին աշխարհն է շահելու, որովհետեւ մեր խաչքարն իսկապես կհամալրի ու կհարստացնի համաշխարհային մշակույթի գանձարանը:
Մենք մշտապես եվրոպական կառույցներում ելույթներ ենք ունենում առ այն, որ թուրքերն ու ադրբեջանցիները Ջուղայում եւ այլուր ոչնչացրել ու ոչնչացնում են մեր պատմական հուշարձաններն ու հատկապես խաչքարերը: Մեր բողոքները հիմնականում անարձագանք են մնում. կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ այն է, որ եվրոպացիք ու աշխարհը չգիտեն ու չեն պատկերացնում, թե մշակութային առումով ինչպիսի բացառիկ հարստություն ու արժեք է հայկական խաչքարը: Հուսով եմ՝ շուտով կպատկերացնեն, եւ երբ պատկերացնեն, հաստատ իրենց էլ ցավ կպատճառի այն, ինչը մեզ է ցավ պատճառում:

Նախքան Հայաստան այցելությունն էլ զգացվում էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին: Զգացվեց նաեւ, որ այցելությունից հետո այդ սերը ոչ թե պակասեց, այլ ավելացավ: Պատճառներից մեկն էլ մեր հոգեւոր ու մշակութային սրբազան մասունքների հետ անմիջական շփումն էր:

Հուսով եմ, որ Պապի այցելությունից հետո մեր սերն էլ կավելանա առ մեր հայրենիք ու մեր ժողովուրդ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ»

 16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031