Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեհաստանի «Հայկական գաղթօջախների արվեստը»

Հուլիս 18,2016 11:30

2016թ. հունիսի 16-18-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքի Ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայ արվեստը գաղթավայրերում» 2-րդ միջազգային գիտաժողովը, որին բացի հայաստանյան 5 ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ 12 գիտնականներ՝ ԱՄՆ-ից, Սերբիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Հունաստանից, Հունգարիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից: Օտար գիտնականները իրենց զեկուցումներում շոշափեցին հայ արվեստի ուսումնասիրման համար խիստ արդիական տարբեր հարցեր: Հայ արվեստի եւ մշակույթի ուսումնասիրությունը Համաշխարհային արվեստների պատմության լեհական ինստիտուտում սկսվել է 2008թ.: 2010թ. նույն ինստիտուտը Զամոշչ քաղաքում կազմակերպել է ցուցահանդես, հրատարակել կատալոգ, ինչպես նաեւ կազմակերպել առաջին միջազգային գիտաժողովը «Հայ արվեստը գաղթօջախներում» խորագրով:

Գիտաժողովի նյութերը հրապարակվել են «Series Byzantina» հոդվածաշարի 9-րդ հատորում (2011թ.): Այս ժամանակից սկսած պրոֆեսորներ Վալդեմար Դելուգայի եւ Յոզեֆ Նաումովիչի ղեկավարությամբ գրվում են կուրսային, ավարտական, մագիստրոսական աշխատանքներ, ինչպես նաեւ դոկտորական թեզեր՝ հայագիտական տարբեր թեմաներով: Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է լեհահայերի Մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի արխիվը, որը գտնվում է համալսարանի հարեւանությամբ: Լեհաստանում հայ արվեստի ուսումնասիրության եւ հայագիտության զարգացման այս բոլոր քայլերին իր զեկույցում ամփոփ անդրադարձավ Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարանից երիտասարդ գիտնական Մագդալենա Պիեչիկը:

Դոկտոր Կատարժինա Նովակ-Կոմարը (Լոնդոն) ներկայացրեց 17-րդ դարում հայկական գաղթավայրերում՝ մասնավորապես Ղրիմում, Կ. Պոլսում, Նոր Ջուղայում եւ Լեհ-լիտվական պետության մեջ ստեղծված նկարազարդ ձեռագրերում կիլիկյան մանրանկարչական ոճի դրսեւորումները: Բանախոսը իր քննության առարկան էր դարձրել հիմնականում զարդանախշերը, խորանները, անվանաթերթերը եւ լուսանցազարդերը: Գիտաժողովին ներկա էր նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաքից հայազգի անկախ հետազոտող, արվեստի պատմաբան Բեաթրիս Թոլիջյանը, որի զեկուցումը վերաբերում էր հյուսիս-արեւելյան Մակեդոնիայում 16-17-րդ դդ. հայերի ներկայությանը եւ հայկական եկեղեցիների ճակատների ձեւավորմանը: Փաստագրական նյութը հենված էր 16-րդ դարի թուրքական հարկային գրանցամատյաններից, ինչպես նաեւ 16-17-րդ դդ. Օսմանյան կայսրությունում եւ, մասնավորապես, Բալկաններում, հայերի ունեցվածքի գույքագրմանն առնչվող փաստաթղթերից վերցված տեղեկությունների վրա: Իր նշանակությամբ չափազանց կարեւոր էր Հունգարիայի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի դասախոս Պիտեր Պալ Կրանիցի զեկուցումը Գեռլայից (Ռումինիա) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գողացված հայ արվեստի գանձերի եւ դրանց հետագա ճակատագրի մասին: Բոխումի Ռուհր համալսարանի ասպիրանտ Նիկոլետ Ցեզարը ներկայացրեց իր ուսումնասիրությունը Հունգարիայի հայկական թանգարանի վերաբերյալ: Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրող, Լվովի Գեղարվեստի ակադեմիայի դոկտոր Իրինա Հայուկը անդրադարձավ Լվովի հայկական Տիրամոր ննջման տաճարի մի քանի սրբապատկերների որոշարկման հարցերին:

Բելառուսից քարտեզագետ, դոկտոր Ռուբեն Աթոյանի զեկուցումը վերաբերում էր Մխիթարյան միաբանության քարտեզագրական ժառանգությանը: Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի եւ Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի դոկտոր Մագդալենա Տարնովսկան իր զեկուցման համար որպես նյութ ընտրել էր լեհահայ գեղանկարիչ Ռաֆալ Հաջիեւիչի (1803-1886թթ.) կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը: Լինքոլնի համալսարանի դոկտոր Էլիսոն Ուարթոնի զեկուցումը վերաբերում էր 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Լոնդոնի տարբեր աճուրդային տների ու թանգարանների ղեկավարության հետ իսլամական ու հայկական արվեստների գործերի առք ու վաճառքով զբաղվող հայազգի նշանավոր հնահավաքներ Տիգրան Խան Քելեքյանի եւ Հակոբ Գեւորգյանի ունեցած նամակագրությանը: Հայոց ցեղասպանությունից, ինչպես նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հայեր բնակություն հաստատեցին Հունաստանում: Դոկտոր Թեմիստոկլիս Պապադոպուլոսը (Հունաստան) անդրադարձավ Հունաստանի հայկական համայնքի դեմոգրաֆիական, կրոնական, կրթական եւ լեզվական խնդիրներին, ինչպես նաեւ հունական հասարակության մեջ հայերի գրաված դիրքին: Թեսալոնիկի Արիստոտելի համալսարանից Իոանա Միրչան գիտաժողովում ներկայացրեց զեկուցում Թեսալոնիկի հայկական գերեզմանատան քանդակների վերաբերյալ: Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարանից երիտասարդ գիտնական Դոմինիկա Մակիոսի զեկուցումը նվիրված էր 1895-1939 թթ. լեհական մամուլում Հայաստանի եւ հայերի վերաբերյալ տեղ գտած պատկերազարդումներին:

Թեեւ լեհական պատկերազարդ ամսագրերը հիմնականում լուսաբանել են Լեհաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին վերաբերող թեմաներ, այդուհանդերձ, դրանք ուշագրավ են նաեւ «Արեւելյան հարցի», գլխավորապես Օսմանյան կայսրության վերաբերյալ տպագրված՝ «Հայկական հարցին» առնչվող նյութերի տեսանկյունից: Ի դեպ, լեհական մամուլում հայկական թեմաներին վերաբերող պատկերներն առաջին անգամ են դառնում ուսումնասիրության թեմա եւ ներկայացվում: Հայկական գաղթօջախների արվեստը եւ ընդհանրապես հայ արվեստի գանձերը ու դրանց ուսումնասիրությունը միշտ եղել են օտար մասնագետների ուշադրության կենտրոնում: Ուրախալի է այն փաստը, որ այս հետաքրքրությունը ոչ միայն չի մարում, այլ աստիճանաբար իր շուրջն է գրավում էլ ավելի մեծ թվով ուսումնասիրողների եւ, հատկապես, երիտասարդների, որոնք իրենց կարեւոր ներդրումը կունենան հայ արվեստն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում:
ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ Հայ արվեստի
պատմության եւ տեսության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի դասախոս

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031